Մեղադրանքների տոպրակը բացվում է


 

Ընդամենը մի քանի օր է` Սարկոզին վայր է դրել լիազորությունները, ու կարծես արդեն սկսվում է մեղադրանքների տարափը նրա և նրա մերձավորների հասցեին:

Ընտրությունների 2-րդ փուլի նախօրեին տարածվեց Սարկոզիի հեղինակությունը ոչնչացնող մի տեղեկատվություն, թե առաջին ընտրարշավի համար նա մեծ գումար էր վերցրել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիից: Սարկոզին խոստացավ դատական պատասխանատվության կանչել այդ «հերյուրանքի» հեղինակներին: Չհասցրեց ու պարտություն կրեց: Հիմա էլ նրա մերձավոր խորհրդականի անունն է շոշափվում` փողեր «լվանալու» մեղադրանքով:

Թիերի Գոբերը Սարկոզիի հետ աշխատել է 1983-ից` երբ վերջին Նեյն-սյուղ-Սենի քաղաքապետն էր: Հետաքննությունը հիմքեր ունի կարծելու, որ Գոբերը փողեր է լվացել երբեմնի վարչապետ Էդուար Բալադյուրի նախագահական քարոզարշավում: Այդ ժամանակ, սակայն, հաղթել էր Ժակ Շիրակը:

Մեքենայություններն այս երկրում վաղեմության ժամկետ չունեն: Դժվար է ասել, թե ինչո՞ւ հատկապես հիմա է այդ գործը հետաքրքրել իրավապահներին: Եվ Գոբերից առանձին ապրող նրա կինը` Էլեն Գոբերը, հաստատել է, որ ամուսինն այն ժամանակ Շվեյցարիա է մեկնել զենքեր վաճառող Զիադ Տակիեդինի հետ, որպեսզի այնտեղ կանխիկացնի նախագահական քարոզարշավի ֆինանսական միջոցները:

Թիերին այդ մեղադրանքն «անհեթեթություն» է անվանել` հավելելով, թե «չէր կարող ծախսել այն փողերը, որոնք երբեք իր ձեռքում չեն եղել»:

Ինչ վերաբերում է Սարկոզիին, ապա նա ևս հավանաբար ստիպված կլինի ցուցմունք տալ իր խորհրդականի գործով: Նախագահական լիազորությունները վայր դնելու օրից 1 ամիս` մինչև հունիսի 15-ը, նա պաշտպանված է դատական հետապնդումներից: Բայց դրանից հետո նա ևս դատականչ կստանա: