Թմրամիջոց գերեզմանոցում


 

Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչներ` 24-ամյա Էդիկ Հակոբյանն ու 23-ամյա Վրույր Մարկոսյանը ազգականներ են: Երկուսն էլ գյուղատնտեսությամբ էին զբաղվում. ջերմոցներում ծաղիկ էին մշակում: Սակայն ինչպես հետագայում ոստիկանությունում պարզ դարձավ` բացի ազգակցական կապից ու նույն գործով զբաղվելուց, մի բան էլ կար, որ նրանց միավորում էր. ծաղիկներից բացի մի բույս էլ կար, որի նկատմամբ երիտասարդ բարեկամ-գործընկերները անտարբեր չէին:

Ուշ երեկոյան, իբր կարևոր գործով, տաքսիով հարևան գյուղ էին գնացել: Գործն ավարտելուց հետո, սակայն, վերադառնալ չէին հասցրել, քանի որ ժամը 01.00-ի սահմաններում ոստիկանները Վրույրին ու Էդիկին հիշյալ տաքսիով բերման էին ենթարկել բաժին:

Նրանց այլ բան չէր մնում, քան պատմել իրականությունը: Պարզվեց, որ կեսօրին Էդիկը հարևան գյուղի դաշտում կանեփի բույս էր տեսել: Անտարբեր չէր մնացել: Արագ աղբանոցից մի պարկ էր գտել, կանեփի զանգվածը մեջը լցրել ու, պարկը գերեզմանոցում մի հարմար տեղ թաքցնելով, վերադարձել էր գյուղ: Մի քիչ սպասել էր` մինչև մութը կընկներ և որոշել էր գնալ «թանկարժեք գտածոյի» հետևից: Տաքսի էր կանչել ու ճանապարհ ընկել: Ճանապարհին հանդիպել էր Վրույրին ու առաջարկել իրեն միանալ: Հասել էի գերեզմանոց, Վրույրը մեքենայի մեջ էր մնացել, իսկ Էդիկը իջել էր մեքենայից ու կարճ ժամանակ անց վերադարձել, բայց ոչ դատարկաձեռն: Վրույրը, տեսնելով Հակոբյանին պարկը ձեռքին, հետաքրքրվել էր վերջինիս պարունակության մասին: Էդիկն էլ, հավանաբար փորձել էր կատակել` պատասխանելով, թե պարկի մեջ թութակի կեր է լցված:

Ոստիկանության բաժնում տաքսին մանրազնին խուզարկության ենթարկվելով` ավտոմեքենայի ձախ նստելատեղի տակից հայտնաբերվել էր պոլիէթիլենային պարկը: Ու դժվար չէ ենթադրել, որ դրա մեջ ոչ թե թութակի կեր էր, այլև մոտ 135 գրամ կանեփի զանգված: