ՀԱՅԵՐԸ ԵՐԳԵԼՈՒ ԷԻՆ ԲԱՔՎՈՒՄ ԵԹԵ ԱԼԻԵՎԸ ՉԽՈՍԵՐ


 

Մեր թերթն անդրադարձել է այն խնդրին, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթը կազմակերպող Հեռարձակողների եվրոպական միությունը տուգանել է Հայաստանին` Բաքվում կայանալիք Եվրատեսիլ 2012-ին մասնակցությունից հրաժարվելու համար: «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, հավանաբար չկարողանալով հանդուրժել հրապարակավ հնչող ճշմարտությունը, փորձել է ամեն ինչ քողարկել մտացածին մեկնաբանությունների քողի տակ:

Եվրոպական հեռարձակողների միության որոշմամբ, Հայաստանը պարտավոր է վճարել Բաքվում կայանալիք Եվրատեսիլին մասնակցության փողը, դրա կեսի չափով էլ տուգանք վճարել ու ամբողջությամբ` առանց ընդհատման, հեռարձակել Բաքվի Եվրատեսիլը:

Այս տեղեկությունը ցավ ու զայրույթ հարուցեց: Ու նաև առաջին հերթին ափսոսանք` որ այս միությունն, այնուհանդերձ, շատ հաճախ քաղաքականացնելով մրցույթները և անցնելով «ուժեղների» կողմը` չի փորձել հասկանալ կատարվածը, չի փորձել ընկալել այն պարզ ճշմարտությունը, որ արվեստի գերխնդիրը մարդասիրության սկզբունքների հաստատումն է:

Մենք նաև ցավ ենք ապրում, որ մեր բյուջեից հսկայական գումարներ են մսխվելու այն պատճառով, որ ժամանակին Հանրայինի տնօրինությունը և «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը շրջահայաց ու հետևողական չեն եղել: Ավելին, նրանք արհամարհել են մեր զգացումներն ու ազգային արժանապատվությունը և շարունակել են մնալ այն համոզմունքին, որ Հայաստանի մասնակցությունը պարտադիր է: Մեր այս մտորումներին օրերս միացավ նույն Գոհար Գասպարյանը` հայտարարելով.

- Ինչպես գիտեք` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ցանկություն ուներ մասնակցելու և հայտ էր ներկայացրել, թեև Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտին: Սակայն համբերության բաժակը լցվեց, երբ մրցույթի նախապատրաստական աշխատանքներից առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ աշխարհի հայերը նրանց թիվ մեկ թշնամին են: Սա վերջին կաթիլն էր, որից հետո իրեն հարգող ոչ մի պատվիրակություն չէր կարող մեկնել Բաքու: Մեր այս որոշմանը հետևեց Եվրոպական հեռարձակողների միության որոշումը, որից երևում է, որ մեր բոլոր արգումենտները նրանց համար հասկանալի են: Մեր մասնակցության գումարը ինքն իրենով սիմվոլիկ գումար է: Այս ամենը կանոնակարգը պահպանելու միտում ունի, ոչ թե` պատժելու: Եվ քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը չի հրապարակել այդ թվերը, մենք կոռեկտ չենք համարում որևէ հրապարակում անել դրա հետ կապված:

Ստացվում է, որ եթե Իլհամ Ալիևը հայտարարություն չաներ հայերի մասին` հայ երգիչները պիտի գնային մի քաղաք, ուր տասնյակներով հայեր են սպանվել, հրկիզվել, անդամահատվել, որտեղից վտարվել է 300 հազարից ավելի հայ: Գնալու ու երգելու էին` տրվելով շոուի խրախճանային տրամադրություններին: Պարզվում է նաև, որ Բաքվի մրցույթին մասնակցելու վճռականություն ունեցող հայկական պատվիրակության ղեկավարը չի մտածել իրեն հարգելու մասին և այդ մասին հիշել է միայն այն ժամանակ, երբ Ալիևն ասել է, որ աշխարհի բոլոր հայերն իրենց թշնամիներն են:

Հետաքրքիր տրամաբանություն է ստացվում, այնպես չէ՞... Քծնանքի հանդես սարքելով Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարների առջև` Գոհար Գասպարյանն ասում է, թե «մեր բոլոր արգումենտները նրանց համար հասկանալի են»: Եթե հասկանալի լինեին, ապա տուգանք չէր սահմանվի, Հայաստանին չէր պարտադրվի հեռարձակել Բաքվում կայանալիք մրցույթը: Եթե Գոհար Գասպարյանի համար հաճելի կլինի նստել տանը և «զմայլվել» Բաքվի Եվրատեսիլով, որի խորհրդանիշ-հոլովակի վրա ներկայացված է Շուշին` որպես ավանդական ադրբեջանական քաղաք, ապա նրան բարի ժամանց ենք մաղթում: Սակայն հազիվ թե հատկապես հիմա, երբ փառքով նշեցինք Շուշիի ազատագրման 20-ամյակը, ցանկություն ունենանք տեսնել, թե ինչպես են եվրոպական երկրներ առաքվում ադրբեջանական ներկայացվող Շուշիի տեսապատկերները: Գոհար Գասպարյանը սիմվոլիկ գումար է համարում տուգանքի չափը և ոչ կոռեկտ` դրա չափի հրապարակումը: Եթե մոտ 100 հազար եվրո գումարը Գոհար Գասպարյանի համար սիմվոլիկ է, ապա պատրաստ եմ հայցել նրա ներողամտությունը: Բայց միթե հարկատուներս իրավունք չունենք իմանալու, թե մեր հարկերի հաշվին ապրող հեռուստաընկերությունն ինչքա՞ն գումար է պարտավոր վճարել որպես տուգանք, թե ինչո՞ւ են անտեղի վատնվում այն գումարները, որոնք խլվում են արվեստագետներից և կենսաթոշակառուներից...

Եվրատեսիլյան խարդավանքների մեջ ներքաշվածների համար գուցե կարևոր չլինեն երկրի շահերը, հարկատուների միջոցները, սակայն հանրության շարքային անդամներիս համար դրանք չափազանց կարևոր են: Ավելին, եթե Գոհար Գասպարյանը համոզված է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը հասկացել է մեզ, ապա տարօրինակ չէ՞, որ «հասկանալուց» հետո տուգանել է: Ուրեմն, եկեք միանանք բոլորով և դատի տանք այս ընկերությանը` պահանջելով վերացնել տուգանքի սանկցիան և Հայաստանն ազատել Բաքվի շոուն ցուցադրելու պարտավորությունից: Բայց համոզված եմ, որ նույն Գոհար Գասպարյանն ու Հանրայինի ղեկավարությունը երբեք չեն գնա այս քայլին, որովհետև «Եվրատեսիլն» էլ ինքնատիպ կերատաշտ է, որից միշտ օգտվում են ոմանք:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ