ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ


 

Մայրաքաղաքի «Սիլաչի» կոչվող թաղամասի շուկան ձկան առևտրի ամենամեծ հանգրվաններից է: Այստեղ ձկան մի քանի խանութներ կան` բոլորն էլ հակասանիտարական ահավոր պայմաններով, առանց համապատասխան ցուցանակների: Միայն դրանցից մեկի վրա է կախված «Ձկնեղեն» ցուցանակը, ուր, բացի խեցգետնից, ուրիշ ոչինչ չկա: Իսկ այն խանութ կոչվածներում, որտեղ իրականացվում է ձկան առևտուրը, անհնար է գտնել գոնե մեկ գնապիտակ` տեղեկանալու համար, թե ի՞նչ ձուկ է վաճառվում և ի՞նչ գնով: Ավելին, կշեռքներն էլ տեղադրված են գնորդի աչքից հեռու, վաճառողները թափով կշռաթաթի վրա են նետում ձուկը, ապա «կրակում» վճարելիք գումարը` այդպես էլ չտեղեկացնելով, թե, այնուամենայնիվ, ի՞նչ արժե ձկան գինը:

Մեր հարցումներին, թե որքա՞ն արժե իշխան հորջորջվող ձուկը և ինչու գնապիտակներ չկան, խանութի տեր ներկայացած տարիքով մարդը բավական կոպիտ հայտարարեց, թե ձուկը նոր են ստացել, չեն հասցրել գնապիտակներ տեղադրել. դրանք վաղը կտեղադրեն… Առավել տարօրինակ պատասխան անհնար էր լսել: Անհնար էր նաև տեղեկանալ, թե ինչո՞ւ չեն տրվում կտրոններ: Այդ խանութի տիրոջ կատաղությունը հասավ իր բարձրակետին, երբ փորձեցինք տեղեկանալ, թե ինչո՞ւ է կշեռքը դրված գնորդների աչքից հեռու:

Մեր բախտը բերեց, որ չարժանացանք այդ մարդու բռունցքների «ողջագուրումին»: Մյուս երեք խանութներում էլ գնապիտակներ չկային, տեղեկություն չկար ձկնատեսակների մասին: Դե, ՀԴՄ-ների մասին խոսելն էլ ավելորդ էր:

Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս շուկայից օրական մի քանի հարյուր մարդ է օգտվում, մի քանի հարյուր մարդ ձուկ է գնում` այդպես էլ տեղյակ չլինելով տեսակի և գների մասին: Արտաքուստ կարող է թվալ, թե այս ամենն անտարբերության արդյունք է: Սակայն պարզ է, որ այս «անտարբերության» տակ առավել «լուրջ բաներ» են պահված, որ ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ խանութներ ու կրպակներ այստեղ չեն առնչվում հարկային դաշտի հետ, որ արհամարհվում են սպառողների իրավունքները` նույն պահին հարստացնելով նրանց, ովքեր այստեղից եկած գումարներով տռզենում են իրենց գրպանները:

Տնտեսագետները հաշվարկել են, որ Հայաստանը կարող է աշխարհի ամենաբարվոք ապրող երկրների շարքում լինել` եթե պայքար տարվի «ստվերի» դեմ, եթե տնտեսվարող ամեն մի սուբյեկտ իր պարտքը համարի հարկեր վճարել, չթաքցնել իրական եկամուտները: Իսկ մեզ մոտ գրեթե համատարած կերպով խուսափում են հարկերից և եկամուտների իրական ծավալները ներկայացնելուց: Հասկանալի է, որ ոչ ոք դուրս չի մնում «ուշադրությունից», սակայն այս դեպքում այդ «ուշադրությունը» ոչ թե հօգուտ պետական բյուջեի է, այլ` ոմանց, որոնք մեր հանրապետությունում փոքր թիվ են կազմում: Մինչդեռ պնդողներ կան, որ նրանց ունեցած ֆինանսական միջոցներով առնվազն տասը տարի կարելի կլինի պահել Հայաստանը:

Լ.Մ.