ԴՐԱՄՆ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ Է, ԳՆԱՃԸ` ՍԱՍՏԿԱՆՈՒՄ


 

Հայկական դրամը հետևողականորեն արժեզրկվում է: Ազգային արժույթի շարունակական հետընթացը ինչ-որ առումով կարելի է հետընտրական օրինաչափություն համարել: Համենայն դեպս, ակնհայտ է, որ մայիսի 6-ից հետո դոլարի «վարքագիծը» շատ ավելի «ագրեսիվ» դարձավ, ու ամերիկյան փողը շատ ավելի որոշակիորեն բռնեց վերելքի ուղին:

Տարբեր գնահատականներով` նախընտրական շրջանում հայրենի քաղուժերն ու մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածուները մի քանի հարյուր միլիոն դոլար են հատկացրել նախընտրական ծախսերին, ինչը ենթադրում է, որ մի քանի շաբաթ շարունակ ամեն օր զգալի քանակությամբ արտարժույթ է հայտնվել շուկայում` դրամի վերածվելով ու, ինչպես նշեցինք, նախընտրական ծախսերին ուղղվելով: Պատահական չէ նաև, որ Կենտրոնական բանկն այդ շրջանում արտարժույթի շուկայի հնարավոր անցումների հանդեպ բավական անտարբեր է: Մինչդեռ վերջին օրերին դրամատունը ջանք չի խնայում դոլարի վերելքը զսպելու ուղղությամբ ու այդ նպատակով անընդհատ ավելի ու ավելի մեծ քանակությամբ դոլար է «բաց թողնում» արտարժույթի շուկա: Ակնհայտ է սակայն, որ նույնիսկ ԿԲ-ի միջամտությունը գործին չի օգնում, թեև եթե դա էլ չլիներ, ապա դրամի արժեզրկումը միգուցե շատ ավելի արագ տեմպերով ընթանար:

Իրենց հերթին նման զարգացումմերը վկայում են, որ պաշտոնական վիճակագրությունը նույնպես իրականությունը լիարժեքորեն չի արտահայտում: Ամեն դեպքում պարզ է, որ տրանսֆերտների աճը փաստող թվերն արդեն իսկ տեղական շուկայում դոլարային ավելցուկ ու որպես դրա հետևանք` դոլարի կուրսի անկման պետք է հանգեցրած լինեին: Դրսի օգնությունների ծավալային աճը մատնանշող տեղեկություններ այս տարվա ընթացքում բազմիցս են հրապարակվել: Բայց դժվար չէ վերհիշել, որ դոլարն սկսեց թանկանալ հենց Ամանորից առաջ (այն դեպքում, երբ ամեն տարեմուտից առաջ այն էժանանում էր) և վերելքը շարունակեց նախորդող բոլոր ամիսներին: Այսինքն, հիմնազուրկ չեն պնդումները, թե այս անգամ արտարժույթի շուկայի ցնցումները ոչ միայն դուրս էին կանխատեսումների շրջանակներից, այլ նաև լրիվ անտրամաբանական են:

Որպես կանոն` ամենաանցանկալի հետևանքը, ինչը նախորդ տարիներին մշտապես զուգորդվել է դրամ-դոլար անհավասար հակամարտությանը, գնաճն է: Ներկրող երկիր լինելու հանգամանքն օգտագործելով` հայրենի գործարարները մշտապես արդարացել (՞) են, թե անհնար է ապրանքների (ինչու չէ նաև ծառայությունների) գներն անփոփոխ թողնել, երբ դրսում իրենք դոլարով են վճարում: Իսկ տեղական շուկան, որպես կանոն, միանգամից է արձագանքում դոլարի վերելքն, ու գնապիտակները գրեթե միաժամանակ են փոփոխվում: Դիցուք, վերջին օրերի արտարժույթային աժիոտաժն արդեն իսկ գնաճային դրսևորումներ է ունեցել, ու բազմաթիվ ապրանքատեսակների գներ վերանայվել են: Առաջիկայի վերաբերյալ ենթադրություններ անելն այսուհանդերձ դժվար է, քանի որ ամեն ինչ պայմանավորվում է դոլարի հետագա վարքագծով: Իսկ այդ վարքագիծն, ինչպես միշտ, անկանխատեսելի է: