ՀԱՂԹԱՆԱԿ, ԹԵ՞ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ


 

Հայ քաղաքագետներից շատերին թվում է, թե իրենք ամենագետ իմաստուններ են, իսկ հասարակությունն էլ դեռ դուրս չի եկել զանգեզուրյան քարանձավներից, ուստի ինչ ասում են` տրամաբանության հաղթանակն է և նվաճում քաղաքագիտության մեջ: Այսպես, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը հայտարարել է, որ ձևավորվելիք կառավարությունը լինելու է ժամանակավոր, ինչը պարտություն է հենց քաղաքական համակարգի համար: Տրամաբանությունն ու բանականությունը հուշում են, որ ձևավորվելիք կառավարությունը հենց ժամանակավոր պիտի լինի, քանզի 2013-ի փետրվարին, այսինքն, նոր կառավարության ձևավորումից 9 ամիս անց տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում էլ ձևավորվելու է նորը: Դա է պահանջում Սահմանադրությունը, այդպես են վարվում աշխարհի բոլոր նախագահական, վարչապետական և պառլամենտական պետությունները: Եթե հիմա նոր կառավարություն չձևավորվի` կհայտարարենք, որ խախտվում է ժողովրդավարական համակարգը: Եթե նոր կառավարություն չձևավորվի նախագահական ընտրություններից հետո, նույն քաղաքագետները կասեն, թե ոտնահարվում է սահմանադրական դրույթը: Ուրեմն, մեր քաղաքագետներն ուզեն թե չուզեն` այս կառավարությունը գործելու է 9 ամիս, իսկ դրանից հետո ձևավորվելու է նորը` գուցե նույն կազմով: Իսկ քաղաքական համակարգն այս դեպքում ոչ թե պարտվում, այլ շահում է: