ԱՅՍՊԵՍ Է ՍՏԱՑՎՈՒՄ


 

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանի` զբաղեցրած պաշտոնից ազատվելու փաստը շատերին է մտահոգել: Հրապարակայնորեն մեկնաբանելով ազատման փաստը, նախարարությունն այսպիսի միտք է զետեղել իր ծավալուն մեկնաբանության մեջ.

- Նամակագիրներից ոմանք հրապարակավ կարծիք են հայտնում, թե Ս. Հարությունյանն ազատվել է աշխատանքից նախարարի կամայականության պատճառով` աշխատանքային միջադեպը տեղափոխելով անձնական դաշտ: Ստիպված ենք հիշեցնել, որ տկն. Հարությունյանն այն սակավաթիվ մարդկանցից է, ում նախարարություն վեց տարի առաջ աշխատանքի է հրավիրել նախարար Հասմիկ Պողոսյանը` որպես խորհրդական: Արդյո՞ք նախարարի հետ անձնական խնդիրներ ունեցող աշխատակիցը կարող էր մեկ տարվա ընթացքում գործուղման մեկնել Քուվեյթ, Շվեյցարիա, Չինաստան, ինչպես նաև տարեկան երկու անգամ իր ուսումնական արձակուրդ-գործուղումն անցկացնել Գերմանիայում:

Ստացվում է, որ այս նախարարությունում մարդիկ գործուղումների են մեկնում կամ ուսումնական արձակուրդից օգտվում բացառապես այն դեպքերում, երբ նախարարի հետ ունեն լավ հարաբերություններ: Իսկ եթե չունեն, անկախ իրենց պարտականությունների կատարման անհրաժեշտությունից` զրկվում են արտասահմանյան գործուղումներից: Մենք գիտեինք, որ նախարարի հետ վատ հարաբերություններ ունեցող արվեստագետները զրկվում էին պետպատվերի շրջանակում գրքեր տպագրելու, ստեղծագործություններ բեմադրելու, անգամ հուղարկավորությունների ժամանակ դամբանական ասելու հնարավորությունից, իսկ հիմա մեր «գիտելիքների պաշարը» մի դրույթով էլ ավելացավ: