Ամենակարևորն ազատություններն են


 

Խորհրդարանական ընտրություններից հետո տարբեր պաշտոններում նոր նշանակումների մասին տարատեսակ լուրերի շրջանառությունը դեռ կշարունակվի` առնվազն մինչև նոր կառավարության ձևավորումը: Բացի այդ, կարծիքներ են հնչում և առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելիք թեկնածուների վերաբերյալ: Այդօրինակ լուրերից էր Հանրապետության նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու` «Ժառանգությունից» Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ մտադրության մասին լուրը:

Ձեր կարծիքով ինչո՞ւ են շրջանառվում նմանօրինակ լուրեր: Ընդորում, ասվում է, թե Դուք մտադիր եք հրաժարվել պատգամավորի մանդատից:

Թե ինչու են նման լուրեր տարածում` պետք է դրանք տարածողներից հարցնել: Համենայն դեպս, հեղինակը ես չեմ: Իսկ պատգամավոր լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեկ այլ ընտրովի պաշտոնում թեկնածություն առաջադրելուն: Եվ մեկը մյուսին եթե չի խոչընդոտում, հետևաբար այս հարցը դուրս է գալիս օրակարգից, հատկապես հաշվի առնելով, որ այս պահին արտահերթ նախագահական ընտրությունների մասին խոսք չկա:

Ես շատ եմ ցավում, որ մասնավորեցվում, կենցաղայնացվում է մանդատից հրաժարվելու խնդիրը, որովհետև ավելի շատ պետք է խոսվի, թե ինչ տեղի ունեցավ մայիսի 6-ին, պետք է խոսվի, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել բոլորս: Այնինչ հասարակությունը խոսում է մասնավոր դեպքերի մասին, փորձում շահարկել առանձին անձանց անունները` բամբասանքի առարկա դարձնելով: Շատ եմ ցավում այս ամենի համար: Մամուլը չպետք է բամբասանքներով զբաղվի. նրա դերը պետք է լինի առկա զարգացումների վերաբերյալ վերլուծություններ կատարելն ու գնահատելը, հասարակական կարծիք ձևավորելը: Իսկ նախագահական ընտրություններին մասնակցության, թեկնածուների առաջադրման հարցերը կուսակցության ներսում քննարկվելիք հարցեր են: «Ժառանգությունը» ծանրակշիռ քաղաքական ուժ է, որը նման լուրջ հարցերի շուրջ որոշումները կայացնում է կոլեգիալ ձևով` հաշվի առնելով իր կառույցներից եկող առաջարկները և հասարակության առջև ծառացած խնդիրները:

Մի խոսքով, այդպիսի լուրերը շրջանառության մեջ դրվում են որոշակի շրջանակների կողմից և ունեն պատվիրատուներ, որոնց նպատակն է շոշափել մեր տրամադրությունները: Նաև ցանկանում են իմանալ, թե հասարակությունն ինչպես կարձագանքի նմանատիպ լուրերին:

Հասարակությունը Ձեզ ճանաչում է որպես քաղաքացիական իրավունքները պաշտպանող պատգամավոր: Ի՞նչ եք կարծում, վերջին ժամանակներում ակտիվացող քաղաքացիական նախաձեռնություններն արդյո՞ք կարող են որոշակի դերակատարություն ունենալ մեր ներքաղաքական կյանքում:

- Շատ ողջունելի են բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները և քաղաքացիական կեցվածքն ընդհանրապես: Ամենակարևորը Հայաստանում լիարժեք քաղաքացի ունենալն է, ինչն այս 20 տարիների ընթացքում մեզ չի հաջողվել: Մայիսի 6-ին, օրինակ, ընտրակաշառք վերցրած և մի քանի տեղամասերում քվեարկածներն իրենց լիարժեք քաղաքացի չէին զգում: Որովհետև լիարժեք քաղաքացու արժևորումը մեզանում դեռևս գոյություն չունի: Սա է ամենակարևոր խնդիրը: Իսկ քաղաքացիական նախաձեռնությունների գոյությունն, իհարկե, ողջունելի է և կարևոր, բայց քաղաքականությունը ձևավորվում ու կայանում է ինստիտուցիոնալ կառույցներում:

Եվ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր պատգամավորական գործունեությունն արդեն նոր խորհրդարանում:

- Ազատություններն ամենակարևորն են, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բացակայում են, և մենք մեզ դեռ չենք զգում ազատ պետության ազատ քաղաքացի: Մենք կարծես դեռ դուրս չենք եկել այն վիճակից, երբ ժամանակին օսմանյան կայսրությունն էր, հետո ռուսականը: Այդ անցյալի զգացողությունը պետք է թոթափենք և հասկանանք, որ սա մեր պետությունն է, և յուրաքանչյուրս մեր ներդրումը պետք է ունենանք: Մեր բոլոր ձեռնարկումները պետք է միտված լինեն ապագային: Եթե յուրաքանչյուրս մեր տեղում այդպես մտածենք ու վարվենք` օրվա շահի հետևից վազելու փոխարեն, ապա իրոք` սարեր կարող ենք շարժել: Նոր խորհրդարանում կհամագործակցենք բոլոր նրանց հետ, ովքեր ցանկություն կունենան իրապես ներկայացնել մեր քաղաքացու շահերը: Սա բոլորիս խնդիրն է: Քարոզարշավի ընթացքում շատ էի ցավում, երբ Արաբկիր համայնքում բազմաբնակարան շենքերում տեսնում էի փակ դռներով բնակարաններ, որոնց տերերը բացակայում էին Հայաստանից: Սա համայն հայության մայրաքաղաքն է. ինչպե՞ս կարող է պատահել, որ բնակարանները դատարկ լինեն, կամ բնակարանի սեփականատերը կամ վարձակալը պարսիկ լինի: Ինձ համար սա շատ մեծ ցավ է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ