Լույսի աղբյուրը


Պարույր Սևակը իր ժամանակի ամենախիզախ ու ամենահամարձակ երևույթներից էր, մարդասիրության տեսանկյունից հավասարը չունեցող, մեծ ու հանճարեղ բանաստեղծ: Դժվար է գրել Պ. Սևակի մասին, անչափ դժվար: Ձեռքս դողում է ակնածանքից ու պատկառանքից առ հանճարեղ պոետը, բառերն անհետանում են մի պահ... Սակայն ինչպե՞ս չգրել ու չխոսել մի մարդու մասին, որը մարդկայինի, լույսի, ճշմարտության ու հայրենասիրության մարմնացում է: Եվ երբ սկսում եմ գրել, ես ուժեղանում եմ, «ատում եմ խավարը», «դառնում եմ անտարբերության թշնամին» և «զինվում լույսով»: Բանաստեղծը ողջ կյանքում ապրել է ազնիվ ու բարի, մաքուր, խոսել է ճշմարիտ և լույս շաղ տվել մարդկանց ու աշխարհի վրա` դրանցով իսկ վարակելով հանուր մարդկությանը: Պ. Սևակի պոեզիան հենց իր իսկ ապրած կյանքի արտացոլումն է: Նրա գործերը համամարդկային նշանակություն ունեն և գրված են պատմափիլիսոփայական խորը ըմբռնումով: Բանաստեղծի ստեղծագոր ծության կենտրոնում կանգնած է մարդը` իր ամբողջ հուզական աշխարհով, զգացմունքներով ու ապրումներով, իր թերություններով և արժանիքներով: Պ. Սևակը գովերգում է մարդուն և նրան սովորեցնում ու ստիպում է. «Ապրե¯լ, ապրե¯լ, այնպե°ս ապրե¯լ, // Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը: // Ապրե¯լ, ապրե¯լ, այնպե°ս ապրե¯լ, // Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը»: Պ. Սևակի գործերը երբեք չեն հնանա, դրանք մարդկայինի մասին են, հայոց Եղեռնի և արդիական են այսօր: Իսկ մարդկայինն ու պատմությունը երբեք չեն մոռացվում: Բանաստեղծի ստեղծագործության ղողանջները անմար են, անդադար, անընդհատ, մարդի°կ, ակա°նջ դրեք Պ. Սևակի զանգին: Լինելով բարձրարժեք, հրաշալի, ճշմարիտ ու ինքնատիպ ստեղծագործությունների հեղինակ` Պ. Սևակը մնացել է միշտ համեստ և հասարակ, ինքն իրեն հավատարիմ. Խոստանում եմ Լինել ո°չ թե հարկահավաքը, Այլ զավա¯կը Դժվար դարի, Ինչպես նրան` և ինքս ինձ Հավե¯տ մնալ հավատարիմ... Բանաստեղծի մահվանից անցել է 37 տարի: Սակայն նրա ստեղծագործական հզոր ժառանգությունը անգնահատելի է նաև նոր ժամանակների պատմահասարակական ու գրական-գեղարվես տական մտքի զարգացման համար: Նա իր լուսապայծառ մտածողությամբ ու հանճարեղությամբ իր ժողովրդի հետ է` որպես լույս այս դժվար դարում: Նարեկ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ Պատմաբան