«Անտեղյակ վանականի» հոգեբանությամբ


Օրերս, երևի թե երևանաբնակների բազմաթիվ բողոքների և, միանշանակ, Նախագահի գործնական պահանջների արդյունքում` նաև քաղաքաշինության ոլորտում օրենքի շրջանակներում աշխատելու միտում է նկատվում£ Մասնավորապես` մայրաքաղաքի արտաքին տեսքը անողոքաբար ձևախեղող, տարաճաշակության խառնուրդ դարձնող և ոմանց գրպանների համար եկամտաբեր ձեղնահարկերի թեման վաղուց և շատերին է մտահոգել£ Քաղաքապետարանն էլ վերջապես սկսեց մտահոգվել£ ՃՔ վարչության պետ և Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը նույնիսկ բարձրաձայնում է, որ 4-5 հարկանի շենքերի վրա թույլատրելի է միայն ձեղնահարկ ավելացնել և ո°չ թե մեկ ամբողջ հարկ£ Չթույլատրված հարկաճի պարագայում` անհրաժեշտ է շենքը կրող կառույցների հիմնավոր ամրացումը, ինչն էլ երբեմն անհնարին է£ Մայրաքաղաքի դեմքի նկատմամբ հոգատարությունից արդեն անմասն չի մնում նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը£ Վերջինիս հավաստմամբ` ¬ Մի բան հստակ դրված է երկրի բարձրագույն իշխանության, Երևանի քաղաքապետի կողմից. օրենքի առջև բոլորը հավասար են£ Ոչ ոք այլևս չի կարող ազդել քաղաքապետարանի և քաղաքային իշխանությունների վրա£ Կոշտ վարչարարությունը հավասարապես վերաբերելու է ամենքին£ Նրանք` ովքեր չեն ենթարկվի օրենսդրության պահանջներին, կենթարկվեն օրենքով նախատեսված բոլոր պատժամիջոցների` ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն£ Ամենակարևոր, անհանգստացնող խնդիրներից է բազմաբնակարան շենքերի մանսարդային հարկերի կառուցման աշխատանքները£ Քաղաքապետի կողմից տրվել է հանձնարարական` վերանայելու այն միջոցառումները կարգավորող որոշումները, որոնք վերաբերում են վերոգրյալ հարցին£ Դեպքեր կան, որ դառնում են անվերահսկելի, անուղղելի£ Ստացվել է մի իրավիճակ, որ ոչ ոք չի ուզում տեղեկանալ և տիրապետել իրեն վերապահված լիազորությանը£ Բոլորը բողոքում են, բոլորը պահանջում են£ Բոլոր կառույցները, ձեռքերը լվացած, իրենց տրված իրավասությունները չկիրառելով, մեկ տեղ են հղում իրենց պահանջը. քաղաքապետարան£ Այսուհետ, մանսարդային հարկերի կառուցումը միայն կարող է կայանալ տվյալ շենքի սեյսմակայունության, ամբողջ փորձաքննության լիարժեք արժանահավատ եզրակացության և սեփականատերերի համատեղ որոշման դեպքում£ Թույլ տվեք հարցնել` իսկ մինչ այս ո՞ւր էր նայում քաղաքապետարանը. ոչ պաշտոնավարողներն են փոխվել, ոչ էլ, մանավանդ` անվտանգության պահանջները£ Իսկ ապօրինությունները կարո՞ղ են վերացվել` դրանք թողտվողների կողմից… Գաղտնիք չէ, որ ընդհանուր օգտագործման տարածքում նոր քար տեղաշարժելիս` իսկույն կհայտնվեն քաղաքապետարանի, թաղապետարանի աշխատակիցները` իրենց պաշտոնական «ինքնահատուկ» անաչառությունը ցուցաբերելու£ Ուստի անհնար է, որ այն էլ բնակելի շենքի տանիքում նոր վերնահարկ կառուցվի` առանց հիշյալ օղակների (գոնե ներքին կարգով) համաձայնութ յան£ Ինչո՞ւ արատավոր գործընթացը չվիժեցնել դեռ սաղմնավորման ժամանակ£ Ո՞ւմ ինչին է դա վնասում£ Մինչ օրս եղած կոպիտ օրինախախտումների համար ովքե՞ր են պատասխանատվությունը կրելու (կամ` կրել)£ Դիցուք` հերթական ապօրինությունը, որը կապված է նաև կոռուպցիոն ռիսկի հետ£ Երևանի քաղաքապետարանը 11.05.07 թ. թիվ 18-8915-53 շինթույլտվությունն է տվել «Նանե-շոու բալետ» ՍՊԸ¬ին, իբր ձեղնահարկի վերակառուցման համար£ Այդ շենքը` Մոսկովյան 33«ա», նախագծել է մեր ճարտարապետության հենասյուներից մեկը` Ալեքսանդր Թամանյանը, որի բոլոր կառույցները համարվում են ընդհանուր բաժնային սեփականություն£ Նշյալ ՍՊԸ¬ն ձեղնահարկի վերակառուցման անվան տակ ցանկանում էր ավելացնել ևս մեկ հարկ` 2000 քմ մակերեսով£ Ապամոնտաժելով տանիքը, ձյուն ու անձրևներից անպաշտպան էին դարձրել բնակարանները£ 1. ճարտարապետական, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտում է 2. խաբեություն 3. հիմնովին խաթարում էր շենքի ճարտարապետական տեսքը£ Շենքի բնակիչների լիազորությամբ` քաղաքագետ, նախկին պատգամավոր Հմայակ Հովաննիսյանը դիմել է քաղաքապետարան, որպեսզի այդ ակնհայտ սխալը, ավելի շուտ ապօրինությունը վերացվի£ Քաղաքապետարանը, սակայն, որևէ փոփոխություն չի կատարել£ Քաղաքացին դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան (դատավոր Գոռ Հակոբյան)£ Որպես պատասխանող է ճանաչվել Երևանի քաղաքապետը, իսկ հարակից պատասխանող` նշված ՍՊԸ տնօրենը£ Ենթադրվում էր` հարցը ոչ միայն ճիշտ լուծում պետք է ստանար, այլև` արագացված դատաքննություն£ Սակայն դատավորը, տեսնելով, որ պատասխանող է ներկայացված Ե. Զախարյանը, ապօրինաբար երկու անգամ վերադարձրել է դիմումը£ Վերադարձրել է ոչ թե իրավական կողմը պաշտպանելով, այլ պարզապես սարսափել է Երևանի քաղաքապետից£ Այսինքն, դատական իշխանության անկախությունը կախված էր գործադիրի քմահաճույքից£ 3¬րդ անգամ արդեն դատավորը ստիպված էր ընդունել դիմումը` քաղաքապետի որոշումը անվավեր ճանաչելով£ Հինգ ամիս շարունակ մի քանի անգամ դատարաններ, վերադաս ատյաններից` երկրի Նախագահին, Վարչապետին, Քաղաքաշինության նախարարությանը, հասարակական կազմակերպութ յուններին դիմելուց, չորս անգամ մամուլում հրապարակելուց, հեռուստատեսային երկու ելույթներից հետո միայն արդարությունը ճանապարհ հարթեց£ Քաղաքապետը ստիպված էր ուղղել իր սխալը£ Իսկ եթե քաղաքագետն այդքան հետևողական չլիներ… Ամենակարևորը առ այսօր պատասխան չկա, թե ովքեր են այդ անօրեն թույլտվության կնքահայրերը£ Քաղաքապետարանը անընդհատ «սպառնում» է` իրենց մոտ մեկ պատուհանի սկզբունքն է գործում, բայց ըստ էության` մեկ դարպասն էլ չի բավարարում, որպեսզի պատասխաններ ստացվեն£ Այնպես որ…

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ