ժամանակավոր հանձնաժողով` իրատեսական քայլե՞ր...


Հայրենի օրենսդիրներն Ազգային Ժողովի հերթական քառօրյայում քննարկեցին, իսկ արտահերթ նիստում հաստատեցին մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը: Ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկված են լինելու յուրաքանչյուր խմբակցությունից` երկու, անկախ` մեկ պատգամավոր: Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուժի ներկայացուցիչը մասնակցելու է խորհրդակցական ձայնի իրավունքով: Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ հանձնաժողովի կազմը պետք է վե րադասավորվի 50-50 ձևաչափով: Ի՞նչ գնահատական են տալիս խորհրդարանական խմբակցությունները ժամանակավոր և ընդդիմության առաջարկած տարբերակին. Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԲՀԿ խմբակցության անդամ - Այս օղակի ստեղծումը աննախադեպ է Խորհրդարանի պատմության մեջ: Հանձնաժողովի աշխատանքներին առաջին անգամ մասնակցելու է արտախորհրդարանական ընդդիմությունը. առաջարկ է արվելու Լևոն Տեր-Պետրոսյանին` մասնակցել նրա աշխատանքներին: Ընդդիմությունն ունենալու է բացառիկ հնարավորություն` եզրակացությանը կից ներկայացնելու հատուկ կարծիք, որը կհրապարակվի Ազգային ժողովի ամբիոնից: Ունենալու է հնարավորություն` իր տեսակետները արտահայտելու ճեպազրույցներում, եթե անգամ դրանք չհամընկնեն հանձնաժողովի անդամների տեսակետներին: Եվ եթե ընդդիմությունը որոշի հրաժարվել իրեն ընձեռված հրաշալի հնարավորությունից, ապա իրավունք ունենք մտածելու, որ նրանց նպատակը ոչ թե կառուցողական դաշտում խնդիրներ լուծելը, այլ` ինչ-ինչ քաղաքական շահերն են: Հեղինե ԲԻՇԱՐՅԱՆ. ՕԵԿ խմբակցության ղեկավար - Հանձնաժողովը ստեղծվել է Սահմանադրության 73-րդ կետի համաձայն և մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու է առկա փաստերի հիման վրա: Դրա ստեղծման հիմքում 50-50-ի գաղափարը չեմ տեսնում, կարծում եմ` հավասարաչափ բաշխում է կատարված. յուրաքանչյուր խմբակցությունից` 2-ական պատգամավոր: Խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուժի և մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Կաշխատենք այդ հանձնաժողովում և կփորձենք տալ մեր գնահատականները: Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար -Հանձնաժողովի աշխատանքները պետք է ընթանան առանցքային կետերի շուրջ: Թե որքանո՞վ են այստեղ համագործակցության ու երկխոսության տարրեր ներառվել` հայտնի չէ: Այդուհանդերձ, դա չի վերաբերում 50-50 տոկոս ներկայացվածությանը: Դա կեղծ մոտեցում է: Մենք այդ առնչությամբ հիմնական երեք խնդիրներ ենք առաջադրել` որպեսզի լինի իրատեսական հանձնաժողով, որի գործառույթները լինեն իրատեսական, առարկայական, համապարփակ և բազմակողմանի, արդար ու վստահելի: Ճշտել, թե ինչպե՞ս են կայացվում որոշումները: Որո՞նք են լինելու հանձնաժողովի այն իրավունքներն ու իրավասությունները, որ հանգեցնելու են իրական արդյունքի, ողբեր-գական իրավիճակի ու ստեղծված ճգնաժամի հաղթահարման… Արտակ ԴԱՎԹՅԱՆ. ՀՀԿ խմբակցության անդամ - Հանձնաժողովի ստեղծումից մենք ակնկալում ենք առնվազն երեք հարցերի պատասխանները. բռնությունների, զոհվածների մահվան հանգամանքների ճշգրտում, քաղաքական և իրավական լուծումների առաջարկում, ինչը մեզ զերծ կպահի նմանատիպ իրավիճակների կրկնությունից: Ավետ ԱՂՈՆՑ. ԲՀԿ խմբակցության անդամ - Որևէ մեկը չի կարող ասել, կլինի հատուկ կարծիք, թե ոչ, բայց համոզված եմ, որ 10 կետերից բաղկացած որոշման նախագիծը բավական լավ նախագիծ է, որպեսզի բոլոր հարցերի պատասխաններն ունենանք:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ