Խորհրդարանականներն այս անգամ ձեռնպահ չեն մնա


Որքանո՞վ են համապատասխանում իրականությանը շրջանառվող այն լուրերը, թե աշնանը խորհրդարանական նոր ընտրություններ են սպասվում: Հունիսի 20-ին ընդդիմության հանրահավաքն է և հանրության շրջանում կարծես թե խուճապ է նկատվում` թերևս դատելով նախորդ փորձից: Տեղի՞ն է այդ անհանգստությունը: Կփորձե՞ն արդյոք խորհրդարանական ուժերը միջամտել` խաղաղեցնելու հնարավոր պոռթկումները: «Ավանգարդ»-ի հարցերին պատասխանում են Ազգային ժողովի պատգամավորները. Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ (ԲՀԿ) - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար քաղաքական լուրջ դրդապատճառներ են պետք: Նրանք, ովքեր խոսում են այդ մասին, կամ լավ չեն կարդացել ՀՀ Սահմանադրությունը, կամ էլ կարդացել ու լավ չեն յուրացրել այն: Սահմանադրության մեջ հստակ նշված է այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրութ յուններ: Ազգային ժողովը նիստ չի գումարում և որոշումներ չի ընդունում, երկու ամսվա ընթացքում երկու անգամ մերԺում է Կառավարության ծրագրի հաստատումը: Մինչդեռ այդպիսի նախադեպ չկա, և Խորհրդարանն, ինչպես տեսնում եք, աշխատում է: Այլ հարց է, թե խորհրդարանի գործունեությունն այնքան ռացիոնա՞լ է, որքան կուզենայինք, որ լիներ: Բայց միանշանակ է, որ մեր երկրում խորհրդարանական ճգնաժամ չկա, և բնականաբար չկան Խորհրդարանը լուծարելու հիմքեր: Ինչ վերաբերում է հունիսի 20-ին անցկացվելիք հանրահավաքին, ես չեմ կարծում, թե պետք է կենտրոնանալ այդ հանգամանքի վրա: Եթե դա լինի օրենքի շրջանակներում, ապա որևէ արտառոց երևույթ չեմ տեսնում և չեմ կարծում, թե արժե կանխակալ զգուշավորությամբ վերաբերվել, թե ինչ է կատարվելու հունիսի 20-ին: Կարծում եմ` ընդդիմությունը հանրահավաքը անցկացնելու է այնպես, ինչպես ձևակերպել է Քաղաքապետարանին ուղղված գրության մեջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից կարող եմ հավաստիացնել, որ Աստված ոչ արասցե, որևէ միջադեպի դեպքում, մենք կփորձենք մեր հնարավորությունների և ունեցած լծակների շրջանակներում կայունացնել հնարավոր անկայուն իրավիճակները: Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ («Ժառանգություն») - Կարծում եմ, որ առկա ճգնաժամի հաղթահարման հիմնական եղանակներից մեկը խորհրդարանական արտահերթ ընտրություններն է: «Ժառանգություն»-ը միշտ եղել է իր խղճի ձայնին ականջալուր և ժողովրդին շատ մոտ կանգնած քաղաքական ուժ: Մեր խմբակցության պատգամավորները, մեր կուսակցության անդամները մշտապես կլինեն այնտեղ, որտեղ խախտվում է սահմանադրական իրավունքը, և կփորձենք մեր մասնակցությամբ խաղաղեցնել ամեն մի պոռթկում: Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ (ՀՀԿ) - Արտախորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տեսլական կարծիք է ձևավորվել: Դա ոչ միայն անհնարին է քաղաքական ուժերի շրջանակներում, այլև Սահմանադրությամբ է շատ բարդ` լուծարել խորհրդարանը: Մի առիթով ես ասել եմ, որ արտահերթ ընտրությունների մասին աղմկում են նրանք, ովքեր ընդամենը հայտ են ներկայացնում` հայտնվենք Խորհրդարանում և ձայներս կկտրենք: Դա է խնդիրը: Ես կարծում եմ, որ եթե, այդուհանդերձ, այդ ընտրությունները լինեն, էական փոփոխություններ չեն լինի: Կարծում եմ նաև, որ ընդդիմության հանրահավաքին կմասնակցեն ձերբակալվածների, անազատության մեջ գտնվողների հարազատները, ընկերները, բարեկամները: Դա կլինի բողոքի ակցիա` իրենց հարազատներին ժամ առաջ ազատ տեսնելու ակնկալիքով, ինչը շատ հմտորեն կօգտագործի Լևոն Տեր-Պետրոսյանը: Հունիսի 20-ին սպասվող հանրահավաքը մի վերջին շանս է ընձեռել Տեր-Պետրոսյանին` Հայաստանի թուլացման խնդիրը վերջնականապես լուծելու համար, ինչը իրատեսական չէ: Արմեն ԱՇՈՏՅԱՆ (ՀՀԿ) - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների որևէ շարժառիթ և պատճառ ես չեմ տեսնում: Այս խորհրդարանը ձևավորվել է ընտրությունների արդյունքում. ընտրություններ, որոնք չեն հարուցել հասարակական դժգոհություն, չեն հարուցել հասարակական ընդվզումներ: Հետընտրական զարգացումներն էլ եղել են բավական լեգիտիմ դաշտում: Ընտրություններին հրաժարվել է մասնակցել ներկայիս արտախորհրդարանական ընդդիմության գլխավոր ուժ ՀՀՇ-ն` քաջ գիտակցելով, որ ընդամենը ունի մեկ հնարավորություն, մեկ փամփուշտ և որոշել էր իր հաշվարկներով այդ փամփուշտը օգտագործել Նախագահի ընտրություններում: Վերստին բացառում եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հետևաբար չեմ ցանկանում կանխատեսել, թե ինչ խորհրդարան կունենայինք այդ դեպքում: Հանրահավաքի անցկացման խուճապի որևէ պատճառ չեմ տեսնում: Թերևս այն կլինի արտախորհրդարանական ընդդիմության քաղաքական պայքարի ինչ-որ դրսևորում: Կարծում եմ` ամեն ինչ կլինի օրենքի շրջանակներում և կոչ եմ անում կազմակերպիչներին` զերծ մնալ պետությունը և հասարակությանը ցնցող ցանկացած վտանգից: Ցանկացած օրենքի խախտում որևէ անձի, կամ կազմակերպության կողմից պետք է կասեցվի պատկան մարմինների կողմից: Խորհրդարանն, իհարկե, իրավական լիազորություններ չունի, բայց եթե ընդդիմությունը քաղաքական նոր լարումների պատճառ դառնա, ապա ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցություններն ու անհատ պատգամավորներն ուժերը ներածին չափով կնպաստեն քաղաքական լարված կրքերի խաղաղեցմանը: Ինձ թվում է` այս հանրահավաքը կլինի ընդդիմության գործողությունների վերջին ակորդը: Եվ, քանի որ ամառ է, կեսկատակ-կեսլուրջ քաղաքական ընդդիմությանը կառաջարկեի հաջորդ հանրահավաքը անցկացնել Քոբուլեթիում: Արտաշես ԱՎՈՅԱՆ (ՕԵԿ) - Ես ծանոթ եմ վերջին շրջանում մամուլում շրջանառվող լուրերին: Սակայն կարծում եմ և համոզված եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ոչ իրավական, ոչ էլ քաղաքական հիմքեր գոյություն չունեն: Դա հստակորեն նախանշված է նաև մեր Սահմանադրության մեջ: Ինչ վերաբերում է ազգաբնակչության մեջ հանրահավաքի հանդեպ ունեցած խուճապին, չեմ կարծում, թե նման խուճապ կա: Իսկ հնարավոր անցանկալի դեպքերի և միջադեպերի մասին չեմ փորձի կանխակալ կարծիք արտահայտել: