Ի՞նչ է կատարվում Հայաստանում և ինչո՞ւ


Դժվար թե Հայաստանում այժմ կարելի է գտնել երկրի ու ժողովրդի բախտով, պետության ճակատագրով իսկապես մտահոգ որևէ մեկին, ում չեն մտատանջում վերջին 7-8 ամիսներին մեզանում կատարված ու կատարվող իրադարձությունները, ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների փնտրտուքը: Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ հայ հասարակության մի ստվար մասը, որ ընդամենը մեկ տարի առաջ, 2007-ի մայիսին անցկացրեց միջազգային հանրության կողմից միանշանակ աննախադեպ բարձր գնահատականի արժանացած խորհրդարանական ընտրություններ, իսկ մեկ տարի հետո պահանջում է... նոր, արտահերթ խորհրդարանական ու Նախագահի ընտրություններ: Հասարակությունը, փաստորեն, երկփեղկվել է, եռում է ներքին ատելությունից, ընդհուպ մինչև լի է մեկը մյուսին հոշոտելու բնազդներով: Աշխարհաքաղաքա-կանությունը և Հայաստանը Ըստ իս, ամեն ինչ սկսվեց հենց այդ` խորհրդարանական ընտրություններից: Մեր երկրի ու ժողովրդի չարակամները, պարզապես, չկարողացան «մարսել» ցնցումների չհանգեցրած ընտրութ յունները և անհապաղ ձեռնամուխ եղան` Հայաստանը ներսից խարխլելու դիվային ծրագրով իրենց համար կենսականորեն կարևոր խնդրի լուծմանը: Իսկ ավելի լավ առիթ, քան Նախագահի ընտրություններն էին` դժվար էր պատկերացնել… Այս մոլորակում ամեն ինչ փոխկապակցված է, ոչինչ պատահականորեն տեղի չի ունենում և մեծապես թելադրվում է տարածաշրջանում գերիշխող դիրք գրավելու և իրենց կամքը մեզ նման փոքր պետություններին պարտադրելու` գերտերությունների աշխարհաքաղաքական շահերով: Ուժեղ, համախումբ, բարգավաճ Հայաստանը անցանկալի է տարածաշրջանում գերիշխող դիրք գրավելու հովերով տարված, տարածաշրջանային գերտերության դեր ստանձնած առնվազն մեկ պետության` Թուրքիային: Թուրքերը դարերով եղել և մնում են պանթուրքիզմի` համաթուրքական-համաթուրանական պետություն ստեղծելու ցնորամտության կրողները: Խորհրդային Միության փլուզումից հետո այդ խնդիրը մարմնավորելու զառանցանքը տրանսֆորմացվել է աշխարհի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին (իսկ նրանք 24-ն են) մեկ միասնական «կենտրոնի» շուրջ համախմբելու ձգտման մեջ: Այժմ այդ ձգտումը զորեղ պաշտպանություն է գտնում նաև համաշխարհային իսլամական խալիֆաթ ստեղծելու երազանքներ փայփայող ծայրահեղ ահաբեկչական կազմակերպությունների կողմից: Միակ իրական ուժը, որը կարող է պատնեշ կանգնեցնել նման ձգտումների դեմ` օրավուր «մեջքը շտկող», համաշխարհային քաղաքական գործընթացների վրա իր ազդեցությունն ուժեղացնող Ռուսաստանն է: Նաև` Չինաստանը: Երկուսն էլ, անկախ Անկարայի հետ արտաքուստ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու սեթևեթանքներից, իրենց աշխարհաքաղաքական երկարաժամկետ հեռանկարների բերումով հակաթուրք են: Ռուսները չեն կարող լրջորեն չանհանգստանալ իրենց Կովկասյան լեռներից անդին «քշելու», ռուսական Կովկասն իրենցից պոկելու և ամբողջ Կովկասում համակովկասյան իսլամական խալիֆաթ ստեղծելու վտանգից: Չինացիները իրենց հերթին չեն կարող չմտահոգվել Ադրբեջանի վրայով միջինասիական թուրքալեզու պետություններ դուրս գալու, իրենց սահմաններին ընդհուպ մոտենալու և Չինաստանից նրա թուրքալեզու ույղուրական երկրամասը «պոկելու» Թուրքիայի ծրագրերից կամ երազանքներից: Իսկ Թուրքիայի թիկունքին նրա ՆԱՏՕ-ական դաշնակից Միացյալ Նահանգներն է կանգնած: Վաշինգտոնը, խորհրդային ժամանակներից եկող իներցիայով, Մոսկվային վերաբերվում է շատ ավելի որպես հակառակորդ, քան` որպես միջազգային ահաբեկչության դեմ մղվող պատերազմի դաշնակից: Մոսկվան Վաշինգտոնին ուղղակի գրգռում է միաբևեռ աշխարհ կառուցելու իր ձգտումների դեմ ըմբոստության, Չինաստանին մերձենալու, ասիա-խաղաղօվկիանոսյան պետությունների համագործակցություն հիմնելու, Եվրամիությանը մերձենալով` նրան տնտեսապես, մանավանդ էներգակիրներով հզորացնելու և համաշխարհային քաղաքական բեմահարթակում ինքնուրույն «խաղացող» դարձնելու կեցվածքով: Այս ամենն, ինչ խոսք, այսքան պարզունակ սխեմա չէ, ամեն ինչ շատ և շատ ավելի բարդ է, մեծ ու փոքր շահերի ընդհանրություններն ու հակասությունները չափազանց շատ են, սակայն միտումը, անվերապահորեն, ա°յդ է: Եվ աշխարհաքաղաքական շահերի այս շրջապտույտի մեջ հայտնված փոքրիկ Հայաստանը, կամա, թե ակամա, խանգարում ու զայրացնում է… այս աշխարհի հզորներին: Թուրքիայի հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալի բնորոշած «անիծյալ հայկական սեպը»` Մեղրու «միջանցքը», Անկարային խանգարում է Ադրբեջանով դուրս գալ Միջին Ասիա և հասնել… չինական պարիսպներին: Հայաստանի դարավոր ռուսական կողմնորոշումը, որ ամենևին էլ մեր «ռուսասիրության» արտահայտությունը չէ, այլ երկրի անվտանգության ապահովման հրամայականը, ինչպես նաև Իրանի հետ բարիդրացիությունը խորացնելու մեր քայլերը, իրենց հերթին, գրգռում են Վաշինգտոնին: Իհարկե, Միացյալ Նահանգները ամենևին էլ մեր ժողովրդի և մեր պետության «թշնամիների» թվին չի պատկանում: Աստված մեզ փրկի այդ վտանգից էլ, մոլորությունից էլ: Սակայն Միացյալ Նահանգները, ըստ իս, ամենևին դեմ չէր լինի Հայաստանի ներկա իշխանություններին սթափեցնող մի «ապտակ» տալ, ազդու կերպով հասկացնել, որ մեր երկիրը թե° իր կայունության, թե° իր ներկայի ու ապագայի երաշխավորվածության տեսակետից առավելագույնս կախված է… Վաշինգտոնի բարեհաճությունից: Ահա հենց Հայաստանի իշխանություններին «սթափեցնելու» Վաշինգտոնի այդ մարտավարությունն էլ պայմանավորեց 2007-ի աշնանից մեզանում խմորվող անհանդուրժողականությունը իշխանությունների հանդեպ: (Շարունակելի)