Դաշնակցականությունը սոսկ կուսակցական կատեգորիա չէ


Այսօր, Նախագահի ընտրությունից և դրան հաջորդած ողբերգական դեպքերից երեք-չորս ամիս անց, սոցիոլոգներն ու հոգեբանները խոսում են հասարակության մեջ լարվածության, փոխադարձ անվստահության առկայության մասին: Քաղաքական դիտորդներից ոմանք էլ, իրենց հերթին, քաղաքական սրացումներ են կանխագուշակում: Նրանց ասածներում, թերևս, ճշմարտություն կա: Սովորաբար, քաղաքական կրքերը ամռանը մարում են: Բայց քաղաքական բուռն ամռան վերաբերյալ կանխագուշակումներից պարտադիր չէ ենթադրել, թե դրանք ակնկարկում են հեղափոխական կոչերով ու տրամադրություններով հարուստ պերմանենտ հանրահավաքների մասին: Ճշմարտության դեմ չմեղանչելով, կարող ենք փաստել, որ փետրվարի 19-ի ընտրությունն ու դրան նախորդած ողջ գործընթացն իր ամբողջության մեջ հստակեցրին Հայաստանի քաղաքական դաշտը` բացահայտելով նրանում գործող անձանց ու միավորների բուն էությունն ու գործողությունների թաքուն շարժառիթները: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն ընդդիմության որոշակի հատվածի համար ինչ-որ տեղ միավորման, համախմբման դեր կատարեց: Նրանցից ոմանք համախմբվեցին նրա շուրջը` քաղաքական թատերաբեմից չվերանալու համար. օրինակ, ինչպես հետո խոստովանեց Հայաստանի մարքսիստը, Լևոն Տեր-Պետրոս յանը նրան` Դավիթ Հակոբյանին, լսարան տվեց: Ինչևէ: Չնայած արտաքուստ հանդարտությանը, քաղաքական դաշտի ընդերքում, թերևս կարող ենք ասել, որ լրջագույն զարգացումներ են ընթանում` դատելով դրանց մերթընդմերթ արտաժայթ քումներից: Ասվածի ցայտուն օրինակն է ոչ անհայտ դաշնակցական գործիչ Ռուբեն Հակոբյանի հեռացումը կուսակցությունից: Նա 90-ականներին ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչն էր. այսինքն, կարևոր, ազդեցիկ դերակատարում ուներ կուսակցության մեջ: Հենց այս պատճառով էլ, թերևս, նրա հեռացումը ազգային ավանդական կուսակցության շարքերից վկայում է, որ հայության ազատագրական պայքարի առաջամարտիկի համբավ ունեցող ՀՅԴ-ում նույնպես ինչ-որ բան խաթարվել է: Վերջերս իր ասուլիսում Ռ. Հակոբյանը կուսակցությունից իր հեռանալը բացատրեց վերջինիս վերնախավի քաղաքական կեցվածքից ունեցած դժգոհությամբ: Այս իրողությունը կուսակցության շարքերում լուրջ վերլուծությունների առիթ տվեց: Դժվար է չկիսել շարքային դաշնակցականներից շատերի մտահոգությունը: Դաշնակցությունը մշտապես հայտարարում էր, որ պատասխանատվություն է կրում երկրի համար: Միևնույն ժամանակ, մեկ տարի առաջ էլ կոալիցիոն կառավարության մաս կազմելով, ասում էր, թե պատասխանատվություն է կրում գործադիրում ունեցած իր նախարարական պորտֆելների թվին համապատասխան չափով: Սա, թերևս, յուրօրինակ, դաշնակցական թվաբանություն է: Փետրվարի 19-ի Նախագահի ընտրությանն էլ ՀՅԴ-ն մասնակցեց կոալիցիայից առանձին` իր թեկնածուով: Ընդ որում, վերջինս, Լ. Տեր-Պետրոսյանի պես, քարոզարշավում կարևորելով «ավգյան ախոռները» մաքրելու անհրաժեշտությունը, հայտարարում էր` «Իմ ընտրվելու դեպքում մեկ տարի հետո դուք չեք ճանաչի մեր երկիրը»… Ընտրությունից հետո նոր կոալիցիային ՀՅԴ-ն անդամակցեց վերջինը. անդամակցելու համար Դաշնակցությանը մտածելու, ծանր ու թեթև անելու ավելի շատ ժամանակ պահանջվեց: Ընտրութ յունում պարտվելուց հետո, Վահան Հովհաննիսյանը հրաժարվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից: Թվում էր` դաշնակցական նախարարները նույնպես հրաժարական կտան. այդպես էր հուշում քաղաքական էթիկան: Բայց նախարարները մնացին իրենց տեղերում` ինչպես ՀՅԴ-ն պահեց իր տեղը քաղաքական նոր կոալիցիայում: Ասել կուզի` իշխանության մեջ: Սակայն կառավարության համար պատասխանատվության իր չափի մասին այսօր դեռևս հայտարարություն չենք լսում: Ի դեպ, Նախագահի ընտրությունից առաջ հանրապետական Արմեն Աշոտյանն ասում էր, թե ճիշտ կլինի, եթե ՀՅԴ-ն ընդդիմություն դառնա: Նրա հետ, թերևս, մտովի համաձայն էին շարքային դաշնակցականներից ոչ քչերը. ինչ-որ տեղ համատեղելի չէ սոցիալիստական կուսակցության ներկայությունը ազատական-լիբերալ ուղիով ընթացող կոալիցիայում: Սրանից բացի, քաղաքական էթիկայի ու բարոյականության տեսանկյունից ևս ոչ պակաս կարևոր խնդիրներ էլ կան մտահոգության համար: Հասարակության հիշողությունից չի ջնջվել, թե ՀՅԴ-ն ինչպես արձագանքեց Լ. Տեր-Պետրոսյանի օրոք դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի դեմ քրեական գործ թխելուն: Սակայն տարիներ անց ծպտուն չհանեց, երբ մեկ փամփուշտ ունենալու համար դատապարտվեց Արցախյան հերոսամարտում Շուշիի առանձնակի գնդի դաշնակցական հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը… Ավելի ստույգ` արձագանքեց` մինչ նրա դատապարտվելը նրան հեռացնելով կուսակցությունից… Այս պահին Ժ. Սեֆիլյանի դատվելու արդարացիությունը չենք վիճարկում. հայրենիքին ծառայություններ մատուցողն օրենքներ խախտելու իրավունքով օժտված չէ, բայց նրա նկատմամբ ՀՅԴ վերաբերմունքից… բոլշևիզմի հոտ է փչում. Սեֆիլյանն այսօր ազատության մեջ է, և շարքային դաշնակցականներից ոմանք արդեն մտորում են նրա շուրջը համախմբվելու մասին: Տարիներ առաջ Ռուբեն Հակոբյանը նկատել էր, թե Արցախում հաղթեց ոչ թե Դաշնակցությունը, այլ դաշնակցականությունը, Իսկ 92 թվականին, Լ. Տեր-Պտերոսյանն ասել էր` յուրաքանչյուր հայ հոգու խորքում դաշնակցական է: Այս երկու` միմյանցից անկախ կարծիքները մի բան են վկայում. կուսակցությանն անդամակցելը մի բան է, դաշնակցականությանը` այլ բան: Երկրորդը մտածողության կերպ է և կապ չունի առաջինի հետ… Լ. ՄԻՆԱՍՅԱՆ