ՄԻ ԿԱԹԻԼ ՀՈՒՅՍ


Հույսը, թե իշխանությունը հիմա էլ ներսից է «կազմաքանդվել», ակնհայտորեն հանգիստ չի տալիս հայրենի ընդդիմությանը: Արմատականների նոր ոգևորությունը, որն առաջիկայում, թերևս, հերթական խորը հիասթափության է վերափոխվելու, այնուամենայնիվ երկու կարևոր իրողությունների մասին է վկայում: Նախ ակնհայտ է դառնում, որ այսպես կոչված համաժողովրդական շարժումը սեփական քաղաքական պայքարն այլոց նման ինքն էլ է անհեռանկարային և անարդյունավետ համարում: Այլապես, գոնե հունիսի 20-ի նախօրեին, թիմը հիմնավորապես կկենտրոնանար ասենք նոր բախումներ չհրահրելու մի շարք այլ նման հարցերի վրա: Բացի սրանից, պակաս հետաքրքիր ու «բովանդակալից» չէ նաև մեդալի հակառակ կողմը. արմատականները կարծում են, թե երևանամերձ ինչ-որ ընտրատարածքում սպասվող ԱԺ պատգամավորի ընտրությունները կարող են ներիշխանական խժդժությունների պատճառ դառնալ: «Ոչնչից մեծ աղմուկ» դիպուկ բնորոշումը այս «կանխատեսման» վերաբերյալ կարելի է հնչեցնել ավելի ուշ` իշխանափոխության հերթական երևակայական սցենարի ավարտին: Իսկ մինչ այդ տեղափոխվենք Արարատի մարզ: Այսպես, պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի կողմից մանդատը վայր դնելուց հետո, ակտիվացան խոսակցություններն այն մասին, թե վերջինս գնացել է այդ քայլին առաջիկայում մարզպետ դառնալու խոստման դիմաց: Եթե նույնիսկ այս սցենարն իրականանար, դարձյալ, թերևս, արտառոց ոչինչ չէր լինի: Դեպքեր, երբ Խորհրդարանի պատգամավորը մանդատը փոխարինել է մարզպետի պաշտոնանկ (կամ էլ հակառակը)` մեզանում շատ են եղել: Սրանով հանդերձ, կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի նույն լրատվամիջոցները նույն ոգևորությամբ հիմա էլ իրազեկեն բոլորովին այլ մարդու մարզպետ նշանակվելու մասին: Ինչպես հայտնի է, անցած շաբաթավերջին այդ պաշտոնը Կադաստրի պետական կոմիտեի արդեն նախկին աշխատակից Վ. Հովակիմյանին վստահվեց… Առավել հետաքրքիր է, սակայն, արմատականների սցենարի երկրորդ մասը: Այսպես, թափուր մնացած պատգամավորական աթոռը, ըստ լուրերի, այդպես էլ մարզպետ չնշանակված նախկին պատգամավորի եղբայրը` Հովիկ Աբրահամյանը պետք է զբաղեցնի` կարճ ժամանակ հետո ԱԺ նախագահ դառնալու համար: Հենց սկզբից նշենք, որ Աբրահամյանի բախտը ասեկոսեների հարցում չի բերում, և հաճախ նրա անվան հետ այս կամ այն կարևորագույն պաշտոնն զբաղեցնելու վերաբերյալ պատմություններ են հյուսվում: Դժվար չէ վերհիշել, որ մի քանի տարի շարունակ նա մեկ-երկու շաբաթ հետո «նշանակվում» էր վարչապետի պաշտոնում… Հիմա էլ հերթը ԱԺ նախագահ դառնալու շահարկումներինն են: Ավելին, երբ Տիգրան Թորոսյանն ուղղակիորեն հայտարարեց, թե հրաժարական տալու մտադրություն չունի, նույնիսկ դրանից հետո Հ. Աբրահամյանի պատգամավորության թեկնածուի առաջադրվելու փաստի շուրջ բամբասկոտ հետաքրքրասիրությունը չմարեց: Ձեռքի հետ էլ փորձ արվեց ճշտել նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ապագան` այս դեպքում էլ պնդմամբ, թե թիվ 17 ընտրատարածքում նա էլ է առաջադրվել պատրաստվում: Բարեբախտաբար վերջին «պնդումները» շատ շուտով հօդս ցնդեցին: Այս «տրամաբանությամբ» իհարկե կարելի էր էլի հետաքրքիր անուններ թվարկել` արդյունքում երևակայական մրցապայքարն ու իշխանափոխության (՞) սցենարն ավելի հետաքրքիր դարձնելով: Սակայն արմատականների քարոզչամեքենայի համար այսքանն էլ բավական է` քաղելու պտուղներն այն ստի, որը շատ շահարկվելով արդեն ահավոր է դարձել և նույնիսկ կարող է ճշմարտանման թվալ… Իշխանափոխության, կամ կոնկրետ դեպքում` իշխանությունը ներսից «կազմաքանդելու» երազանքը, ինչին արդեն անդրադարձանք, գոնե երևակայորեն գործողության մեջ դնելու համար անհրաժեշտ է մի շատ կարևոր նրբերանգ. տպավորութան ստեղծումը, թե իշխանության և հատկապես Հանրապետականի ներսում մի աննկարագրելի պառակտում է ծայր առել, ինչը շուտով այլևս թաքցնել չի հաջողվելու: Ուրիշ էլ ի՞նչ հարմար սցենար կարելի է հորինել` այս ամենը հավատընծա գունազարդմամբ հասարակությանը մատուցելու համար: Բայց նկատենք, որ այս սցենարը զուգահեռաբար վկայությունն է նաև այն իրողության, որ իշխանության ներսում ամեն ինչ հարթ է: Այնքան հարթ, որ իրավիճակի ապակայունացմամբ շահագրգիռ ուժերին ուրիշ ոչինչ չի մնում, քան կենտրոնանալը ինչ-որ ընտրատարածքում սպասվող խորհրդարանի 131 մանդատներից մեկի համար ծավալվելիք մրցապայքարի վրա: Դարձյալ` ապարդյուն, քանի որ թիվ 17 ընտրատարածքում ամենացնցող արդյունքների արձանագրման դեպքում անգամ ԱԺ-ում ոչ ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, ոչ էլ, առավել ևս, մեծամասնություն կազմող խմբակցության գերիշխող դիրքերը կնահանջեն: Ասել է թե` սպասվող գործընթացը (եթե, իհարկե, այսչափ մինիմրցապայքարը կարելի է այդպես անվանել), անկախ քվեարկության ելքից, միևնույն է, արմատականներին ոչինչ չի տալու: Իսկ եթե ընդդիմության քարոզչամեքենայի նպատակը հերթական ինքնահնար առիթն օգտագործելն է` Հանրապետականի ներսում իբր առկա երկփեղկվածության, հին ու նոր սերնդի կուսակցականների այսպես կոչված խուլ հակամարտության թեման կրկին առարկայացնելու: Միևնույն է, դա ոչ միայն չի հաջողվի, այլ բոլորովին հակառակ ազդեցությունը կարող է ունենալ և այն էլ` հօգուտ ՀՀԿ-ի: Ավելի հավանական է, որ հերթական քարոզչական գրոհի արդյունքում լիովին և վերջնականապես քողազերծվի իշխող քաղաքական ուժի ներսում առկա հակասությունների մասին միֆը: Սակայն, ցանկացած պարագայում, ընդդիմությունը դարձյալ կորցնելու ոչինչ չունի, քանի որ նպատակն ավելի շատ մոտալուտ իշխանափոխության երազանքը վառ պահելն է: Հույսի փոքրիկ կաթիլ, որ հեքիաթում անգամ պտուղներ չի կարող տալ: