ԸՆԹԱՑՔ ՄԵՐԺՈՒՄՆԵՐԻ


Այսպիսով, հունիսի 20-ին ամեն գնով կայանալիք հանրահավաքը վերջնականապես փաստելու է, որ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում «սառույցը հալեցնելու» նախադրյալ ներ չկան: Փաստորեն, երկխոսության, նորաստեղծ հասարակական պալատում համախմբվելու և համագործակցության մյուս բոլոր ձևաչափերը Լ. Տեր-Պետրոսյանի թիմն այդպես էլ չի ցանկանում ընդունել: Հետևաբար, արդեն անսպասելի չէ, որ այսօր ընդդիմությունը հայտարարում է, թե հունիսի 20-ով այսպես կոչված համաժողովրդական պայքարի երկրորդ փուլն է սկսվում: Իշխանության կողմից համագործակցության առաջարկները, ինչպես հայտնի է, հակառակ ճամբարից շարունակաբար մերժվել են: Ընդ որում, գրեթե առանց հիմնավորումների, բայց միաժամանակ այնպիսի պահանջների առաջադրմամբ, որ ցանկացած այլ դեպքում միգուցե երկրորդ անգամ ընդհանրապես փորձ չարվեր` նման քաղաքական միավորի հետ շփման ուղիներ փնտրել... Մյուս կողմից էլ, եթե արմատականների պարագայում դժվար է ասել, թե ձեռքսեղմման առաջարկը մերժելով` նրանք ի՞նչ են շահել կամ կորցրել, ապա իշխանության նախաձեռնողականությունը, որքան էլ այն վրիպած լինի հիմնական նշանակետից, միևնույն է, իր օգտին կարևոր միավորներ է գրանցել: Եվ դրա ընթացքը, որքան էլ շրջանցած լինի հիմնական թիրախին` առաջին Նախագահի թիմին, միևնույն է, ակտիվորեն ձևավորվող բազմակուսակցական ներկայությամբ հասարակական պալատը պարբերաբար թարմացվող երկխոսության առաջարկների անուղղակի արգասիքն է: Ընդ որում, այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ պալատում արդեն իսկ մի քանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ են ընդգրկվել: Ավելին, նորաձև մարմինը լիարժեքորեն գործելու հնարավորություն ունի, քանի որ արմատականների շարունակական մերժումներից խուսափելու տարբերակներ նույնպես կգտնվեն: Վերջին հաշվով կարելի է նաև շրջանցել համագործակցությանն անհանդուրժողաբար վերաբերվող արմատականներն և անուղղակի երկխոսություն սկսել հենց հասարակության ընդդիմադիր հատվածի հետ: Գոնե երկրի նոր ղեկավարները լավ գիտեն, որ թե° առաջին Նախագահի և թե° ավանդաբար այս կամ այն ընդդիմադիր թեկնածուի շուրջ համախմբվող ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունն իր քաղաքական նախասիրությունները պայմանավորում է իշխանության հանդեպ ունեցած դժգոհությամբ: Ասել է թե` տվյալ թեկնածուն դառնում է հասարակական բողոքի արտահայտման միջոց, ինչը հաճախ նաև հետընտրական շրջանում է տեղափոխվում հրապարակներ` դառնալով լրջագույն հասարակական ցնցումների անդիմադրելի խթան: Նման իրավիճակները վերջնականապես չեզոքացնելու լավագույն տարբերակը, թերևս, գործուն կառույցների առկայությունն է, որոնց նպատակը ոչ թե հերթական ամորֆ մարմնի գոյությունը, այլ հանրային խնդիրների լուծմանն ուղղված որոշակի ծրագրերի իրագործումն և դրանց շոշափելի արդյունքները պետք է լինեն: Այլապես` ներհասարակական խոցերի դրսևորման ցանկացած պատեհ առիթ վերջին ամիսների իրադարձությունների ձևով ու բովանդակությամբ կարող է կրկնվել: Հասարակությունը հակված է փոփոխությունների, և այս տրամադրվածությունը ուղղակիորեն համընկնում է իշխանության ծրագրերի հետ: Իմա` բարեփոխումների գործնական դրսևորումները ուղիղ համեմատական են հրապարակներում հավաքվողների թվին: Սրանով հանդերձ, որքան էլ ընդդիմությունը երևակայի, թե հունիսի 20-ով իշխանությունը պարզապես կապիտուլյացիայի է ենթարկվելու, միևնույն է, տևական ընդմիջումից հետո նախատեսվող սույն միջոցառումը միայն ու միայն արմատականների համակիրների թվի շեշտակի նվազման իրողությունն է փաստելու: Այսինքն, քաղաքական պայքարի նոր փուլը սկսվելու է ավելի աղոտ հեռանկարներով: Սա մի կողմից օբյեկտիվորեն հետընտրական կրքերի նվազման, մյուս կողմից բարեփոխության հանդեպ հասարակական վստահության մասին է վկայելու: Տա Աստված, որ ժամանակն իսկապես աշխատի տարբերակներից երկրորդի օգտին: