ՓՈՇԻԱՑՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Կարկանդակ առնեք` չմոռանաք փոշին թափ տալ


Որքան շատանում են փողոցային առևտուրը կանոնակարգող որոշումները, փողոցային առևտուրը այնքան անկարգ ու անկանոն է դառնում: Տույժ ու տուգանքների, զգուշացում ների ու պատիժների մասին ժամանակ առ ժամանակ «հիշատակումներ», իհարկե, լինում են: Ժամանակ առ ժամանակ քաղաքային իշխանությունները իրենց այդ անպտուղ «միջոցառումները» հրամցնում են հանրությանը` չմոռանալով միաժամանակ հորդորել, թե` հարգելի երևանցիներ, խելքներդ գլուխներդ հավաքեց ու ձեր առողջությանը տեր կանգնեք, իմացեք` փողոցից ինչ եք առնում-ուտում: Ոչ որոշումն է տեղ հասնում, ոչ հորդորը: Հետո՞: Հետո այն, որ քաղաքում լայնածավալ շինարարություն է ընթանում, քանդվում են մայթ ու փողոց, քաղաքը փոշեթաթախ է, փողոցում վաճառվող սնունդն էլ հետը: Այսպիսի ցցուն մի օրինակ ամեն օր աչքիս է զարնում: Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկում` մինչև Խորենացու սկիզբը վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Հենց այդ հատվածում էլ փքաբլիթա-կարկանդակա-խորովածա-բրդուճա աշխույժ վաճառք է իրականացվում: Դրանք տեղում էլ պատրաստվում են: Կարկանդակները փոշեթաթախ թխվում են, բաց վիճակում էլ` փոշու ամպի բերան, դրվում ու վաճառվում են` աղուբիբարին հավասար համեմվելով թանձր փոշով: Այստեղ է, որ զարմանքդ վերածվում է վրդովմունքի, եթե որոշ մարդիկ կարող են չգիտակցել փոշեկոլոլ սնունդ ընդունելու վտանգը, պետությանը ներելի՞ է իր քաղաքացու առողջությունը անտեսելը: «Համաճարակային իրավիճակ չկա» հայտարարությունը դեռ անվտանգության երաշխիք չէ: Սնունդը պատրաստել և բաց վիճակում վաճառել փոշուց ու շինարարական աղբից ընդամենը սանտիմետրեր հեռո՞ւ: Այն էլ ի¯նչ փոշուց. ամենօրյա և առատ (մի պահ նաև մայթն էին քանդում` կարկանդակ թխողի ու վաճառողի, բրդուճ պատրաստողի հենց կրնկի տակ): Եվ նրանց մտքով չի էլ անցնում ծածկել կամ գոնե փակ ամանի մեջ դնել վաճառվող թխվածքը: Եվ լավ էլ զգացվում է, որ ահ էլ չկա ստուգվելուց ու ստուգողներից: Հիգիենայի և հակահամաճարակաբանության տեսչությունն ասում է, թե հսկողության գործառույթն այլևս իրենցը չէ. նրանց թողնված է ուսումնասիրելու, եզրակացություններ անելու և դրանք տեղ հասցնելու իրավասություն: Վերահսկելու գործառույթն այժմ փոխանցվել է գյուղնախարարությանը: Քաղաքապետարանն էլ փողոցային առևտուրը կանոնակարգում է: Տեսեք` քանի¯ տեր կա և… տեր չկա: Շա¯տ հետաքրքիր բան է ստացվում. մեկն ուսումնասիրում է, մեկը` կանոնակարգում, մյուսը վերահսկելու և հախներից գալու իրավասություն ունի և, մեղմ ասած, ոչինչ չի փոխվում, կարգ ու օրենքները դառնում են առ ոչինչ: Մի նոր կարգ էլ օրերս է հաստատվել` վնասակար սննդամթերքի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը, որը որոշելու է շուկայից հանված հնացած, ժամկետանց, համապատասխան սերտիֆիկատ չունեցող ապրանքների ճակատագիրը: Դրանք տնօրինողները, բնականաբար, ամեն բան անելու են` այդ ապրանքները նորից շուկա մտցնելու «ետնամուտքեր» գտնելու համար: Որովհետև փող են կորցնում: Փող են կորցնում` քիչ է, ըստ կարգի, իրենք են պարտավոր իրենց հաշվին ոչնչացնել օգտագործման համար ոչ պիտանի ճանաչված ապրանքները: Եկանք-հասանք է°լ ավելի ցավոտ տեղին: Պետական լիազոր մարմնի հսկողությամբ այդպիսի ապրանքները կամ կայրվեն, կամ կտարվեն աղբավայր: Ոչնչացման այլ մեթոդներ առայժմ չկան: Այրվելուց ի՞նչ կստացվի` բնապահպանները կորոշեն: Իսկ աղբավայրերում մթերքի հայտնվելու վերաբերյալ դատողություններ, թերևս, կարելի է անել: Տագնապահա րույց դատողություններ: Եթե այսօր կան աղբավայրերում շրջող, դրանց հաշվին գոյատևող մարդիկ… Շարունակությունը տխուր է ստացվում: Տխուր է նաև մտքով անցկացնել, թե կարող են կրկնվել այն դեպքերը, երբ ժամկետանց սննդամթերքը ուղարկվել է մանկատուն կամ ծերանոց: Աստված չանի` խղճի և բարոյականության այսպիսի կորուստ ունենանք: …Փոշեթաթախ կարկանդակներից ու փքաբիլթներից ո¯ւր հասանք: Թեև մեր հասնելը ի՞նչ: Ուր է թե իրենք հասնեն` այդ ուսումնասիրողները, վերահսկողներն ու կանոնակար գողները: Նոր կարգի մեջ, պարզվում է, փոշու մասին որևէ կետ չկա: Մենք Կենտրոնն ենք շրջանցում, իշխանությունները` մեր կրած վնասները Երևանի կենտրոնական փողոցները իրենց ֆիզիկական չափերով վաղուց արդեն չեն բավարարում տրանսպորտային երթևեկության պահանջները: Ամեն տարի քաղաք է մտնում 18-20 հազար ավտոմեքենա, ինչն էլ սպառնում է ավելի ազդեցիկ լինել քաղաքի բնականոն կենսագործունեության համար: Իսկ քաղաքի բնականոն կենսագործունեության վերականգնմանն ու ապահովմանն ուղղված շինարարական-վերակառուցման աշխատանքները (խոսքը փողոցային ցանցի և ճանապարհային ցանցի մասին է) իրենց հերթին խաթարել են երևանցիների բնականոն կենսագործունեությունը: Եվ եթե վերակառուցումների բուն նպատակը տրանսպորտային միջոցների Կենտրոն հասնելն ու այնտեղից դուրս գալն է` Կենտրոնը շրջանցելով, ապա երևանցիներն արդեն իսկ գտնվում են շրջանցումների բավական տհաճ վիճակում: Տեղաշարժվելու հնարավորությունը առավել քան բարդացել է թե° ուղևորների և թե° վարորդների համար. ընդ որում մի շարք առումներով. ժամանակի ծախս (տնից դուրս ես գալիս և չես կարող հաշվարկել ճանապարհի վրա ծախսելիք ժամանակդ), տրանսպորտը հարկադրված փոխելու հետ պայմանավորված գումարային ծախս, նյարդերի ծախս: Վարորդների պարագայում այս ծախսերն ավելի քան առարկայական են: Քանդված փողոցների շրջանցումով տեղաշարժվելու դեպքում մեծանում է վառելիքի ծախսը: Մի խոսքով, քաղաքը բարեկարգվում է, բայց տուժողը տուժում է, լա¯վ է տուժում: Իսկ հատուցում, պատճառած վնասի հատուցում չկա՞: Մարդիկ իրենց հարգված կզգային, եթե քաղաքային իշխանությունները մեծ ծրագրերի մեջ մի փոքր ուշադրություն էլ իրենց նվիրեն, մտածեին վնասները փոխհատուցելու մասին: Մանավանդ սկսվածը մեկ օրվա, մեկ ամսվա գործ չէ: Դեռ ստորգետնյա ավտոկայաններ պիտի կառուցվեն, այն էլ` քաղաքի կենտրոնական հատվածներում (Շահումյան հրապարակ, Մյասնիկյան արձանի, Հանրապետական մարզադաշտի տարածք): Ճանապարհային հանգույցներն ու ստորգետնյա անցումներն էլ` իրենց հերթին: Կծառայե՞ն դրանք նպատակին, տեղական իշխանության մարմինները կկարողանա՞ն դրանցում ապահովել այնպիսի վիճակ, որ հետիոտնին հրապուրի, ու նա ցանկանա օգտվել այդ անցումներից: Որ դրանք չարժանանան «մթության ու մենության խավար զնդանի» վերածված մի շարք անցումների բախտին: Քաղաքային իշխանություններն իրենց համար պարզե՞լ են, արդյոք, թե ինչո՞ւ է Մաշտոցի պողոտայի պես բանուկ փողոցի անցումը մատնված «անգործության»: Կամ` պարզելու բան չէ՞, արդյոք, թե ընդամենը 2-3 տարի առաջ վերակառուցված Խանջյան փողոցի ասֆալտը դեռ չպնդած, ինչո՞ւ նորից բուլդոզերի բերան տվեցին: Ստացվում է, երևանցիների կրած անհարմարություններն ու դժվարութ յունները, կապված այս փողոցի հետ, այն ժամանակ անհարկի էին:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ