ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲԼԵՖ Հավատաքննություն


Ասում են` յուրաքանչյուր խորհրդարան իր ընտրողների բարոյահոգեբանության արտացոլումն է: Եթե նկատի ունենանք, որ նախորդ երեսփոխանարանում օրենսդիր աշխատանքով ընդհանրապես աչքի չնկած (մեղմ ասած) պատգամավորներից շատերը կրկին ջանացին այնտեղ հայտնվել, ապա կարելի է փաստել, որ նրանք (բառի ամենաընդգրկուն իմաստով) լավ էին ընկալել, զգացել մանդատի «արժեքը»: Ավելին, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, նաև սեփական հեղինակությունը գերագնահատելով, հանկարծ «ինքնահաստատումի» տենդով բռնկվեց և որոշեց ընտրողներից կրկնապատիկ վստահություն կորզել: Ահա թե անհեթեթության ինչ շքահանդեսներ կարող են մոգոնել ինքնամեծարանքն ու գոռոզամտությունը: Չգիտես ինչ կերպ ձեռք բերած ընտրաքվեներն արհամարհելով (այլ անուն չես տա նրա վարմունքին)` Խաչիկ Մանուկյանը հրաժարվել է մանդատից: Երանի¯ թե ազնիվ լինելու քաջությունն ունենար ու խոստովաներ, որ արժանի չէ նման վստահության: Բայց խնդիրը միայն իր ընտրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքը չէ: Պատգամավորական նախորդ 4 տարիներն հասարակությունից աննկատ մսխած, օրենսդրական նախաձեռնությունով հանդես չեկած «դեմբել» պատգամավորը (էլ չենք խոսում ժողովրդի մատից փուշ հանելու մասին) դեռահասի ամբարտավանությամբ պետության փողերն է «շռայլում»: Ըստ հաշվարկների, կրկնակի ընտրությունների անցկացումով երկրին առնվազն 22 միլիոն դրամի հասցված վնասը նրան առանձնապես չի հուզում: Ինչպես և երբևէ չեն հուզել տարիներ շարունակ իրեն դիմած ընտրողների հոգսերն ու խնդիրները: Հավելենք, որ եթե մայիսի 12-ին ընտրապայքարն ընթանում էր 2 թեկնածուների միջև, ապա այսօր թիվ 15 ընտրատարածքը մասնատվել է 11 հոգու միջև: Ի դեպ, մեկ այլ ժողընտրյալ էլ, ինչ խոսք, անհամեմատելի առավելություններով, նույնպես երկրորդ անգամ մանդատ ստանալու հայտ է ներկայացրել: Իհարկե, Ր. Հովհաննիսյան գործչին չի լքել առաջինից հրաժարվելու խոհեմությունը, և հաջողության դեպքում` իրեն նվիրաբերված ձայներով «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակից ևս մեկը խորհրդարան կմտնի: Ինչևէ: Օրենքը չի արգելում. բայց գուցե արգելեր (և ճիշտ կլիներ), եթե օրենսդիրը հեռատեսորեն կանխատեսեր նման «գործարարության» հնարավորութ յունը: Դժվար է ասել, թե որքան կրքեր կբորբոքվեն և որքան հարաբերություններ կսրվեն այդ պայքարի արդյունքում: Էլ չենք խոսում անվանակից երեք Խաչիկ Մանուկյանների «ընտրա…շքերթի» մասին: Խաչիկ Մանուկյաններից մեկը` 70-ամյա թեկնածուն, գոնե ազնվություն ունի խոստովանելու, որ աշխատանք չունի, ապրուստ հայթայթելու համար ստիպված է եղել սայլը վաճառել ու մնացել է միայն էշի հույսին և ահա առաջադրվել է աշխատանք ստանալու հույսով: Մի խոսքով, ստեղծված իրավիճակը, ինչպես ժողովուրդը կասեր, եփած հավերի ծիծաղը կշարժեր: Բայց ժողովուրդը վաղուց արդեն հավես չունի ծիծաղելու, առավել ևս իրեն բացահայտորեն ծաղրելու փորձերի առիթով: Հետաքրքիր է` «արդարացումի» ի՞նչ պաճուճանքով է կրկին նույն ընտրողների առջև չքմեղանալու: Ասելու է` «Ուզում եմ ապացուցել, որ իմ օգտին քվեարկողներն անկաշա՞ռ են»: Որ նրանցից շատերը թույլ են տվել իրենց խաբել` փաստ է, բայց կկամենա՞ն վերստին ենթարկվել հավատաքննության խաչիկմանուկյանական փորձությանը… Հասարակական կարծիքը, բնականաբար, Խաչիկ Մանուկյանի օգտին չէ, և նա չի կարող քաջատեղյակ չլինել: Ավելին, նրա համակիրներն անգամ տարակուսում են. մի՞թե ինքնաբացարկով նա ինքը չի հեռանալու ընտրապայքարից: Հայրենի Մաստարայում անգամ, որտեղ նա հարազատներ ու բարեկամներ ունի, չեն խրախուսում նրա այս վարքագիծը: Մնում է միայն զարմանալ արժանապատվության այս պակասից, որ անհամատեղելի է սասունցու պատվախնդրությանը: Թերևս սակայն, համառությունն այդ լուրջ պատճառներ ունի` առաջին հերթին սեփական բիզնեսի ընթացքը «սահուն ու թեթև» դարձնելը: Հ. Գ. Հարկ է արձանագրել, որ եթե հարկ լիներ սովորական բնութագիր տալ Խաչիկ Մանուկյանին, նրան ճանաչողներից շատերը վատը չասելու համար կխուսափեին պատասխանից, ինչպես խուսափեցին նրա գործընկեր պատգամավորները: