ԱՓԱԳԾԵՐ


 

Ձեռքի վրա կարելի է տարբերել 6 գլխավոր ափագծեր, որոնք սկսում են վերոհիշյալ թմբիկներից: Դրանք են ԿՅԱՆՔԻ ափագիծը, ԽԵԼՔԻ, ՍՐՏԻ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՍԻՐՈ ափագծերը: Ուսումնասիրելիս անհրաժեշտ է դիտարկել երկու ձեռքերը և ընտրել այն, որի վրա ափագծերն ու թմբիկներն ավելի հստակ ու վառ են արտահայտված:

ԿՅԱՆՔԻ ԱՓԱԳԻԾԸ շրջափակում է ՎԵՆԵՐԱՅԻ թմբիկը, որը գտնվում է բութ մատի հիմքում: Նրանով մենք կարող ենք որոշել կյանքի երկարատևությունը, մարդու առողջավիճակը, հիվանդությունները և այլն: Մարդու կյանքում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան ափագծերը կարող են մեծանալ կամ փոքրանալ: Եթե ափագիծը երկար է, լավ գույն ունի և ոչ մի տեղում չի ընդհատվում` դա նշան է երկարատև կյանքի և գերազանց առողջության: Երկար, բայց լայն ու գունատ ափագիծը թույլ, հիվանդագին առողջություն է: Եթե ափագիծը կարճ է, ապա այդ հաստատ նշան է վաղաժամ մահվան: Եթե կյանքի ափագիծը մեկ կամ մի քանի տեղում ընդհատվում է, իսկ մյուսի վրա թույլ է և ոչ հստակ գծագրված, դա մարդու ապրած փորձանքների և վտանգավոր հիվանդության նշան է: Երկու ձեռքերի վրա ընդհատվող կյանքի ափագիծը հիվանդության մահացու ելքի ստույգ կանխանշան է: Շղթայաձև կյանքի ափագիծը նշանակում է թույլ և հիվանդոտ օրգանիզմ: Եթե այն չի ընդհատվում, բայց բազմաթիվ ճյուղավորումներ է տալիս` դրանք մանր հիվանդություններ են և գլխացավեր: Ծռմռված կյանքի ափագիծը նշանակում է վատ առողջություն: Եթե կյանքի ափագծից ընձյուղներ են դուրս գալիս հատելով ԽԵԼՔԻ ափագիծը, ապա դա կանխագուշակում է մեծարանքներ և հարստություն: Կրկնորդված կենսագիծը նշանակում է ընդհանրապես մեծ հաջողություններ կյանքում, իսկ մասնավորապես` զինվորական կարիերայում: Եթե կյանքի ափագծին զուգահեռ անցնող գիծը մի քանի տեղերում ընդհատվում է, ապա դա ուժեղացնում է առաջին վատ նշանակությունը: ԿՅԱՆՔԻ ափագծի վրա փոքրիկ շրջանագիծը աչքի կորուստ է: Խոր կետը նշան է վտանգավոր հիվանդության ձեռքբերման:

ԽԵԼՔԻ ԱՓԱԳԻԾԸ (ԳԼԽԻ ԱՓԱԳԻԾ) սկսվում է բութի և ցուցամատի միջև, սկզբնամասում մեծամասամբ միանում է կյանքի ափագծին, բայց իսկույն էլ անջատվում է, անցնելով ամբողջ ափի լայնությամբ` ավարտվելով ՄԱՐՍԻ և ԼՈՒՍՆԻ թմբիկների միջև:

Ուղիղ, երկար և ոչ մի տեղ չընդհատվող գլխի ափագիծ սովորաբար ունենում են այն մարդիկ, ովքեր օժտված են առողջ բանականությամբ, դրական դատողությամբ, հաստատուն կամքով և եռանդով: Շատ երկար և ուղիղ գլխի ափագիծը նշանակում է ժլատություն, ագահություն, խստություն և խնայամտություն: Եթե ԽԵԼՔԻ ափագիծը խոնարհվելով մոտենում է ԼՈՒՍՆԻ թմբիկին (ֆանտազիա), դա թերզարգացած խելքի, թեթևամտության և ուժեղ երևակայության նշան է, իսկ եթե այդ խոնարհումը անցնում է հայտնի սահմանները, ապա այն կանխագուշակում է ցնորվածություն: Սատուրնի գծի մոտ երկու մասի բաժանվող խելքի գիծը բռնի մահ է: Նրա վրա եղած սպիտակ և կարմիր բծերը ցույց են տալիս հակվածությունը ինքնասպանության նկատմամբ: Խելքի գծի բացակայությունը նշանակում է մահացու պարտություն և լիակատար անհաջողություն կյանքում: Եթե վերջում ափագիծը երկատվում է, որոնցից մեկը գնում է ուղիղ, իսկ մյուսը դեպի ֆանտազիայի թմբիկը, դա ցույց է տալիս սերը ստի ու կեղծիքի նկատմամբ: Շատ բարակ և երկար ափագիծը խրոնիկական գլխացավ է, դավաճանություն, անհավատարմություն, համոզմունքների անհաստատություն և երջանկության բացակայություն: Տարբեր երկրորդական գծերով կտրտված ափագիծը` արատավոր կյանք է, վատ հիվանդություններ և այլն:

ՍՐՏԱԳԻԾՆ անցնում է չորս մատների թմբիկների տակով և հանդիսանում է բարի կամ չար սրտի ցուցանիշ: Եթե ՍՐՏԱԳԻԾԸ սկսվելով Յուպիտերի թմբիկից աղեղնաձև անցնում է մինչև ափի հակառակ կողմը առանց ճյուղավորվելու և լավ գույն ունի, դա բարի սրտի նշան է: Կարճ սրտագիծը սիրած մարդու փոխադարձ սերը բռնությամբ նվաճելու ցանկություն է: Այդ գծի լրիվ բացակայությունը ցույց է տալիս անաստվածություն և անհավատարմություն, իսկ երբեմն` վաղաժամ մահ: Եթե ՍՐՏԱԳԻԾԸ ընդհատվում է, դա հուսահատության, ֆիզիկական թուլության, սիրո մեջ անհաջողության, ատելության և չար սրտի նշան է: Այդ ափագծի կարմրությունը ուժեղ և հուսալի կապվածություն է: Եթե իր հիմքում սրտագիծը միահյուսվում է խելքի և կյանքի ափագծերին, մանավանդ, եթե այդ միացումը տեղի է ունենում երկու ձեռքերի ափերի վրա, դա աներկբա բռնամահի նշան է:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ կամ ՃԱԿԱՏԱԳՐԻ ափագիծը սկիզբ առնելով Սատուրնի թմբիկից անցնում է ամբողջ ափի միջով և վերջանում ձեռքի խաղի մոտ: Այդ գիծը կոչվում է երջանկության կամ ճակատագրի ափագիծ, քանի որ մեզ հնարավորություն է տալիս որոշել մարդու բախտը, այսինքն կանխատեսում է նրա կյանքի այնպիսի իրադարձություններ, որոնք լիովին դուրս են մարդու իշխանությունից:

Եթե ճակատագրի գիծը սկսվում է կյանքի ափագծից, դա ցույց է տալիս, որ տվյալ սուբյեկտն իր սեփական ուժերով ձեռք է բերել փայլուն կարողություն: Եթե այն սկսվում է ձեռքի ճկատեղից և ավարտվում է Յուպիտերի թմբիկի մոտ, որից ընձյուղներ են դուրս գալիս դեպի վեր, դա աղքատությունից մշտապես հարստության անցնելու կամ պաշտոնում բարձրանալու նշան է: Հակառակ իմաստ ունեն դեպի վար ձգվող ընձյուղները: Եթե ճակատագրի գիծը սկսվում է Լուսնի թմբիկից և ուղղվում է դեպի Սատուրնի թմբիկը, ապա այդպիսի մարդու կյանքն ամբողջապես կախված է բախտավոր պատահականությունից կամ տղամարդու (կամ կնոջ) հովանավորությունից: Եթե այդ գիծը սկիզբ է առնում Լուսնից և ավարտվում սրտի գծի մոտ` դա երջանիկ ամուսնություն է: Մարսի թմբիկից սկիզբ առնող և միջնամատին ուղղվող ճակատագրի գիծը ծառայում է որպես մեծ դժվարություններով ուղեկցվող գոյության կռվի նշան: Երբ այն սկսվում է գլխի գծից` հայտնագործություն է գիտության բնագավառում: Եթե ճակատագրի գիծը սկսվում է կյանքի և գլխի գծերի միջից և ուղղվում Յուպիտերի թմբիկին, նշանակում է մահ աքսորում, իր հարազատներից և մտերիմներից հեռու: Եթե այն երկատվում է, դա կյանքի զվարճություններից չափազանց շռայլորեն օգտվելու հետևանքով գաղտնի և վտանգավոր հիվանդությամբ վարակվելու նշան է: Մի քանի տեղում ընդհատվող ճակատագրի գիծը կյանքի հաճախակի և կտրուկ փոփոխությունների նշան է: Ճակատագրի գծի վերջում մի քանի ծռմռվող գծերը կանխագուշակում են դժբախտություն:

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ գիծը, եթե այն երկար է և ուղիղ, լավ առողջության և երկարատև բարեհաջող կյանքի նշան է: Առողջության ափագիծը որպես կանոն հազվադեպ է երկու ձեռքերի վրա հստակ արտահայտված: Դրա ուսումնասիրությունը պահանջում է որոշակի հմտություններ և պրակտիկա:

ՍԻՐՈ ափագիծը ասես գրկում է ճկույթը սկսվելով Մերկուրիի թմբիկից և անցնելով ափակողի վրա: Այն տեղավորված է սրտի գծին զուգահեռ: Ուղիղ և խորունկ սիրո գիծը խոսում է ազնվածին սրտի և իդեալական սիրային ձգտումների մասին: Այդպիսի մարդիկ սովորաբար լինում են մենասեր և ռոմանտիկ, ունենում են բազում սիրված բարեկամներ: Սիրո գծից ճյուղավորվում են ուղղաձիգ կարճ ու բարակ գծեր: Դրանց կոչում են երեխաների գծեր: Այդ գծերը առանձնապես դժվար նկատելի են նյարդային մարդկանց ափի վրա: Վառ արտահայտված այդպիսի գծիկների շատությունը խոսում է մեծ քանակությամբ ապագա երեխաների մասին: Առավել խոր գծերը ցույց են տալիս, որ կծնվի տղա: