Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ, ՀՀ վաստակավոր արտիստուհի


 

Թատերական աշխարհում հաջողությունները դերասանուհուն ուղեկցել են մանկուց: Դեռ 3- րդ դասարանցի աղջնակ էր, երբ սկսեց թատերական խմբակ հաճախել, իսկ արդեն 5-րդ դասարանում ստացավ առաջին դերը` հեռուստաբեմադրության մեջ: 1969-ից շուրջ 3 տասնամյակ բազմաթիվ հաջողված կերպարներ է մարմնավորել Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում: Իր իսկ բնորոշմամբ` դրանք եղել են դերասանուհու լավագույն տարիները: Ավագ սերնդի ներկայացուցիչները հավանաբար կհիշեն նաև հեռուստաբեմադրություններում և ռադիոբեմադրություններում նրա մարմնավորած կերպարները: 1996-ին արժանացել է «Բեմի վարպետ» կոչման: Վերջին տարիներին դերասանուհին հանդես է գալիս նաև հեռուստասերիալներում:

Այս տարին հոբելյանական է Գ. Մկրտչյանի համար, բոլորել է նրա ծննդյան 60 ամյակը, իսկ մեկ ամիս առաջ արժանացել է վաստակավոր արտիստուհու կոչման: Սիրով միանում ենք արդեն հնչած բոլոր շնորհավորանքներին:

Խեղճը երբեք չէր ըմբոստանա

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Մանկությունից մինչ օրս ամենադժվարն ինձ համար թերևս ինքնավստահ լինելն է: Խոսքը միայն արտաքին ինքնավստահության մասին է. ներքուստ ես շատ ամուր մարդ եմ: Սակայն զգուշության, քաղաքավարության կամ ինչ-որ այլ հանգամանքների պատճառով միշտ դժվարանում եմ ինքնավստահ լինել: Փորձեմ այս առումով զուգահեռներ տանել կենդանական աշխարհից կատվի հետ: Նա թվացյալ վախկոտ է, բայց նաև ներքին մեծ ըմբոստություն ու նույնիսկ համառություն ունի: Եվ եթե իրեն այդպես է պետք` առյուծի չափ ուժեղ է դառնում: Ես ունեմ նաև այդ փափկությունը և եթե կարողանում եմ դա հաղթահարել, հաջողության եմ հասնում: Ներքին ինքնավստահությունս գալիս-խառնվում է արտաքինի հետ, և ցանկացած խնդիր հաղթահարում եմ:

Սովորաբար սիրում եմ դժվարություններ հաղթահարել, իմ տեսակն է այդպիսին: Որովհետև ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ յուրաքանչյուրն իր ուղին անտրտունջ է հարթել: Այնպիսի դաստիարակություն եմ ստացել, որ իմ խնդիրները պետք է հաղթահարեմ միայնակ և հնարավորինս լուռումունջ:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակն` ըստ Ձեզ:

- Այդպիսի բան լինել չի կարող, որովհետև գենետիկորեն ես շատ հայ եմ և իմ արմատները շատ խորն են: Հիշում եմ` փոքր էի և դեռ չգիտեի, որ արմատներով մշեցի եմ` և´ մորական, և´ հայրական կողմից: Երբ Մշո երգեր էի լսում, չգիտեմ ինչու` լաց լինելու աստիճան տխրում էի: Հետո հասկացա, որ իմ արմատներն էին «խոսում»: Ես ամբողջ հոգով եմ ինձ հայ զգում: Բազմաթիվ երկրներ եմ գնացել, հյուրախաղերի ընթացքում շփվել եմ տարբեր ազգությունների հետ, բայց պաշտում եմ իմ երկիրը, իմ ազգը: Ուրիշ երկրներում ոչինչ իմը չէ և չի կարող լինել: Ես անգամ չունեմ դրա կարիքը: Միգուցե նեղությունից, դժվարություններից մարդիկ հաճախ բողոքում են: Բայց սարսափելի զայրանում եմ, երբ ասում են` «Սա երկիր չէ»: Շատ տգեղ է: Պետք չէ այդպես արտահայտվել: Թող սուսուփուս գնան այն երկիրը, որտեղ իրենց լավ կզգան: Շատ մեծ մարդիկ կան այս երկրում: Եվ զարմանալիորեն պարկեշտ մարդիկ. իսկական հայերը, թեկուզ վատ պայմաններում են ապրում, երբեք չեն բողոքում: Դժգոհողները սովորաբար բարվոք պայմաններում են ապրում:

Մենք գուցե և ինչ-որ տեղ խեղճանում ենք, բայց դա թվացյալ խեղճություն է: Մեր ազգը խեղճ չէ, պարզապես չափազանց բարի է: Խեղճը երբեք չէր ըմբոստանա ու չէր հաղթի:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Գաղտնիքներ չունեմ: Ոչինչ գաղտնի չեմ պահում, քանի որ դրանք այնքան սովորական են: Անգամ այն գաղտնիքները, որ երբեմն պետք չէ ասել, ես նույնիսկ դրանց մասին եմ բարձրաձայնում, որ ազատվեմ: Գաղտնիքը չափազանց ծանր բեռ է: Չի կարելի մարդուն ստիպել, որ գաղտնիքներ ունենա. դա փոխում է նրա տեսակը, ծանրացնում է հոգին:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Առեղծված այլևս չկա: Պարզապես կան երևույթներ, որոնց վրա դեռ զարմանում ես, քանի որ անծանոթ են: Աշխարհը մարդու ուղեղի նման անհատակ է, անհավանական` իր չափերի մեջ: Իսկ անհասկանալի երևույթները բազմաթիվ են, սակայն դրանք առեղծված չեն, պարզապես դրանց մասին մարդկությունը դեռ ոչինչ չգիտի: Նույնիսկ Աստծո գոյությունն ինձ համար այնքան ակնհայտ է, անվիճարկելի է ու քննարկման ենթակա չէ:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը:

- Ծննդյանս 40-ամյակն էինք տոնում: Ամուսինս բաժակաճառի ժամանակ իրեն հատուկ հումորով ասաց` ուզում եմ երկրորդ անգամ ամուսնանալ քեզ հետ: Ես էլ իմ հերթին կատակեցի` ասելով, որ ոչ մի գնով չեմ համաձայնվի 2-րդ անգամ ամուսնանալ իր հետ: Աղջիկս, որ փոքր էր, հանկարծ ահաբեկված, լացակումած ասաց` մամ ջան, շատ եմ խնդրում, ամուսնացիր հայրիկի հետ:

- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

- Առաջին հուշն ինձ պատմել են և այդպես եմ հիշում, քանի որ ընդամենը 4 տարեկան եմ եղել: Մեծ բակ ունեինք: Պետք է ասեմ, որ փոքր հասակից ակտիվ, ճկուն երեխա եմ եղել, արտասանել եմ: Պատմում են, որ բակային ճամբարում բարձրացել եմ մի քարի վրա` դա համարելով բեմահարթակ և բացականչել` «ապա բոլորդ ինձ լսեք»: Հարազատներս, ազգականներս բոլորը համոզված են եղել, որ պիտի դերասանուհի դառնամ, բայց զարմանալիորեն ինքս դա չեմ պատկերացրել:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ