ԹԱԼԻՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ Է


 

Օգոստոսի 5-ին Թալինում տեղի են ունենալու քաղաքապետի թափուր պաշտոնի և ավագանու անդամների ընտրություններ: Այս փոքրիկ քաղաքում արդեն քաղաքապետի 8 թեկնածու է առաջադրվել, իսկ ահա ավագանու անդամներ դառնալու ցանկություն ունեցողների թիվը քիչ է` ընդամենը 25 հոգի: Թե քաղաքապետի պաշտոնին ձգտողների թիվն ինչու է այդքան շատ` Թալինում կատակով ասում են, որ կարևորն աշխատասենյակ ու ծառայողական մեքենա ունենալն է... Իսկ քաղաքապետն այստեղ իսկապես շա˜տ անելիքներ ունի: Թալինը կքած է աղքատության ու սոցիալական բազում խնդիրների ծանրության տակ, քաղաքում մեծ թիվ է կազմում գործազրկությունը, չափազանց շատ են արտագնա աշխատանքի մեկնողները: Երևի թեկնածուներից ամեն մեկը ոսկե սարեր խոստանա, խոստանա մեկ տարում Թալինը Տալլին դարձնել, իսկ ընտրվելուց հետո` մտահոգվի միայն սեփական բարօրության, լավագույն դեպքում` նաև մերձավորների մասին: