ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՎԱՏ ԱՊՐՈՒՄ


 

Միջին վիճակագրական հայաստանցին այսօր շատ ավելի աղքատ է, քան ցանկացած թերզարգացած երկրի սոցիալապես անապահով համարվող բնակիչը: Եվրախորհրդի անդամ երկրների մեջ Հայաստանն առաջին տեղերից մեկն է գրավում ցածր աշխատավարձով և նվազագույն սոցիալական փաթեթով:

ԵԽ անդամ երկրներում միջին աշխատավարձ է սահմանված 600 ԱՄՆ դոլարը, այսինքն` 240 հազար դրամը: Հայաստանում սա համարվում է բարձր աշխատավարձ: Իհարկե, մեր տնտեսագետ ընդդիմախոսները կարող են անմիջապես հակափաստարկել` ասելով, որ նվազագույն և միջին աշխատավարձը որոշվում է տվյալ երկրի պետական բյուջեով, բյուջե-աշխատավարձ հարաբերակցությամբ: Հայաստանի պետական բյուջեն երեք միլիարդ դոլարից մի քիչ է ավել, բնակչության պաշտոնական թիվն էլ մի քիչ է անցնում 3 միլիոնից: Սա նշանակում է, որ մեր բյուջեն ընդամենը գոյատևման բյուջե է, ինչն էլ երբեք հնարավորություն չի տա հասնել աշխատավարձերի բարձրացման, բնակչության սոցիալական վիճակի բարելավման:

Սակայն մենք էլ դիմենք հակափաստարկի և նշենք, որ Հայաստանի աշխատող բնակչության մոտ 52 տոկոսն աշխատավարձ է ստանում մասնավոր սեկտորից, սրան գումարենք նաև տարբեր միջազգային կառույցները, քաղաքացիական հասարակության մաս կազմող հասարակական կազմակերպությունները, միջպետական համաձայնագրով գործող ձեռնարկությունները, որոնց աշխատավարձերը չեն տրվում ՀՀ պետական բյուջեից: Ստացվում է, որ երկրի բնակչության մի զգալի մասը կապ չունի բյուջեից տրվող աշխատավարձերի հետ, իսկ բյուջեից սնվողներն էլ ստանում են նվազագույն աշխատավարձեր` այսպես խորացնելով սոցիալական մտահոգությունները:

Սակայն մեր այս դիտարկումը չափազանց պարզունակ կարող է համարվել, քանի որ մենք բախվում ենք մեկ այլ խնդրի, որը գոյություն ունի ոչ շատ երկրներում, և այդ քչերից մեկն էլ Հայաստանն է: ՀՀ-ում սահմանվել է աշխատավարձերի ոչ հավասարաչափ և ոչ ողջամիտ բաշխման համակարգ, ինչն էլ ձևավորում է անհամաչափություններն ու սոցիալական խճողումները: Դատավարական և դատախազական համակարգերում աշխատավարձերը 20-25 անգամ գերազանցում են նվազագույն աշխատավարձը: Չափազանց բարձր աշխատավարձեր են սահմանված Սահմանադրական դատարանի, Կենտրոնական բանկի, խորհրդատվական ծառայություններ մատուցող մի շարք պաշտոնյաների համար: Լուրջ ծախսեր են արվում նաև ԱԺ պատգամավորների համար, ովքեր բացի իրենց աշխատավարձերից` հնարավորություն ունեն պահելու մեկական օգնական` ամսական 100 հազար դրամ աշխատավարձով: Սրանց գումարենք նաև տարբեր հանձնաժողովներ` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային, Հանրային հեռուստառադիոընկերության, բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի և այլն` նույնպես չափազանց բարձր աշխատավարձերով: Ստացվում է, որ բյուջեի` աշխատավարձերի մի զգալի մասը վայելում են ոչ մեծ թվով պաշտոնյաներ, իսկ մյուսները թող խարխափեն աղքատության ճիրաններում: Բազմաթիվ անգամներ է խոսվել այս մասին, բազմաթիվ անգամներ ներկայացվել են համակողմանի տնտեսագիտական հաշվարկներ և մեկնաբանություններ, սակայն կառավարությունը մինչև օրս չի կամենում գնալ դեպի սոցիալական հավասարության սկզբունքների հաստատումը: