ՀԱԿ-ն անդամազրկվում է


«Հայ ազգային կոնգրես» անվանյալ կառույցը ՀՀՇ համագումարից հետո քաղաքական միավորից հետզհետե ավելի ու ավելի է վերածվում լուսանցքային կամ գոյություն չունեցող կուսակցությունների համակենտրոնացման ճամբարի: Նախ ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի համատեղ ջանքերով քաղաքական կյանքից վտարվեց ոչ միայն Ստեփան Դեմիրճյանը, այլ նաև նրա ղեկավարությամբ գործող ՀԺԿ-ն ամբողջությամբ: «Հանրապետություն» կուսակցությունն առանց թաքցնելու ու այլևայլությունների հստակորեն սահմանազատվում է ՀԱԿ-ից: Հավանաբար, կուսակցապետ Արամ Սարգսյանը վերջապես համոզվել է, որ ԼՏՊ-ի կողքին անցկացրած ամեն հաջորդ րոպեին ինքն ավելի շատ է դավաճանում փառավոր եղբոր դավանած գաղափարին ու հիշատակին: Դե, իսկ քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը շերտ առ շերտ ու առանց շտապելու բացահայտում է ՀԱԿ-ի գաղափարական սնանկությունն ու քաղաքական բախտախնդրությունը: Ինչպես արդեն հայտնի է` իր անձնական կայքում երեկ նա տեղադրել էր քաղաքականությունից հեռանալու որոշումը` նշելով, «Ինձ համար Վազգենն ու իմ կուսակցությունը անվերապահ արժեք են»£ Ընդգծենք` Վազգենն ու իր կուսակցությունը£ Բայց ոչ` ՀԱԿ¬ը£ Ավելին` - Հեռանում եմ, որ իշխանության աթոռները «բռոնյա» արածները ու նորաթուխ ընդդիմադիրները հանգիստ թողեն Արամին, ով ինձ անվերապահ պաշտպանելու կոչումով` հայտնվելու է շակալների հարձակման կենտրոնում... Նույն օրն էլ հենց ՀԱԿ-ի հետ իր անհամատեղելիության մասին հայտարարեց Սոցիալ- Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը: Հիմա առանց վարանելու և տանուլ տալու մտահոգության խոշոր դրամական մրցանակ կարելի է սահմանել նրա համար, ով երեք անգամից կկարողանա հիշել ՀԱԿ-ում մնացած գոնե երկու կուսակցությունների անվանումներ` բացի, իհարկե, ՀՀՇ-ից: Հատկանշական է, որ ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը լիագումար նիստից հետո հրապարակած հայտարարության մեջ առանձնակիորեն ընդգծել է, թե ողջունում է «ինքնուրույն գործելու քաղաքական ուղեգծի» Հնչակյան հայաստանյան կառույցի համագումարային որոշումը: Նաև շեշտել է, որ ՍԴՀԿ-ն «չի կարող լինել որևէ քաղաքական միավորի կցորդ»: Իսկ ՀԱԿ-ի առնչությամբ ուղղակի արձանագրել է վերջինիս պառակտողական միջամտությունը Հնչակյան կուսակցության ներքին հարցերին: Եզրահանգումը միանշանակ է. «Անհնարին է ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»: Իրեն տակավին ՍԴՀԿ ատենապետը համարող Լյուդմիլա Սարգսյանը, իհարկե, քաղաքական հարթությունում այլ բան չի էլ կարող անել, բացի ԼՏՊ-ի ու ՀԱԿ-ի կցորդը մնալուց: Իսկ ահա կուսակցության գործնական ղեկավարումն իր ձեռքն առած վարչության անդամ Վահան Շիրխանյանը, ակներևաբար, ոչ միայն հեռահար քաղաքական ծրագրեր ունի, այլ նաև տոգորված է դրանք իրագործելու վճռականությամբ: Բավական համբավավոր Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն արդեն իսկ հայտարարել է, որ ծայրահեղական ընդդիմության տարփողած իշխանափոխության մասին կոչերով երկիրն անհնար է ճգնաժամից դուրս բերել: Պնդելով իշխող համակարգը փոխելու անհրաժեշտությունը, նա կրկնել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության եզրակացությունը, թե գործող խեղաթյուրված լիբերալ համակարգը պետք է փոխարինվի սոցիալ-դեմոկրատականով: Ե°վ իշխանությունների, և° ՀԱԿ-ի հետ սկզբունքային ու գաղափարական անհամաձայնություններ ունեցող ՍԴՀԿ-ն այս առաջնորդի ղեկավարությամբ կարո՞ղ է ազդեցիկ ներքաղաքական ուժ դառնալ: Ընդդիմադիր դաշտում Հնչակյանների միակ բնական դաշնակիցը կարող է լինել սոցիալ-ազգայնական Դաշնակցությունը: Հետաքրքրական ու հեռանկարային զուգահեռներ են ի հայտ գալիս: Ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Դաշնակցությունը առաջիկա համապետական ընտրություններին նախապատրաստվում է սոցիալական ու տնտեսական` բնակչության առավել լայն խմբերին հուզող հրատապ խնդիրներն ի հայտ բերելով, որոնք պետք է դարձնել խորհրդարանական քննարկումների առարկա: Բնականաբար, Դաշնակցությունը զուգահեռ կերպով հետամուտ է լինելու իր ավանդական խնդիրների լուծմանը: Այս իրավիճակում Հայաստանի Հնչակյանները ոչ միայն խզում են բոլոր հարաբերություններն արմատական ընդդիմության հետ, այլ ի լուր աշխարհի նաև հայտարարում, որ «ՍԴՀԿ-ն իր հավաքական ներուժը դնելու է Արցախի ամբողջական անկախությունը ճանաչելու, Հայ Դատի արդար լուծման, համահայկական միասնության ստեղծման ու Հայաստանն ընկերային արդարության, օրինականության, հավասարության ու ազատության երկիր դարձնելու կարևորագույն ազգային խնդիրներն իրագործելու համար»: Պարզվում է, որ Հնչակյանների նախընտրական պայքարի ծրագիրն ու ուղենիշերը ոչ մի բանով չեն տարբերվում Դաշնակցության վաղուց հրապարակած պլատֆորմից: Հետևաբար, եթե գոնե այս դեպքում հավակնությունները չարաբաստիկ ու ապականիչ դեր չխաղան, ապա Դաշնակցության ու Հնչակյանների քաղաքական համագործակցութ յունը կարելի է համարել անխուսափելի: Իսկ որ այս համագործակցությունը կարող է ապագա ունենալ ու շոշափելի արդյունքներ անձանագրել, անկասկած է այն տրամաբանությամբ, որ ՀՅԴ-ն համաշխարհային Սոցինտերնի ազդեցիկ անդամն է և բոլոր հնարավորություններն ունի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով լիբերալիզմը մերժող ալիքը փոխադրել նաև Հայաստան: Իսկ Հնչակյանների հետ ներքաղաքական համագործակցությունը, թերևս, թույլ կտա հայրենական քաղաքական դաշտում ձևավորել նոր քաղաքական բևեռ: Մանավանդ` ընդդիմության առումով մեր քաղաքական անդաստանն այդպես էլ արժանի ուժ կամ միավոր չունեցավ£ Ու եթե այսօր որոշ քաղուժեր, իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով, իշխանությունների հանդեպ ժողովրդի անվստահությունից են խոսում, պետք է որ իմանան նաև` ընդդիմություն կոչվածին էլ մարդիկ չեն հավատում£ Չեն հավատում, թե իշխանության գալով` երբեմնի քննադատները թեթևացնելու են իրենց հոգսերի բեռը£

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ