ԵՐԿԿՈ°ՂՄ ՇԱՀԵՐ այլ ոչ` մեկ կողմի կրկնակի շահ


ՎԱՂԸ մեր երկրի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նախագահը եռօրյա պետական այցով կժամանի Երևան: Առաջին անգամ Դմիտրի Մեդվեդևը, որպես ՌԴ նախագահ, Հայաստան այցելեց 2008-ի հոկտեմբերի 20-ին` Բաքվում լինելուց հետո: Ռուս-վրացական, իսկ որոշ վերլուծաբանների գնահատականներով «ռուս-ամերիկյան» կոչված հնգօրյա պատերազմի ավարտից անցել էր երկու ամսից մի փոքր ավելի, և աշխարհաքաղաքական կրքերը նոր միայն սկսել էին հանդարտվել: Վերստին գերտերության հավակնություններ դրսևորած Ռուսաստանի նորընտիր նախագահը տարածաշրջանային այց էր ձեռնարկել` անձամբ ճշտելու համար, թե Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը հռչակելուց հետո Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակը ինչ չափով է փոփոխել Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները: Հիշեցնենք, որ Բաքվում ՌԴ նախագահը արձանագրեց իրավիճակին ոչ համարժեք Իլհամ Ալիևի նկրտումները, և այցը համարվեց ընդամենը «ճանաչողական», իսկ Հայաստանում նախագահ Սերժ Սարգսյանի հետ լիարժեք փոխըմբռնման պայմաններում ստորագրվեցին միջպետական համագործակցությունն ընդլայնելու ու խորացնելու մի քանի պայմանագրեր: ՌԴ նախագահի ակնկալվող եռօրյա այցի օրակարգում, անշուշտ, ամենագլխավորը լինելու է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի գործունեության ժամկետը 49 տարով երկարաձգելու և տարածաշրջանային ռազմական անվտանգությունը երաշխավորելու նպատակով ռազմակայանի գործառույթներն ընդլայնելու մասին համաձայնա գիրը: Հավելյալ կստորագրվի համաձայնագիր` ըստ որի «Ռոսատոմ» ընկերությունը Մեծամորի միջուկային էլեկտրակայանում կկառուցի նոր միջուկային էներգաբլոկ: Այս ծրագրերի ռազմավարական, քաղաքական, տնտեսական ու էներգետիկ նշանակությունը դժվար է գերագնահատել: Մանավանդ` եթե նկատի առնենք, որ ՌԴ նախագահի այցից տասն օր առաջ Հայաստանի պաշտպանական ռազմավարությունը վերամշակելու աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել ու հավանութ յուն է տվել ռազմական արդյունաբերությունը, սպառազինությունը և ռազմական տեխնիկան զարգացնելուն նպատակաուղղված պետական ծրագրին: Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ Երևանում կգումարվի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների նախագահների երկօրյա ոչ պաշտոնական գագաթաժողովը: Այս հավաքի օրակարգի գլխավոր հարցը վերաբերելու է տարածաշրջանային անվտանգության և արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության խնդիրներին: Այս միջոցառումների կազմակերպական ու գործառութային լիակատար հստակեցումն անհրաժեշտ է դառնում, քանի որ Ռուսաստանը Հարավային Կովկասում փորձում է ճշգրտել նաև ԱՄՆ-ի հետ ուժերի հարաբերակացությունը: Հենց դա է պատճառը, որ Ռուսաստանը վերակազմավորում է Կովկասում իր զորախմբերի կառուցվածքը և մտադիր է կազմավորել «Յուգ» ռազմական շրջան, որը կներառի նաև Աբխազիայում, Հարավային Օսիայում և Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանները: Ռուս բարձրագույն ղեկավարությունն ուղղակիորեն հայտարարում է, որ «Յուգի» վերազինումը կավարտվի արդեն 2014 թվականին, իսկ այս ծրագրի նպատակը արևմտյան հնարավոր ռազմական միջամտությունն ու ոտնձգությունները կանխելն է: Ներկայացված համատեքստում բոլորովին էլ զարմանալի չէ, որ Ռուսաստանի հետ 1995 թվականին 25 տարի ժամկետով ու փոխադարձ համաձայնությամբ անվերջ 5 տարով երկարաձգելու պայմանով կնքված հարյուր կետանոց Մեծ պայմանագիրը լրացնելու և երկարաձգելու շուրջ աղմուկը հրահրում են Արևմտյան կենտրոնները: Հենց Արևմուտքն է տարածաշրջանում պատերազմի վտանգ ստեղծում: Նրանք հասկանում են, որ եթե այստեղ Ռուսաստանի ռազմաքաղաքական դերակատարությունը գերակա դառնա, ապա արևմտյան գրեթե բոլոր նախագծերը հարկ կլինի առնվազն վերանայել: Անհրաժեշտություն կառաջանա նաև հետխորհրդային ողջ տարածքում փոխել Արևմուտքի իրականացրած ռազմավարությունը, քանզի արդեն բացահայտ է, որ Քոնդոլիզա Ռայսի ներմուծած ռազմավարությունը ոչ միայն արդյունավետ չեղավ, այլ նաև դարձավ անհեռանկար: Ուստի Արևմուտքը ջանք չի խնայում` տագնապային տրամադրություններ հրահրել ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Հետևաբար, պետք է գիտակցել, որ Ադրբեջանին C-300 հրթիռային արդիական համակարգ վաճառելու Ռուսաստանին վերագրվող մտադրությունները լավ մտածված կեղծիք է ու ոչ ավելին: Խնդիրն այն է, որ օգոստոսի 21-ին Հայաստանի ու ՌԴ նախագահների ստորագրմանը ներկայացվելիք պայմանագիրը ուղղակիորեն նախատեսում է Գյումրիի ռազմակայանի վերազինում: Իսկ դա նշանակում է, որ եթե մինչ այս ռուսական ստորաբաժանումները միայն պետական սահմանն էին պաշտպանում, ապա այսուհետ նրանք պարտավորվելու են հայկական զինված ուժերի հետ համատեղ ապահովել մեր երկրի անվտանգությունը: Սա նշանակում է նաև մեր բանակի` ռուսականին համահավասար վերազինում` արդիական տեխնիկայով: Այլ խնդիր է, որ հիմնազուրկ չէ այն մտահոգությունը, թե Ռուսաստանը մեղմ ասած` միայնակ չի թողնում կամ անտարբեր չէ և Ադրբեջանի հանդեպ£ Եթե անգամ ՌԴ-ն Ադրբեջանին (կամ ուրիշ պետության) C-300 վաճառի, ապա դա կարող է լինել զուտ տնտեսական-առևտրային գործարք: Նման օրինակներ հայտնի են դեռ անցյալ դարի 70-ականներից, երբ ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիային ու մյուս դաշնակիցներին վաճառեց հնացած ու իր համար անպիտան դարձած «Պեռշինգ» միջին հեռավորութ յան բալիստիկ միջուկային հրթիռներ, քանի որ արդեն կային «Թրեյդենթները»: Ռուսաստանը մինչ այսօր C-300 կայաններ տեղադրել է միայն իր ռազմավարական շահերը պաշտպանելու գոտիներում: Եթե հրթիռային այս համակարգերը ՌԴ-ն սկսի վաճառել զուտ ֆինանսական օգուտ ստանալու նպատակով, ապա դա կնշանակի նաև, որ նա ունի դրանք լիովին չեզոքացնելու մեխանիզմները: Հայտնի է, որ Թուրքիան վաղուց արդեն ՆԱՏՕ-ից արդիական զինտեխնիկա չի ստանում և իր բանակի վերազինումն ավարտելու համար C-300 գնելու անպտուղ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ: Կովկասում ներկայություն ապահովելու համար Ռուսաստանը մեծ գին է վճարել դեռ դարեր առաջ ու, բնականաբար, ոչ մի դեպքում չի զիջի դիրքերը, մանավանդ, երբ բացահայտ է, որ դա կլինի իր վերջի սկիզբը: Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները է°լ ավելի զարգացնելու ու խորացնելու Ռուսաստանի քայլը լավագույն վկայությունն է, որ ՌԴ-ն հավանություն է տալիս մեր երկրի վարած արտաքին քաղաքականությանը: Ռուսաստանի հարավկովկասյան դիրքորոշման առաջին հաստատումը եղավ Սանկտ-Պետերբուրգում Հայաստան -Ադրբեջան-Ռուսաստան բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը: Ի տես ողջ աշխարհի ու միջազգային հանրության` ՌԴ¬ն հայտարարեց, որ ստանձնում է Արցախի հիմնախն դիրը կարգավորելու հիմնական պատասխանատվությունը` պահպանելով Մինսկի խմբի ձևաչափը: Հիմա հայ-ռուսական հարաբերությունները կստանան է°լ ավելի ցայտուն ու խորը ռազմավարական բնույթ, ինչը նշանակում է համագործակցության սերտացում բոլոր մյուս բնագավառներում£

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ