ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ


«Վերցրեք մեր ձիերը. մենք կճարենք նորերը: Վերցրեք մեր կանանց. մենք կգտնենք ուրիշներին: Վերցրեք երեխաներին. մենք էլի կծնենք: Բայց հողերին մեր ձեռք չտաք»: Հոն իշխանները` Չինաստանին Դատեցեք ինքներդ. հիշատակված պլանի առանցքային դրույթը հետևյալն էր` ամբողջությամբ փակել Պլևնեն շրջապատող օղակը, քաղաքը լիովին զրկել որևէ տեսակի համալրումներ և մատակարարումներ ստանալու հնարավորությունից և թուրքական կայազորին ստիպել անձնատուր լինել: Ասես մաշկով զգալով սպառնացող վտանգը, Օսման փաշան թուրքական ռազմական նախարարություն դիմեց երկու խնդրանքով` կամ թույլ տալ իրեն թողնել քաղաքը և հետ քաշվել դեպի Բալկանյան լեռներ, կամ ուղարկել նոր ու մեծաքանակ համալրում: Նրա առաջին խնդրանքն անգամ քննության չառնվեց, բայց երկրորդի առումով աշխատեցին քաջալերել ու բարձրացնել թե° Օսման փաշայի, թե° նրա տրամադրության տակ գտնվող զորքերի մարտական ոգին հավաստիացումներով, որ Սոֆիայի մոտակայքում արագորեն կազմավորվում է Պլևնեին օգնության շտապող թուրքական մի բանակ, իսկ Օրխանիե քաղաքի շրջակայքում ստեղծվել է ողջ անհրաժեշտ պաշարի հսկայական մի պահեստ` Պլևնեի կայազորի բոլոր կարիքների երկարատև հոգածության համար: Ի հակակշիռ այդ պլանների, ռուսական հրամանատարությունը ռազմաճակատ ժամանած թարմ ուժերով համալրեց և գեներալ Գուրկոյի հրամանատարությանը հանձնեց շուրջ 40 հազարանոց մի ջոկատ` նրան մարտական առաջադրանք տալով` փակել Սոֆիան Պլևնեի հետ կապող թուրքերի համար «կյանքի ճանապարհը» և միաժամանակ նախահարձակ լինել ու ջախջախել դեռևս լիովին չկազմավորված թուրքական նորաստեղծ բանակը: Երկարաշունչ մանրամասների մեջ խորանալուց խուսափելու համար ուղղակի կարճ ասեմ` այդ երկու առաջադրանքներն էլ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի ամենաակնառու զորահրամանատարներից մեկը` գեներալ Գուրկոն, կատարեց փայլուն կերպով: Հոկտեմբերի սկզբներին Պլևնեն հայտնվեց լիակատար շրջափակման օղակում: Այստեղ, սակայն, կարծում եմ, որ ավելորդ չի լինի մի փոքր էլ տեղեկանալ արդեն թուրքական ռազմական բարձրագույն հրամկազմի միջև առկա փոխհարաբերություններին, առավել ևս, որ այդ կարծես թե մասնավոր արժեք ունեցող հարաբերությունները զգալի հետևանքներ թողեցին պատերազմական գործողությունների գրեթե ողջ ընթացքի վրա: Սակայն պատկերի ամբողջությունը չխախտելու համար այն տեղափոխենք հաջորդ հատված: Այժմ ընթերցողի ուշադրությունն ուզում եմ սևեռել մի հանգամանքի վրա. 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմում թուրքական բանակներին բաժին հասած պարտություններում իրենց մեղքի մեծ բաժինն ունեին այդ բանակներն առաջնորդող թուրքական գեներալները` փաշաները: Օսմանյան կայսրության տնտեսական ընդհանուր հետամնացությունն, ի համեմատ արևմտյան տերությունների, կարող է ծնունդ տալ այն տեսակետին, թե ռուսական հաղթանակներն արդյունք էին ռուսական ռազմական տեխնիկայի բացահայտ առավելության հակառակորդի սպառազինությունների նկատմամբ: Որքան էլ որ քիչ հավատ ընձեռող հնչի ասվածը, սակայն դա բացարձակապես այդպես չէր, ինչ-որ տեղ անգամ հակառակը: Թուրքական հրետանին բացահայտորեն չէր զիջում բոլոր ժամանակներում աշխարհում լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը հանդիսացող ռուսական հրետանուն: Իսկ հետևակի զինվածության առումով այն զգալիորեն գերազանցում էր ռուսականին` նկատի ունեմ հրացանների որակական բնութագիրը: Ճիշտ է, այդ ամենն ուներ բացառապես արևմտյան ծագում. պատերազմից ոչ շատ առաջ թուրքական ռազմական նախարարությունը հսկայական քանակի սպառազինություններ էր ձեռք բերել այնտեղի լավագույն ռազմական գործարաններից, բայց մենք այստեղ ձեզ հետ միասին քննարկում ենք ոչ թե այն, թե ում ձեռքի զենքը որտեղից էր, այլ պարզապես` ում ձեռքին ինչ զենք կար: Մի զուտ տեխնիկական մանրամասն` վերցված Ա. Պարշևի «կՏփպՎց ՀՏրրՌÿ վպ ԸՎպՐՌՍՈ » առաջին իսկ օրից դասական դարձած գրքից` «...մինչև Ալեքսանդր III-ը (հենց նրա օրոք ողջ ռուսական բանակն ստացավ մոսինի «երեք գծանի» գերազանց որակի հրացանը - Ռ. Ա.), օրինակ, ռազմա-տեխնիկական քաղաքականության մեջ տիրում էր այնպիսի մի շիլաշփոթ, որ մի շարք տարիների ընթացքում ամեն տարի բանակի սպառազինության համար ընդունվում էր հրացանի նոր նմուշ. դրանք հիմա ոչ ոք չի էլ հիշում` Տեռռա-Նորմանի (1866), Կառլեի (1867), Կռնկայի (1868), Բերդանի N1 (1869), Բերդանի N2 (1870) հրացանները: Պատկերացնո՞ւմ եք ինչ էր կատարվում 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Մի մասի ձեռքին «բերդանկա» էր, մյուսների` «կռինկա» (Կռնկայի հրացանը), առաջինների մոտ փամփուշտները վերջացել են, մյուսներն ունեն, բայց հրացաններին համապատասխան չեն»: Նախքան թուրքական գործող բանակների հրամանատարների միջև առկա հարաբերությունները ձեզ ներկայացնելը, ուզում եմ իմ կարծիքով ոչ ավելորդ երկու բան ասել. առաջինը` թուրքական գահի ժառանգման մի քանի առանձնահատկությունների, երկրորդը` անձամբ Աբդուլ-Համիդ II-ի գահ բարձրանալու որոշ հանգամանքների վերաբերյալ: Ամենից առաջ նշենք, որ օսմանյան կայսրությունում գահն անցնում էր ոչ թե հորից ավագ որդուն, այլ Օսմանի տոհմի ավագին, ինչը երբեմն արյունալի երկպառակություններ էր հրահրում գահաժառանգության համար, մի բան, որ անհամեմատ ավելի մեծ չափեր կընգրկեր, եթե սուլթանները սովորություն չունենային գահ բարձրանալիս բնաջինջ անել իրենց բոլոր հարազատներին: Այդ դաժան սովորության սկիզբը դրեց սուլթան Մուրադի որդի Բայազետը (1389-1402), թեև ասենք նաև, որ այն պահպանվում էր ամենևին էլ ոչ միշտ, բայցևայնպես բավականին հաճախ: Շատ հետաքրքիր անցուդարձերի է ծնունդ տվել այդ սովորությունը, բայց թողնենք դրանք մի ուրիշ հարմար առիթով ներկայացնելու համար և ավելացնենք միայն հետևյալը. հիշատակված սովորությունը մի տեսակ կարծես ինքնիրեն էլ դադարեց գործելուց միայն սուլթան Մահմուդ II-ի տիրակալությունից հետո (1808-39): Սա` ինչ վերաբերում է գահաժառանգությանը: Պակաս հետաքրքրական չեն նաև հակառակ` գահընկեց անելու գործառություններն իրենց յուրօրինակ բազմազանության հանրագումարում: Մենք առանձնապես չենք մանրամասնի դրանցից ենիչերների բարձրացրած բազմաթիվ խռովությունների հետևանքով գահից զրկված և նման գրեթե բոլոր դեպքերում գլխատված կամ խեղդամահ արված սուլթանների, պալատական հեղաշրջումների արդյունքում իշխանությունից վար բերված սուլթանների, հարեմի ու էլի մի շարք այլ ուժերի միջոցով գահավիժած սուլթանների պատմությունները և այստեղ կներկայացնենք նրանցից միայն մեկը, որն առաջին հայացքից որքան էլ անհեթեթ թվա, բայց զարմանալիորեն էլ համեմատաբար հաճախ գործնականում կիրառվում էր: Իսկ խոսքն ահա թե ինչի մասին է. աշխարհում շատ քիչ տիրակալներ իրենց ունեցած իշխանության անսահմանափակությամբ կարող էին համեմատվել թուրքական սուլթանների հետ, սակայն վերջիններս հենց իրենք էլ մի սողանցք էին թողել, որով հնարավոր էր համապատասխան իրավիճակների առաջացման դեպքում գահընկեց անել նրանց: Սուլթանները միաժամանակ հանդիսանում էին ինչպես ողջ աշխարհիկ, այնպես էլ ամբողջ հոգևոր իշխանության գերագույն կրողները: Երկրի անմիջական կառավարումը, սակայն, իրականացվում էր չափազանց բարդ հիերարխիական կառույցի միջոցով, որի գլուխ կանգնած էին մեծ վեզիրը` օժտված աշխարհիկ իշխանության լիազորություններով և շեյխ-ուլ-իսլամը կամ մուֆտին` հոգևոր: Շեյխ-ուլ-իսլամները հրատարակում էին վճիռներ, այսպես կոչված` ֆետվաներ, որոնք սովորաբար կազմված էին լինում հարց ու պատասխանի տեսքով` հանդիսանալով օրենքի մեկնաբանության մի տեսակ վերջին ատյանի վավերացում: Մոտավորապես մեր այսօրվա սահմանադրական դատարանի նման: Սակայն, ի տարբերություն մեր դատարանի, շեյխ-ուլ-իսլամները, թեև այդ պաշտոնին էին նշանակվում սուլթանների բացառիկ բծախնդիր ընտրությունից հետո միայն, բավականին հաճախ հրատարակում էին ֆետվաներ, որոնք ծառայում էին որպես գործող տիրակալին գահընկեց անելու գործիք: Սա, իհարկե, չպետք է հասկանալ այնպես, թե մահմեդական բարձրաստիճան հոգևորականը ուզած պահին նստում ու մի թուղթ էր գրում, թե` սուլթանը լավը չէ, եկեք փոխենք նրան, ու պալատական պահակախումբը տեղնուտեղը գալիս ու ոլորում էր սուլթանի թևերը: Ամենևին: Ես մի փոքր վերը գրել էի «համապատասխան իրավիճակների առաջացման դեպքում» բառերը, այսինքն` ֆետվաները հանդիսանում էին դավադրությունը հաջող ավարտին հասցնելու եզրափակիչ օղակը: Սակայն երբեմն այդ թղթի կտորներն օգնում էին կայսրությանը` առանց ավելորդ ցնցումների ազատվել սուլթանի գահին բազմած ակնհայտորեն թուլամիտ կամ մոլագար անձնավորություններից: Ասվածը լուսաբանող դասական օրինակ կարող են ծառայել հենց Աբդուլ-Համիդ II-ի գահ բարձրանալու հետ կապված հանգամանքները: Ուրեմն այսպես, 1861-76 թթ. Թուրքիայում տիրում էր սուլթան Աբդուլ-Ազիզը, որին ժամանակակիցները բնութագրել են որպես երեսպաշտ, հեշտասեր ու արնախում բռնակալ` իր վարքուբարքով առավելապես հիշեցնող 17-րդ և 18-րդ դարերի սուլթաններին: Ինչ-ինչ պատճառներից ելնելով` մեծ վեզիր Մուհամեդ Ռուշդի փաշան նրա դեմ դավադրություն կազմակերպեց, որի մասնակիցների շարքերում էին ազդեցիկ նախարարներ Միդհատ փաշան, Հուսեյն Ավնի փաշան և ուրիշներ, ինչպես նաև շեյխ-ուլ-իսլամը: Վերջինս գրեց հետևյալ բովանդակությամբ մի ֆետվա. «Եթե ուղղահավատների տիրակալը ապացուցում է իր խելացնորությունը, եթե նա չունի պետությունը ղեկավարելու համար անհրաժեշտ քաղաքական գիտելիքներ, եթե նա կատարում է անձնական ծախսեր, որոնց պետությունն ի վիճակի չէ դիմանալ, եթե նրա գահակալությունը սպառնում է կործանարար հետևանքներով, ապա պե՞տք է, արդյոք, նրան գահընկեց անել, թե ոչ»: (Շարունակելի)

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ