«Մեղավոր էլ լինի, մեր ընկերն է»


Ճակատագիրը յուրատեսակ պատասխանն է ապրած կյանքի, արած ու չարած գործերի: Եվ բոլորն էլ պարբերաբար կանգնում են այնպիսի պահերին հանդիման, երբ պատասխան են ստանում երկինք ուղարկված «քսիֆների» դիմաց: Վերջին օրերին փորձեցին ՀՀկ-ին ներքաշել նման մի իրավիճակի մեջ: Դեռ չպարզաբանած Հովհ. Գալաջյանի, Սուրեն Աբրահամյանի ծեծերի հետ կապված պատմությունները, անսպասելի առաջ եկավ նորաթուխ ՀՀԿ-ական, պատգամավոր Հակոբ Հակոբյանի հարցը: Սրան գումարած նորից ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի` ԱԺ-ի շենքում անվայելուչ պահվածքի հարցը: Ճակատագիրը` ճակատագիր, բայց ակնհայտ է, որ երկրային ինչ-որ մի ձեռք փորձում է իր «սրբագրումները» կատարել այդ գրի մեջ` Սուրեն Աբրահամյանի, Հովհ. Գալաջյանի ծեծերը ուղղորդելով դեպի ՀՀԿ: Այս ձեռքի գոյությունն է վկայում նաև այն փաստը, որ սովորական մի ծեծկռտուք, ինչպիսիք մեզ մոտ հաճախ են լինում, հանկարծ այսպիսի հրապարակայնություն է ստանում, դատախազությունն է միջամտում, պատգամավոր է ձերբակալվում և այլն: Հենց պատգամավորի բնորոշմամբ սա դարի հանցագործությունը չէր և, ցանկության դեպքում հնարավոր էր սա էլ չնկատելու տալ, իսկ առաջացած հարցերը լուծել ավանդական եղանակով. հավաքվում են «թագավոր» ախպերները և կայացնում որոշում, որը պարտադիր է երկու կողմի համար էլ: Բայց... Այսօրվա մեր նպատակը նախախնամության ձեռքի երկրային տեղապահին փնտրելը չէ, հատկապես ՀՀԿ, ԲՀԿ, նախագահական ապարատ երկրաչափական մարմնում, քանի որ բախտագուշակության վրա հիմնված լրագրությունը անլիարժեք է` մեղմ ասած: Ավելի ճիշտ, խնդիրը բնավ էլ դա չէ: Խնդիրն այն է, թե հայաստանյան քաղաքական կյանքում հսկայական դեր խաղացող կուսակցությունն ինչպե՞ս կընդունի իր կուսակցի ձերբակալման լուրը: Արդյո՞ք դա կընկալի որպես իր ամբիցիաներին նետված մարտահրավեր և ոտքի կկանգնի պաշտպանելու այն, թե՞ կգերիշխի պետական մտածողությունը և պետության շահի գիտակցումը: Մի առիթով ՀՀԿ քարտուղար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն ոհմակ չէ, որ բոլոր դեպքերում պաշտպանի իր անդամի շահերը: Ի պատիվ այս կուսակցության, պետք է ասել, որ այս անգամ նա կարողացավ վեր կանգնել մեր ազգային մենթալիտետից, իրար հետ աղ ու հաց կիսած մարդկանց միջև իրար չնեղացնելու պարտավորվածությունից: ԱԺ արտահերթ նիստում, որը հրավիրված էր պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման համար, ամենահստակը ՀՀԿ խմբակցության դիրքորոշումն էր. - Հակոբ Հակոբյանը մեր ընկերն է, մեղավոր էլ լինի` մեր ընկերն է, բայց մենք քվեարկելու ենք պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Մենք չենք կարող խոչընդոտել արդարադատության իրականացմանը:

Գ. ԱԲԳԱՐՅԱՆ