Էլ ի՞նչ մնաց, հա¯... երկաթուղին


Կառավարության հերթական նիստում «Հայկական երկաթուղի» ընկերությունը 40 տարվա ժամկետով հավատարմագրված կառավարման հանձնելու որոշում է կայացվել: Մինչ այս երկրի քաղաքացիները կփորձեին վերլուծել ու հասկանալ, թե Հայաստանի համար շահավե՞տ է, ձեռնտո՞ւ է այլոց կողմից երկաթուղու տնօրինումը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն շտապում է տեղեկացնել, որ որոշման հաստատումից հետո այս գործընթացը կարելի է սկսված համարել: Երկաթգիծը հավատարմագրված կառավարման հանձնելը, բնականաբար, պիտի կանխորոշի որոշակի տնտեսական հեռանկար: Ի՞նչ է, ըստ այդմ, սպասվում, ի՞նչ կարգով և ո՞ւմ ձեռքն է անցնելու «Հայկական երկաթուղին»: Երկաթգծի ապագա կառավարողը կորոշվի միջազգային մրցույթի միջոցով, որը կարող է տևել մինչև մեկուկես տարի: Կառավարման հանձնելու մյուս պայմանը. երկաթուղին կառավարման վերցնող (այսինքն` մրցույթում հաղթող) ընկերությունը պարտավորվում է տասնհինգ տարում 170 մլն դոլարի ներդրում կատարել: Գործարքի տնտեսական նպատակահարմարությունը քննարկելը թողնում ենք նրանց, ում համար «Հայկական երկաթուղին» հրապուրիչ հեռանկար է, ովքեր պատրաստվում են մասնակցել միջազգային կոչվող մրցույթին: Իսկ առաջին նախապատրաստվողն արդեն հայտնի է: Որոշման թանաքը դեռ չչորացած, նույն օրն ևեթ «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերությունը հասցրել է քննարկել «Հայկական երկաթուղու» վարձակալական կառավարման տենդերին մասնակցելու հարցը: Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը: Ռուսներն, ինչպես երևում է, լավ տեղն արել են, ձեռնտու գործարքների համն առել են: Եվ այն, որ մեր երկաթուղին ոչ մի արևմտյան ընկերության չի հանձնվի վարձակալական կառավարման, արդեն ակնհայտ է: Ինչպես դա տեղի ունեցավ մեր էներգետիկ օբյեկտների հետ, որոնք պիտի որ առաջացնեին արևմտյան ներդրողների հետաքրքրությունը, սակայն արդյունքում ռուսական «պատկանելություն» ստացան: Այսպես ռուսների վերահսկողության տակ կանցնի նաև «Հայկական երկաթուղին»: Ռուսական կողմի արագ արձագանքը հայկական կողմից անարձագանք չի մնացել: Երկաթգծի տնօրեն Արարատ Խրիմյանը հայտարարել է երկաթուղին ռուսներին հանձնելու իր ցանկության մասին. «Անձամբ ես շատ կկամենայի, որ Ռուսաստանը մասնակցեր մրցույթին և հաղթեր: Մեր շարժակազմը շատ վատ վիճակում է: Երկու տարի անց մենք այլևս չենք ունենա այնպիսի շարժակազմ, որը երթևեկի դեպի արտասահման»: Ստացվում է, որ որևէ այլ ներդրող, բացի ռուսներից, շարժակազմի նորացման խնդիրը չէր լուծելու: Ռուսները հիմա էլ մեր երկաթուղուն են աչք դրել, որովհետև գիտեն, որ տվող ենք, իսկ տվողից վերցնում են: Եվ պարզվում է, սխալվել ենք, ասելով, թե ինչ կա-չկա, տվել ենք, հանձնել ու բաշխել ենք, ու տալու բան էլ չկա: Ինչպես ասում են` էս էլ ու պը°րծ: Միամիտ չլինեք: Ինչքան չլինի, երկիր ենք (ջրի գնով ջուրը գցելու), օբյեկտներ դեռ շատ կգտնվեն: Դուք ասեք` տալու հետևանքները կշռող, օգուտն ու վնասը չափող գտնվի: Փոխարենը նման «չափումներ» անում են ռուսները: Երկաթուղուց էլ լավ լծա՞կ` հարկավոր պահին հարկավոր քայլ անելու համար: Վերջը բարի լինի:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ