Շեքսպիրյան միջազգային փառատոն


Երևանում հերթական անգամ մեկնարկեց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որը կրում է հայ մեծ ողբերգակ Վահրամ Փափազյանի անունը: Հայաստանյան այս թատերատոնը վաղուց ի վեր ձեռք է բերել միջազգային գրանցում և դասվել աշխարհի առաջնակարգ փառատոների շարքին: Եվ սա պատահական չէ: Հայաստանը շատ վաղուց ճանաչվել է շեքսպիրյան ավանդույթներ ձևավորած երկիր, որտեղ 1860-ականներից բեմադրվում են հանճարեղ անգլիացու ստեղծագործություն ները, ձևավորում սեփական մեկնաբանություններ և արտահայտչական համակարգեր: 1944-ին, Երկրորդ աշխարհամարտի վճռական տարում, Երևանում կազմակերպվեց Շեքսպիրյան ներկայացումների համամիութենական երկրորդ կոնֆերանսը, որով էլ սկիզբ առավ փառատոների ավանդույթը: 1981-ին Հրաչյա Ղափլանյանի, Ալբերտ Ասլամազյանի և Մարգարիտա Յախոնտովայի ջանքերով վերականգնվեց փառատոնը` իր ազդագրում ներառելով ԽՍՀՄ առաջատար թատրոնների ներկայացումներ: 2000-ականների սկզբներին Հակոբ Ղազանչյանը հիմնավորեց շեքսպիրյան մենաներկայացումների փառատոնը, որն էլ միավորվելով 1980-ականներին գոյավորված սկզբունքներին ու միտումներին` վերածնեց Շեքսպիրյանը` Հայաստան հրավիրելով աշխարհի տարբեր երկրների նշանավոր թատրոնների բեմադրիչների, դերասանների: 2011-ի փառատոնը բացվեց Մոսկվայի Ա. Չեխովի անվան Գեղարվեստական թատրոնի «Տասներկուերորդ գիշեր» բեմադրությամբ, որի հեղինակն աշխարհահռչակ բեմադրիչ Դեկլան Դոնելլանն է: - Մենք կամեցանք փառատոնը բացել հատկապես այս բեմադրությամբ, քանի որ այն կարծես ժխտում է շեքսպիրյան կատակերգությունների բոլոր բեմադրական ավանդույթները, վերադառնում դեպի Վերածննդի ժամանակները, կիրառում որոշ մեթոդներ շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի բեմադրական սկզբունքներից: Սա նորարարական բեմադրություն է, որը, մեր համոզմամբ, կարող է նպաստել, որպեսզի հայ թատրոնում ևս մշակվեն շեքսպիրյան կատակերգությունների բեմադրությունների նոր միտումներ,- նշեց փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը: Դեկլան Դոնելլանի բեմադրության մեջ միահյուսված են ավանդականն ու նորարարականը: Այստեղ հայացք է հառված այն հաստատումներին, որոնք շեքսպիրյան բեմադրությունների ոլորտ բերեցին Էդվարդ Գորդոն Կրեգը և Պիտեր Բրուքը: Այն մասնավորաբար բրուքյան «դատարկ տարածության» մոդելն է բերում, որը ներկայացման ընթացքում հագենում է ակտիվ բեմական կյանքով, ուշագրավ կատակերգական իրադարձություններով: - Հայաստանում վաղուց են դիմում փորձարարության, ընդարձակում շեքսպիրյան արտահայտչականությունը, դիմում ամենատարբեր խիզախ ու համարձակ վճիռների: Հետևաբար այս բեմադրությունը կարծես միավորվում է մեր հիմնավորած ավանդույթներին և հաստատում, որ ժամանակների հոլովույթում երբեք չի հնանում Շեքսպիրը, երբեք չի կորցնում իր հանդեպ մեծագույն հետաքրքրությունը: Կարելի է ասել, որ անսահման է շեքսպիրյան ստեղծագործությունների տիրույթը, որտեղ ամեն անգամ կարելի է նորանոր հայտնագործություններ անել,- ներկայացման ավարտից հետո ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ում «Լիր արքա» բեմադրությունը ևս ընդգրկված է փառատոնային ազդագրում: Այս տարի հայկական բեմական շեքսպիրապատումը կներկայացնեն Արմեն Խանդիկյանը` «Հուլիոս Կեսար», Վահե Շահվերդյանը` «Լիր արքա», Լիկա Էլբակյանը` «Ռոմեո և Ջուլիետ», Հրաչյա Ղազարյանը` «Լեդի Մակբեթ» և ուրիշներ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ