«Արգելագոտու հաղթահարում»` դավադիր «կրակների» կողքով


Վերջին մեկ տարում, գեներալ-լեյտենանտ Վլ. Գասպարյանի` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո, Ռազմական ոստիկանության վարչության և Քննչական ծառայության աշխատանքների եռամսյա ամփոփումները համատեղ են անցկացվում: Ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքների ամփոփմանը մասնակցում էր նաև Զինդատախազ Գևորգ Կոստանյանը: Եվ ինչպես միշտ, փոխնախարարը նախընտրեց չբավարարվել արձանագրված թվերն ու փաստերը ներկայացնելով: Հատկապես վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերից հետո խորը վերլուծությունների, կանխարգելիչ աշխատանքների անհրաժեշտությունը է´լ ավելի է մեծացել: Այնուամենայնիվ, որոշ փաստեր հրապարակվեցին. դիտարկվող ժամանակահատվածում հանցագործությունները 4,7 %¬ով նվազել են: Շտապենք փարատել աղմկասերների պոռթկումները. ներկայացված նվազումն ընդհանուր պատկերն է: Իսկ եթե մանրամասնենք, հանցանք-զանցանքների առանձին տեսակներով նաև աճ է արձանագրվել, բայց ոչ այնքան, որ չարակամների հոգին խնդա: Այսպիսով, 2010¬ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` հանցակազմ պարունակող հանցագործություններն ու դեպքերը նվազել են 19,5 %¬ով, զորամասն ինքնակամ լքելու դեպքերն ավելացել են 8,6 %¬ով, կենցաղային մարմնական վնասվածք ներն ու հիվանդությունները նվազել են 10,5 %¬ով: Ամենակարևորը` մահվան ելքով դեպքերը նվազել են 30,4 %¬ով: Այս առնչությամբ դիպուկ է փոխնախարարի նկատառումը. - Այլ պարագայում մարդկային կյանքը ես տոկոսներով չէի հաշվի, բայց 30,4 % նվազումը փաստ է: …Վերլուծելով վերջին դեպքերը, ես տեսնում եմ, որ որոշակի դաժանություն, ինչ¬որ ստվերային «սկզբունքներ» կան մարդկանց մեջ: Իսկապես` ցավալի իրողություն, որը նաև քաղաքացիական կյանքում է ակնհայտ: Գործարար կոչվող առևտրականներից մինչև նրանց թելադրած գների ծանրության տակ կքած «շարքային» քաղաքացիները հետզհետե ավելի անհանդուրժող են դառնում: Ու այդ անհանդուրժողականությունը ևս բանակ է «զորակոչվում». ոմանք բռունցքները գործի դնելու մոլուցքով, ոմանք` այդպիսիներին դուր գալու նենգ հնազանդությամբ, ոմանք էլ` այդպիսիներից հեռու մնալու ճիգերով: Ընդգծենք` հիվանդ հասարակությունից առողջ բարքեր չեն կարող բանակ թափանցնել: Բայց դրամաշնորհակերները հատկապես բանակով են տարված: Դրա պատճառներն էլ հստակ են. քաղհասարակությունը փակ կառույց չէ. առանց լրացուցիչ վճարների իրենք էլ գլուխ կհանեն: Ոչ միայն գլուխ կհանեն, այլ մի լավ կհիվանդացնեն. մթնոլորտը կաղտոտեն, մարդկային հարաբերությունները մի լավ կխառնշտեն` թեկուզ տարատեսակ աղանդավորներով, առանձին լրատվամիջոցներով: Արժանապատվութ յուն ունեցող յուրաքանչյուր լրագրող պիտի որ ամաչեր չորրորդ իշխանության հանդեպ ձևավորված անհարգալից վերաբերմունքից: Ավաղ, սակայն չես կարող չհամաձայնել Վլադիմիր Գասպարյանի` իր գործընկերներին ու ենթականերին ուղղված կոչի հետ. - Իմ բոլոր գործընկերներին առաջարկում եմ ուշադրություն չդարձնել թերթերի գրվածքներին, և շարունակեք սրբորեն կատարել ձեր պարտականութ յունները: Այդ գրվածքները մեծ մասամբ հեռու են իրականությունից և այլ նպատակներ ունեն: Ինքս որևէ հարցում մեղավոր չլինելով` պատրաստ եմ ընդունել բանակին վերագրվող բոլոր մեղքերը, միայն թե ամեն ինչին ճիշտ գնահատականներ տրվեն: Նորից եմ կրկնում. ոչ թե օտարները պետք է կառուցեն մեր բանակը, այլ մենք ենք կառուցում: Մենք գիտենք, որ ծառայում ենք օրենքին. թույլ չենք տալիս և թույլ չենք տալու, որ բանակն օգտագործվի` ինչ¬որ քաղաքական երևույթներ կարգավորելու համար: Ինքներս էլ գիտենք, որ այդպիսի նկրտումները վայնասունից այն կողմ չեն անցնում: Մենք ԶԼՄ¬ների և տարբեր հասարակական ու քաղաքական կազմակերպությունների թիրախն ենք դարձել, բայց դրանց դատափետումներից ընկճվելու իրավունք չունենք. պետք է շարունակենք բազմապատկված պատասխանատվությամբ` հնարավորինս կանխելով և օբյեկտիվորեն ու օպերատիվ կերպով բացահայտելով հանցագործությունները: Վստահ գնացեք այն ճանապարհով, որը նախանշվել է Պաշտպանության նախարարի այս տարվա թիվ 1 հրամանով ու դրան հաջորդող բազմաթիվ ցուցումներով: Համարեք, որ անցնում ենք արգելագոտու հաղթահարում` ուշադրություն չդարձնելով կողքի դավադիր կրակոցներին: Խոսողները թող խոսեն, մերը` գործելն է: Քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ փաստերով է հիմնավորում իր կարծիքը` - Վերլուծության արդյունքներով ակնհայտ է, որ զգալիորեն խստացել են թե´ քրեական քաղաքականությունը, թե´ պատժողական: Հաջողությունները բազմապատիկ շատ են, բայց անգամ հատուկենտ թերությունները խանգարում են դրանց լիարժեքությանը: Զինվորական դատախազ Գևորգ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ևս անհաշտ է թերություն-թերացումների հետ և ողջամիտ լուծումներ գտնելու համար նպաստավոր է համարում այս տիպի խորհրդակցությունները. - Ցավոք, այս դեպքերի փաստը, թերևս, ինքնին վկայում է, որ մեր աշխատանքը ևս գուցե այնքան էլ արդյունավետ չէ, բայց հարկ է նաև փաստել. միայն իրավապահ մարմինների աշխատանքը չէ, որ պետք է ընդհանրապես բացառի հանցավոր վարքագիծը` Զինված ուժերում: Այդ ուղղությամբ հավասարապես անելիք ունի նաև հասարակությունը: Մենք միշտ ողջունելի ենք համարել ցանկացած քննադատություն` եթե այն կառուցողական է, առողջ, այլ ոչ թե բամբասանք ու հերյուրանք: Մենք հայտարարում ենք, որ բոլորս պատրաստ ենք քննարկել ցանկացած գործ` ցանկացած ձևաչափով: Սակայն շատերը գերադասում են ոչ թե կառուցողական քննարկումը պրոֆեսիոնալ հենքի վրա, այլ անառողջ և հերյուրանք պարունակող, իրականության հետ որևէ առնչություն չունեցող «փաստերի» շարադրումը: Այդ քննադատողներից որևէ մեկը մինչև հիմա չի ընտրել կառուցողական համագործակցության մեխանիզմը, որպեսզի գա, ներկայացնի իր առարկությունները, իր դիրքորոշումը, իր փաստարկները, և համատեղ քննարկենք, որոշենք, թե որտեղ ենք թերացել... Այսուհանդերձ, մենք ունենք թերացումներ և թերություններ: Թերացումները կոնցեպտուալ բնույթի են, իսկ թերությունները` առարկայական, կոնկրետ գործերով: Դրա համար բոլորս պետք է աշխատենք համակարգված. հատկապես քննիչներն ու ոստիկանները պետք է սերտորեն համագործակցեն: Կուզենայի, որ մենք ինքներս բավարարվածություն ստանայինք մեր աշխատանքից. սա կարևոր չափանիշ է` անկախ` գնահատականներից, անկախ` փողոցներում կամ որոշ լրատվամիջոցներով հնչող սադրանքներից: Խոսքն, իհարկե, ոչ թե ինքնագոհության, այլ այն բավարարվածության մասին է, որն ընկալելի կարող է լինել միայն իր գործի նվիրյալ, սկզբունքային մասնագետի համար: Իսկ ինչ վերաբերում է պատվերով բարբաջողների հետ կառուցողական քննարկումներին, ապա դա չի կարող ձեռնտու լինել նրանց: Իրականությունը ճշմարտապես ներկայացնելու համար դրսի պատվիրատուները նրանց քսակները չեն լցնի, որովհետև հասարակությանը թունավորելու առիթ չեն գտնի: ՌՈ վարչության պետ, գնդապետ Արամ ՏԵՐ¬ՍԱՀԱԿՅԱՆԻ խոսքը ևս թվական տվյալներից զատ, գործնական առաջարկներ էր պարունակում. - Անցած 9 ամիսների ընթացքում մենք չենք կարողացել լուծել նախահարձակ լինելու խնդիրը և շատ հարցերում չենք կարողանում համապատասխան հետևողականութ յուն ցուցաբերել: Երբեմն մենք գնում ենք դեպքերի ետևից, որը նաև իրավիճակով է թելադրված: Իր ստեղծման օրից Ռազմական ոստիկանությունը ստանձնել է լոկոմոտիվի դերը, որը պետք է պահպանենք` որքան էլ դժվար լինի: Պետք է ավելի ճիշտ ընտրենք մեր թիրախները, որպեսզի կարողանանք կասեցնել որոշ հանցատեսակների աճը, ինչը պայմանավորված է և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ գործոններով: Քննարկում-ամփոփումը շատ ավելի երկար կտևեր, սակայն զոհված զինվորների հարազատների հետ հանդիպումն ուշացնել չէր կարելի: Եվ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը վերստին պարտավորեցրեց ու հորդորեց ներկաներին. - Աչալուրջ և հոգատար եղեք: Բանակում մե´նք պետք է ավանդույթներ թելադրենք, ոչ թե` թափթփուկը, անդաստիարակը, տկարամիտը: Ոստիկանը չպետք է կոտրվի. դրա համար հարկավոր է օրավուր կատարելագործվել, ամրանալ, մասնագիտական հմտությունները զարգացնել, ավելի հետևողական լինել և բարձրացնել կատարողական կարգապահությունը: Մենք ունե´նք արդյունքներ. ուրեմն ընթանում ենք ճիշտ ճանապարհով: Մեր թերություններն էլ ենք տեսնում. ուրեմն` պատրաստ ենք վերացնել: Մեր իսկ փորձով գիտենք, որ չկան չբացահայտվող հանցագործություններ. լինում են ուշ կամ շուտ բացահայտվող ներ, լավ կամ վատ աշխատակիցներ և լավ կամ վատ համագործակցություն: Ընկալենք ու գիտակցենք, որ պատմական ժամանակահատվածում ենք ապրում և մեր երկիրը կերտողներից ենք: Լիարժեքորեն կատարենք օրենքի պահանջը, Նախարարի ցուցումները և միշտ հիշենք, որ Բանակի դեմ ուղղված ամեն հանցանք մեր անձի դեմ է ուղղված, ապտակ է մեզ: Գեներալ-լեյտենանտի լավատեսական համոզմունքը ևս հիմնավոր է` հաստատակամության արտահայտություն. - Աշխատանքի ոճը, մարտավարությունն ընտրված է, և առկա են արդյունքները: Նախարարի` «Զրո հանդուրժողականություն» ցուցումը ամենօրյա ջանադիր աշխատանքի պահանջ է, որը պետք է պատվով կատարենք: Մենք ունենալո´ւ ենք մեր պահանջներին համապատասխան զորամասեր, մեր ժողովրդի հարգանքը վայելող Բանակ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻ պատասխանը Panorama.am կայքի հարցին - Պարոն փոխնախարար, հոկտեմբերի 16-ին, ժամը 20:00-ի սամաններում Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժել են զինված ուժերի ժամկետային երեք զինծառայողներ, որոնցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է: Երևանում տեղակայված զորամասում ծառայող զինվորները արդյո՞ք իրավունք ունեին գտնվել Սևանի ճանապարհին: Ու՞մ մեղքով է տեղի ունեցել խաղաղ պայմաններում ևս մեկ զինվորի կորուստը: - Նախ, ցավակցում եմ ավտոպատահարից մահացած ժամկետային զինծառայող Էդմոն Ալեքսանյանի հարազատներին: Դեպքի կապակցությամբ կարող եմ նշել, որ ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեին կարճատև արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չունեին դուրս գալ Երևանի կայազորի տարածքից: Որպես կանոն, զինվորները կարճատև արձակումից առաջ համապատասխան հրահանգավորում են ստանում իրենց ստորաբաժանման ղեկավարութ յան կողմից: Տվյալ դեպքում այդ զինվորները, հետևելով իրենց ազգականների հորդորներին, իրենց ազգականի ավտոմեքենայով դուրս են եկել Երևանի կայազորի տարածքից և ուղղություն վերցրել դեպի Սևան, որտեղից այդ նույն մեքենայով վերադառնալիս տեղի է ունեցել ավտոպատահարը: Կոչ եմ անում զինծառայողների ծնողներին և ազգականներին զերծ մնալ անհարկի միջամտություններից, որոնց հետևանքով խախտվում են զինվորական կանոնակարգե րը` բոլոր անցանկալի հետևանքներով: Տվյալ դեպքում ավտոճանապարհային այս պատահարը չէր լինի, եթե զինծառայողների հարազատները նրանց չմղեին ոչ օրինական գործողությունների:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ