ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈ´Ւ ՄԵՐ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՑ «Զրո հանդուրժողականություն»` որ չտուժի Բանակը


Անկախ պետականության արժեքը գիտակցողների համար հոգածության առարկա է այդ պետականության երաշխավոր բանակը: Գիտակցում են նաև, որ այդ կառույցի թափանցիկությունն էլ որոշակի վերապահումներ պիտի ունենա: Մեզանում, սակայն, ինքնակոչ մի խումբ չգիտես ինչի պաշտպաններ գանակոծման և քաղաքական շահարկումների թիրախ են դարձրել Բանակը ու փողոցային (բառի ամենաուղիղ իմաստով) աղմկարարությամբ իրենց պահանջատեր են կարգել: Գուշակ կամ խուզարկու լինել պետք չէ` հասկանալու համար, որ այս մարդկանց համար դրամաշնորհն ամենաբարձրագույն արժեքն է, որի առջև խոնարհվում են կռապաշտ մոլեռանդությամբ: Այս առումով դիպուկ է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ¬լեյտենանտ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻ նկատառումը. - Մեր երկրի բանակի համար ինչպե՞ս կարող է ցավել այն մարդկանց սիրտը, ովքեր ֆինանսավորվում և աշխատավարձ են ստանում ա´յլ երկրներից: Ի՞նչ սրտացավութ յուն կարող են ունենալ նրանք, ովքեր սպասում են, թե երբ անցանկալի կամ ցավալի միջադեպ կկատարվի, որ դրա շուրջ աղմկարարությամբ կարողանան ավելի շատ փողեր աշխատել: Այս տեսակի քաղաքական աղանդավորներն անհայրենիք, աներկիր, սեփական արժանապատվությունից զուրկ երևույթներ են: Ես համոզված եմ, որ եթե հանկարծ վաղը ինչ¬որ վտանգ լինի, նրանց ոչ միայն խորը թիկունքում, այլև ՀՀ տարածքում էլ չենք գտնի: Ցավոք` այդ «երևույթներից» կան նաև իբր մեր պետության համար ցավող մարդկանց շրջանում: Եվ նրանց ասում եմ. ձեր ցանկությունները, ձեր քաղաքական երազանքները բանակի հետ մի´ կապեք: Բանակը երբեք չի եղել քաղաքականության մեջ և դուրս է քաղաքական ամեն տեսակի ազդեցություններից: Բանակը չի´ հանդուրժի, թույլ չի տա, որ իրեն ներքաշեն քաղաքական խաղերի մեջ` տարբեր չարախոսություններով, խայտաբղետ ՀԿ¬ների կողմից հատուկ ծառայություններին անհրաժեշտ տեղեկատվություն կորզելու փորձերով… Մի քանի օր առաջ թերթերում կարդում եմ խմբերից մեկի հայտարարությունը, որտեղ պահանջում են այս¬այս¬այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները է´լ ի՞նչ հանձնարարական են տվել` իմանալու մեր բանակից. միգուցե ամբողջ ցա՞նկը հրապարակեք և հետո գնաք ամենախայտաբղետ արտասահամանյան հիմնադրամների մոտ հերթ կանգնեք: Այս երկիրը, այս բանակը կառուցել ենք մենք` մեր երկրի քաղաքացիներս: Կառուցել ենք մեր ընկերների կյանքերի գնով, նրանց արյունով է պարարտացվել այս հողը: Եվ հաստա´տ իմացեք, որ այս երկրի համար պատերազմած ու զոհված մարդիկ արտասահմանյան դրամաշնորհներով չեն ֆինանսավորվել. ուրիշին հաճոյանալու համար չեն գնացել: Գնացել են, որովհետև հայ են, քրիստոնյա են… Որովհետև սիրել են այս հողը ու մտածել են երկրի մասին: Ո՞վ չգիտի, որ շատ թերթեր այսօր պատվեր կատարող են: Ո՞վ չգիտի, որ դրանց տարածած անառողջ վերլուծությունները, հաճախ կեղծ կամ ծայրահեղացված «լուրերը» միայն թշնամուն են ուրախացնում: Ես ուզում եմ` ճիշտ ընկալվի իմ ասածը. այո´, ես դեմ եմ, որպեսզի մանրակրկիտ տեղեկատվություն տրամադրվի լայն զանգվածներին: Առողջ բանականություն ունեցող որևէ մեկը չի կարող համամիտ չլինել ասվածի հետ. այդ ո՞ր երկրում են ազգային, պետության անվտանգությանն առնչվող մանրամաս ները հրապարակային քննարկման դրվում: Ինչ վերաբերում է բանակում կատարվող անցանկալի, առավել ևս` մահվան ելքով միջադեպերին, հասարակությունն, իհարկե, պետք է արձագանքի: Սակայն ի՞նչ կերպ: Նախագահի նստավայրի կամ Կառավարության մոտ հարայ¬հրոց ու վայնասուն բարձրացնելո՞վ, ու այն էլ` հանցագործի հարազատների մասնակցությամբ: Եթե նույնիսկ այդպես, բայց նպատակը ո՞րն է: Պաշտպանության նախարարությունում որևէ մեկին մերժե՞լ են` հուզող հարցերի և տվյալ միջադեպի առնչությամբ գործի ընթացքի մասին տեղեկացնել: Ավելին, նույն օրը, երբ Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ՊՆ ռազմական ոստիկանության, քննչական ծառայության ղեկավար կազմի և զինվորական դատախազության ներկայացուցչի հետ ընդունելության էր հրավիրել բանակում զոհված զինծառայողների հարազատներին, գրեթե նույն պահին ինչ¬որ խումբ Նախագահի նստավայրի մոտ էր հավաքվել: Եվ ո՞ւմ առաջնորդությամբ: Հաստա´տ` ոչ այն վշտակիր ծնողների, որոնց հոգու ցավն այդ կերպ չի´ մեղմվի: - Ես գիտեմ, որ ամենածանր պատիժն անգամ ձեզ մխիթարանք չի լինի,¬ հավաքվածներին ասաց գեներալը` հավաստիացնելով, որ ոչ մի հանցանք անհետևանք չի մնա, և հանցագործները պատժվելու են օրենքի ամենայն խստությամբ: Արտակարգ պատահաները բացառելու լավագույն ձևը կանխարգելումն է, որը մեծապես կարևորում են համակարգում: Այդուհանդերձ` դժբախտ պատահարները շարունակում են ցավալի անակնկալներ մատուցել: - Քանի˜ մարդ զենքով պաշտպանում է երկիրը: 18-20 տարեկան այդ տղաներն ամենախայտաբղետ դաստիարակություն և կրթական ցենզ ունեն: Ամեն ծնող իր զավակին բանակ ճանապարհելիս խորհուրդ է տալիս, թե ում դիմեն` եթե իրենց նեղացնեն: Սա նորություն չէ: Եվ հենց հասարակությունն է հաճախ նպաստում, որ որոշ սպաներ անարդար գործողություններ կատարեն, որ անառողջ հոգեբանական մթնոլորտ ստեղծվի, ինչից տուժում է զինվորական արդարությունը: Ինչպե՞ս բացատրենք մեր սիրելի հասարակությանը, որ իրենց երեխաներին ոչ թե մանկապարտեզ են ուղարկել, այլ Բանակ` երկիրը պաշտպանելու, զինվոր դառնալու: Բայց այդ տղաներն իրենց հետ բերում են այն իրականությունը, որի մեջ ապրել են մինչև զորակոչվելը: Պաշտպանության նախարարի հրամանով բոլոր զորամասերում ստեղծված են ոստիկանության հենակետեր: Ամիսը 2-3 անգամ ամենատարբեր ձևաչափերով զորամասերում հանդիպումներ են տեղի ունենում` ՀԿ¬ների ներկայացուցիչների և մեր համակարգի պատասխանատու անձանց, ղեկավարների մասնակցությամբ: Դասընթացներ ենք անցկացնում` զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին: Այսինքն, ավանդույթներ ենք մտցնում: Սակայն զինծառայող ների կողմից ընկալման խնդիր կա. այսօր մենք տարրական դաստիարակության խնդիր ունենք: Էլ չեմ խոսում հայրենասիրության չգոյության մասին: Դա´ էլ կարող ենք շտկել, կարող ենք այդ նույն տղաներին զինվոր դարձնել, սակայն այստեղ էլ են մեզ խանգարում: Սիրելի հասարակություն, մի´ խանգարեք մեզ, և ձեր զավակներն ավելի ապահով կլինեն: Չգիտես ինչո՞ւ` ոմանք կարծիք են ստեղծում, թե բանակում կատարվող դեպքերը թաքցվում են: Այս առնչությամբ ևս Վլ. Գասպարյանի խոսքը համոզիչ է. - Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր համակարգը ոչ միայն ի զորու է, այլև բացահայտում ենք բոլոր հանցագործությունները և պատժում մեղավորներին: Հիմա արդեն պարզված են այդ արտակարգ պատահարների հանգամանքները, և ընթացող քննությամբ օբյեկտիվորեն կպարզվի յուրաքանչյուրի մեղավորության չափը: Մենք որդեգրել ենք «Զրո հանդուրժողականություն» սկզբունքը, և ինքս անձամբ երաշխավորում եմ, որ բանակը զերծ է մնալու բոլոր տեսակի ազդեցություններից: Հավատացեք, անցանկալի և ցավալի բոլոր միջադեպերի արդյունքում վերջին հաշվով տուժում է բանակը: Երբ զինվոր է սպանվում, ստորացվում` բանակի մարտունակությունը, անձնակազմի փոխհարաբերություններն են տուժում: