Վիդոկ «ցիրք»ասերի մենախոսությունը 


 

Վիդոկ կրկեսասերն անկեղծացավ.

- Ցիրքն ինձ համար ամենահասկանալի արվեստն է: Երևանի ցիրքը քանդեցին, ու չգիտեմ, թե էրկու տարի ո˜նց եմ ապրելու:

- Ցիրք չէ, հայերեն կրկես է:

- Չէ´, ես էն գլխից ցի´րք եմ գնացե: Էնտեղ կինոյի, թատրոնի, օպերայի պես ուղեղ ցավացնող բարդ բաներ չկան: Իզուր չէ, որ էնտեղ էրեխեքը ամենից շատ են: Ըստեղ ամեն ինչ էնքան պարզ է, որ էրեխեքին էլ են հասկանում: Ըստեղ մեկ-մեկ ֆոկուսնիկներն են անհամ-անհամ ֆոկուսներ անում` համը հանում: Տո, բերում են ընենց բաներ են ցույց տալըմ. ջուրը վառվում ա, ջեբից նապաստակ են հանում, կրակը բերանն են մտցնում, կարտերը ձեռքի մեջ կորցնում, արկղի մեջ գեղեցիկ կնկան սղոցում, օձը վզներին փաթաթում: Իսկական խաբեբայություն, ես իսկի ծափ էլ չեմ տալիս, չարժեն:

Այ, ինչ եմ ասել... ուրիշ բան է, որ ցիրքիստները խաղալով` իրար գլխի բարձրանալով, օդում տուռնիկ խաղալով առաստաղին են հասնում: Ըտե ամեն ինչ աչքիդ դեմն է, ի՞նչ կա չհասկանալու: Ըտեղ լրիվս էլ բիթի ենք, որ ցիրք ասածը էտ ա: Ըստե երեխեքը համ վախեցած, համ հիացած նայում են, թե հիմի կընկնի. շունչները պահած` «վայ մամա ջան, ես իրա տեղը վախենում եմ»: Իսկ ես մտքիս մեջ նրանց միամտության վրա եմ ծիծաղում: Ինչ արած, երեխա են, լավ է` ուրիշի մասին էլ են մտածում, թե կընկնեն... Իրենց խոսքի վրա ես մեկ-մեկ վարժապետի դեր եմ կատարում, հանգստացնում`

- Մի´ վախեք, հըլա մի հատ ասեք ցիրք: Դուք այստեղ ներքևում ձեր պինդ աթոռին պինդ նստած տեղից կարող եք ընկնել, բայց էդ ջահելները վերևում բարակ պարանի վրայից չեն ընկնի, որովհետև ցիրքիստ են: Ամբողջ աշխարհի ցիրքիստների գործն էտ ա` ինչքան ասես վեր բարձրանան, բայց չընկնեն:

Էս ցիրքը նաև նրա համար ա լավ, որ էրեխեքին հավասար աղանձ, բուլկի-մուլկի, մարոժնի ուտես, սեմուշկա-չրթես, ծափ տաս, գոռաս, շվվացնես, ուրախանաս... Մեծերը կարող են պիվա, տակամաց արաղ էլ խմել, իսկ թատրոն-մաթրոնում կարա՞ս թհենց բան անես: Հսկիչները շլնքաքոքիդ տալով դուրս կհանեն դահլիճից, շատ էլ թե տոմսին փող ես տվել:

Իսկ ըստե, պիվա ու արաղ խմած, քեֆդ քոք, ծաղրածուի էրևալուն ընենց պտի ծափ տաս, որ կողքիդ անֆայմ մարդիկ քեզնից լավ օրինակ վերցնեն... Մեր իշխանավորներն էս ծաղրածուների չափ էլ չկան: Որտեղ երևում ու որտեղ խոսում են, մինչև անգամ Ազգային ժողովում, ծավ տվող չկա, չնայած` Ազգային ժողովի դահլիճն էլ ճիշտ ցիրքի դահլիճի նման ա:

Զարմանում ես, թե ինչու դրանք տեղներից չեն շարժվում: Մենք իրենց ձայն ենք տվել, բայց իրենց կողմից ձեն-ծպտուն չկա: Բա դրանք երեխա՞ չունեն, թո՞ռ չունեն, թե՞ տոմսի փող չունեն, որ նրանց ցիրք բերեն, համ էլ գյոզերով մի բան սովորեն էդ ցիրքիստներից: Այ դրանց տերը չմեռնի, դրանք էլ են ճարպիկ, բայց ժողովրդի համար մի բան չեն անի, որ իրենց էլ ծափ տան: Էս դարս ճարպիկների դար է: Նրանց ճարպկությունն իրենց անձնական օգուտի համար է:

Դե լա´վ, է˜, զոռովեն ինձ դարդ եմ շինում: Ցիրք չեն գալիս, դրա համար էլ տենց հետամնաց են մնում:

Իսկ ես, որ ամեն անգամ ընենց փառավորված եմ ցիրքից դուրս գալիս, տուն գնում, որովհետև ըտեղ ոչ մարդ են խփե-սպանե, որ վախենամ ինձ վկա գրեն, ոչ սիլի-բիլի են արել, որ սիրտս չխառնի, ոչ պորտապար եմ տեսել, որ քյուֆուր-քյաֆար տամ...

Դուրս գալիս էլ խառնվում եմ ցիրքից գոհ երեխեքին, ձեր ասած կրկեսից, դառնում մորեմեկ երեխա:

Ասում եմ երեխա, բայց ընենց երեխա, որ քնած տեղիցս արթնացնեն ու հարցնեն` աշխարհի ամենալավ բանն ի՞նչն է, կասեմ` ցիրքը: Իզուր չէ, որ իմ երկրորդ անունը կնքել են Ցիրքասեր Վիդոկ:

Հրանտ ՀՈՐԻԶՈՆ     Գուրգեն ԼՈՌԵՑԻ