ՆՈՐ ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ԽԱՂԵՐ 


 

Մեծահասակների «Եվրատեսիլին» Հայաստանի մասնակցի թեման արդեն բուռն քննարկումներ է ծնել: Դեռ մինչև վերջերս շատերն էին պնդում, թե արդեն որոշված է Հայաստանը ներկայացնող երգիչը, ու այլևս նոր թեկնածուների անուններ չեն շոշափվելու:

Համաձայն տարածված լուրերի` Եվրատեսիլի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը որոշել էր, որ մրցույթին մասնակցելու է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը: Երևի ինքը` երգչուհին էլ արդեն իրեն զգում էր Եվրատեսիլում, երբ, շատերի համար անսպասելի, սկսեցին քննարկել Լուսինե Աղաբեկյանի և Գևորգ Մարտիրոսյանի թեկնածությունները: Հիմա արդեն շատերն են պնդում, որ հենց այս երգիչներն են ներկայացնելու Հայաստանը, ինչը նշանակում է, որ այս անգամ որոշել են մրցույթ ուղարկել երիտասարդ կատարողների, ովքեր համապատասխանում են եվրոպական չափանիշներին:

Այս երգիչներն արդեն ունեն մեծ թվով համակիրներ, նրանց կատարումներում առկա են թարմությունը, ինքնատիպությունը, նրանք հեռու են արաբաթրքական ոճերից, որոնց կողմնակիցն է Լիլիթ Հովհաննիսյանը: Իհարկե, մի խումբ երգասերներ էլ չեն ժխտում, որ կարող է ի հայտ գալ մի նոր ինտրիգ. չէ՞ որ եվրատեսիլյան հայաստանյան մրցույթները երբեք առանց ինտրիգների չեն անցնում: Ոմանք համոզված են, որ շրջանառության մեջ դնելով այս երկու երգչի անունները, հայաստանյան պատասխանատուները կամենում են արհեստական մրցակիցներ ստեղծել Լիլիթ Հովհաննիսյանի համար` վերջում Եվրատեսիլ-2013-ի ուղեգիրը հանձնելով նրան…