ԴԱՐՁՅԱԼ ՀԵՏԱՁԳԵՑԻՆ 


 

... Հերթական անգամ «Թատրոնի և թատերական գործունեության մասին» օրենքի նախագիծը ուղարկվեց անորոշության գիրկը: Ուրեմն, ոչ թե սոսկ նախագիծն է անորոշության մատնվում, այլ` թատրոնը: Թատրոնի գործիչներն են հերթական անգամ պատեպատ զարկվելու` իրենց իրավունքները պաշտպանելու համար:

Արդեն որերորդ անգամ ԱԺ կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովը քննարկումից հանեց «Թատրոնի և թատերական գործունեության մասին» օրենքի նախագիծը` որոշելով դրան անդրադառնալ մեկ տարի հետո: Հետաքրքիրն այն է, որ, ըստ պաշտոնական տեղեկությունների, նման խնդրանքով հանդես է եկել նախագծի հեղինակ Մշակույթի նախարարությունը` հանձինս նախարար Հասմիկ Պողոսյանի: Ինչո՞ւ է նախագծի հեղինակը նման առաջարկությամբ հանդես եկել, ի՞նչն է պատճառը, որ արդեն մոտ մեկ տասնամյակ սույն նախագիծը ֆուտբոլի գնդակի նման հայտնվում է ԱԺ-ի հանձնաժողովում, ապա` նախարարությունում, այստեղ դառնում քննարկման առարկա, իբրև թե լրացվում և լրամշակվում, հետո նորից դրվում ԱԺ հանձնաժողովի սեղանին...

Սակայն մինչև օրս կարևորագույն ոլորտներից մեկը գործում է օրենսդրական դաշտից գրեթե դուրս` առաջնորդվելով միայն ու միայն ՊՈԱԿ-ների մասին օրենքով: Անգամ հպանցիկ հայացք հառելով օրենքի նախագծի ոդիսականին` կարելի է վստահաբար ասել, որ կան ուժեր, որոնք չեն կամենում ունենալ համապատասխան օրենք, չեն ուզում թատրոններն ու թատերական գործունեությունը տեսնել կանոնակարգված...

Ժամանակին նախագծի հանդեպ նման վերաբերմունքը շատերը դիտարկում էին որպես պետական թատրոնները լուծարելու նախապայման: Հնչեցին բազմաթիվ հավաստիա ցումներ, որ կառավարությունը նման ծրագիր չունի, որ որևէ մեկը ցանկություն չունի կազմաքանդելու թատերական դաշտը: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցածը փաստեց, որ, այնուհանդերձ, ինչ-որ թաքուստված ծրագիր կա, կան «հուշումներ»` ազգային ակադեմիական թատրոնները վերակազմավորելու մասին: Բարեբախտաբար, իշխանություններն էլ տեսան, որ ինչ-որ մեկի ծրագիրը երկրի գլխավոր թատրոնը մղեց դեպի փակուղի, ընդհատվեց բնականոն ստեղծագործական ընթացքը: Ուստի թատրոնը վերադարձավ կառավարման նախկին ձևին և նախկին գործառույթներին:

Ի՞նչն է խանգարում` օրինագիծն օրենք դարձնելուն: Խանգարում է կառավարման ձևի ու բովանդակության հստակեցումը: Ողջ աշխարհում թատրոնների կառավարիչներ են դիտարկվում գեղարվեստական ղեկավարները, գլխավոր բեմադրիչները, մինչդեռ ՊՈԱԿ-ների մասին օրենքը նախատեսում է միանձնյա կառավարում` որպես կառավարիչ ունենալով գործադիր-տնօրենին: Իսկ գործադիր տնօրեն լինելու համար պարտադիր չէ լինել ստեղծագործող: Տնօրենի միանձնյա կառավարումը ձեռնտու է միայն նախարարությանը, սակայն ոչ երբեք թատրոններին, որոնք շատ հաճախ հայտնվում են ոչ արհեստավարժ հրահանգողների ենթակայության ներքո:

Թատրոն-ՊՈԱԿ-ի դեպքում նվազում է պետության ֆինանսական ներդրման չափը, ինչը ևս ձեռնտու է որոշ կառավարիչների: ՊՈԱԿ-ների համար հարկային պարտավորություն ները միասնական ու միաձև են, մինչդեռ «Թատրոնի և թատերական գործունեության մասին» օրենքը կարող է առաջադրել այլ սկզբունքներ, խնդիր դնել հրաժարվել ավելացված արժեքի հարկից: Բնականաբար, սա էլ ձեռնտու չէ...

Մի կարևոր դրույթ ևս դիմադրություն է ձևավորում: Օրենքը կարող է կանոնակարգել դերասանի, բեմադրիչի, գեղարվեստական անձնակազմի մյուս ներկայացուցիչների պարտականությունները` ընդգծելով նաև պետության պարտավորության չափաբաժինը: Այսինքն, պետությունը պարտավորված կլինի լուծել ստեղծագործողի սոցիալական խնդիրները, հոգ տանել ստեղծագործության զանգվածային կատարման համար պայմանների ստեղծման մասին, թատրոններին տրված շենքերն օգտագործել բացառապես թատերական գործունեության համար` ավելացնելով ծախսերի համար նախատեսված գումարները... Այս ամենը, բնականաբար, չեն ուզում մեր շատ պաշտոնյաներ և պատգամավորներ ու հենց նրանք էլ ստեղծում են հնարավոր «սողանցքները»` ցանկացած պահի թատրոնների նկատմամբ չկանոնակարգված որոշումներ կայացնելու համար...