ԱԼԻԵՎՅԱՆ «ՏԵՍԻԼՆԵՐ» 


 

Բաքվում տեղի ունեցող Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը հանդես է եկել ընդարձակ ելույթով: Եթե խորհրդային տարիները լինեին` կասեինք` ճառով: Ադրբեջանական լրատվամիջոցներից մի քանիսն են միայն շռայլորեն անդրադարձել իրենց նախագահի «արմատական» ելույթին, իսկ ահա մյուսները պահպանել են լոյալություն` հասկանալով, որ այդ ելույթը կարող է ծիծաղ շարժել:

Իսկ ծիծաղելի շատ բան կար այդ ելույթում: Առաջին հերթին Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՏՀԿ անդամ երկրներին, որոնք ԼՂՀ հարցում ունեն հստակ դիրքորոշումներ: Այսինքն, ըստ Հեյդարօղլու, սատարում են Ադրբեջանին: Նա որևէ տարաբաժանում չի դրել, բոլոր անդամ երկրներին համարել է ադրբեջանական դիրքորոշման կողմնակից: Ու սա արդեն խոսում է այն մասին, որ հարևան երկրի նախագահը կամ տառապում է հավկուրությամբ, կամ էլ փորձում է երևութականություն ստեղծել, թե բոլորն Ադրբեջանի բարեկամներն են:

Ալիևը հաշվի չի առել այն հանգամանքը, որ, ասենք, Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման միակ ճանապարհը ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունն է: Կարելի՞ է ենթադրել, որ նա կողմնակից է Իրանի դիրքորոշմանը և շնորհակա լություն է հայտնում այս երկրին…

Ղազախստանը և Ուզբեկստանը ևս երբեք չեն հայտարարել Ադրբեջանի դիրքորոշմանն իրենց հավատարմության մասին, մանավանդ որ նրանք Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության անդամ են: Այսինքն, Հայաստանի դեմ ադրբեջանական ցանկացած ռազմական ոտնձգության դեպքում Ղազախստանն ու Ուզբեկստանը պարտավորված են լինելու ելնել Ադրբեջանի դեմ:

Մնում է ենթադրել, որ Իլհամ Ալիևի շնորհակալությունն ուղղված է եղել Աֆղանստանին, Հորդանանին և Պակիստանին: Բայց այստեղ էլ հստակություններ չկան, որովհետև Հորդանանը երբեք որևէ հայտարարություն չի արել Ղարաբաղյան խնդրի առնչությամբ, չի ներկայացրել իր դիրքորոշումը: Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, որը մասնակցում էր գագաթնաժողովին, միայն մի անգամ հայտնել է, որ իր երկիրը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության դրույթը: Իսկ մի՞թե Հայաստանը կողմ չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Այն ամբողջականությանը, որն այդ երկիրն իբրև հիմք է ընդունել անկախության հռչակման ժամանակ` իրեն իրավահաջորդը համարելով մուսավաթական Կովկասյան Թաթարստանի, որը հետագայում Ադրբեջան անվանումը ստացավ:

Մնում է միայն Պակիստանը, որն, ի դեպ, ճանաչել է «Խոջալուի ցեղասպանությունը»: Դե, գրեթե չարիքի կայսրություն հռչակված այս երկրի կարծիքը միջազգային հանրության համար նշանակություն չունի: Ավելին, չի բացառվում, որ շուտով հենց Պակիստանը դառնա նոր հեղափոխությունների թատերաբեմ, քանի որ այս երկրում տիրող իրավիճակն արդեն սկսել է մտահոգել արևմտյան ուժերին:

Հա´, մոռացանք Թուրքիան, որի վարչապետ Էրդողանը ևս մասնակցում էր գագաթնաժողովին: Բնական է, որ Ալիևը պարտավոր էր շնորհակալություն հայտնել ավագ եղբորը, որը, մեղմ ասած, այսօր այնքան էլ ժամանակ չունի զբաղվելու կրտսերով, քանի որ ներքաշված է սիրիական պատերազմի մեջ` չհասկանալով, որ ցանկացած զարգացում կարող է տանել հենց իր կազմաքանդմանը, վաղուց ծրագրված Քրդական պետության ստեղծմանը:

Իր շնորհակալություններով Իլհամ Ալիևը հերթական տեսիլներին է հանդիպել, հերթական անգամ երազախաբության մեջ ընկել և կորցրել հավասարակշռությունը: Իհարկե, ադրբեջանական հանրությունը կարող է իր նախագահի ելույթով հիանալ ու հպարտանալ, ինքնահուսադրվել, թե շատ երկրներ պաշտպանում են ադրբեջանական դիրքորոշումը` չիմանալով ճշմարտությունը: Սակայն մի բան պարզ է, որ մեծ քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե այս կամ այն երկրի տարածքում, այլ նրա սահմաններից դուրս, միջազգային չափումներով: Հետևաբար, ինչ էլ ասի Ալիևը, դիտարկվելու է որպես սեփական ժողովրդին ուղղված խոսք` զուրկ քաղաքագիտական տրամաբանությունից: