Տգիտությունը` կայունության երաշխիք 


 

Իր աղմկարարությամբ հայտնի Ժիրինովսկին է սա պնդում` կոչ անելով «սանձահարել» կրթության զարգացումը:

Պետդումայում հնչեցրած ելույթում նա նախազգուշացրել է, որ կրթության բարձր մակարդակը վտանգավոր է երկրի համար և կարող է հանգեցնել հեղափոխությունների (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը): Սա նշանակում է Ռուսաստանի թիվ 1 լիբերալ-դեմոկրատը ոչ միայն բարդույթավորվում է ուսումնականներից, այլև իր երկրի ապագան տգետների ձեռքում է տեսնում: Դե, թերի զարգացած մարդիկ ավելի հեշտ են կառավարվում: Ժիրինովսկին ինչո՞ւ է վախենում կառավարելուց. ինքն այդ տերության իշխան երբեք չի կարող դառնալ: Բայց նա նաև մոռանում է, որ առավել վտանգավոր են անգետ զանգվածների ընդվզումները:

- Մի՞թե չեք կարող հասկանալ, որ որքան ավելի շատ են բարձր կրթությամբ երիտասարդները և եթե ամբողջ սերունդը կրթված լինի` նրանք ամեն տասնամյակ իշխանություն կտապալեն,- որոտացել է քաղգործիչը:

Նրա տրամաբանությամբ` նոր սերունդը միշտ մերժում է ավագին` եթե նույնիսկ իշխանությունը սխալներ թույլ չի տալիս:

- Ես չեմ ընդունել իմ ավագ սերնդին. մենք նրանց վրա ծիծաղել ենք,- խոստովանել է լիբերալ-դեմոկրատը: ..Եթե մենք ազատ արձակենք կրթությունը, դուք ինքներդ ձեզ դատապարտում եք ոչնչացման: Այս մասին մտածե´ք,- պետդումայի ամբիոնից գործընկերներին խորհուրդ է տվել Վլադիմիր Վոլֆովիչը: