ՕԵԿ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ 


 

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին առաջարկվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, նա հայտարարեց, որ այլևս երբեք չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու, իսկ 2013-ին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Հասկանալի է, որ Արթուր Բաղդասարյանի համար ծանր պիտի լիներ հրաժարվել նախագահ դառնալու մտքից, բայց նա իրատես էր, ճշգրիտ հաշվարկներ էր արել և տեսել, որ 2008-ից հետո այլևս ինքը չի կարող ստանալ ժողովրդի վստահությունը...

Օրերս ՕԵԿ փոխնախագահ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, անդրադառնալով նախագահական թեմային, մեկ անգամ ևս հաստատեց, որ «Օրինաց երկիրը» հավատարիմ է մնացել իր խոստմանն ու սատարելու է Սերժ Սարգսյանին: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունների աջակցությամբ հինգ տոկոսի շեմը մի կերպ հաղթահարած կուսակցությունն այս քայլն անում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ` հենց իր համար: Բոլորին է պարզ, որ եթե հաջորդ ԱԺ ընտրություններում չլինի Սերժ Սարգսյանի աջակցութ յունը, ՕԵԿ-ը մեկընդմիշտ հրաժեշտ կտա խորհրդարանին և կառավարության մեջ ունեցած պաշտոններին: Անտարակույս, թեկուզ շահադիտական նկատառումներով, այնուհանդերձ ՕԵԿ-ի նոր հայտարարությունն իր դիրքորոշումը չփոխելու մասին, դրական մի լիցք է հաղորդում և հուշում, որ գոնե այս անգամ կուսակցությունը չի փոխի իր որոշումը` «Ռուբիկոնն անցնելուց առաջ»…