ԻՆՉ Է ԱՍԵԼ ՋՈՆ ՀԱՆԹՍՄԱՆԸ 


 

Վարդան Օսկանյանի գործում կարող է սկանդալային շրջադարձ լինել: Մինչև վերջերս Օսկանյանն անձամբ և նրա փաստաբանը պնդում էին, թե Հանթսման ընտանիքը չափազանց զայրացած է կատարվածի առթիվ, և սպասվում է միլիարդատիրոջ զայրալից արձագանքը հայաստանյան իշխանությունների «հրահրած հետապնդումների» առնչությամբ: Ըստ Վարդան Օսկանյանի փաստաբանի` նա գործել է օրենքների սահմաններում և արժանացել Ջոն Հանթսմանի դրվատանքին:

Պարզվում է, սակայն, որ Հանթսմանն իր նամակը շատ վաղուց է ուղարկել: Եվ, ինչպես կարելի էր ենթադրել, այդ նամակում շարադրված մտքերն այնքան էլ սրտահաճ չեն եղել, այլապես «Սիվիլիթասը» կշտապեր դրանք հրապարակել` այսպիսով «մատ» հայտարարելով քրեական գործը հարուցողներին:

Իհարկե, մի շարք արևմտյան կազմակերպություններ և գործիչներ քննադատել են հայաստանյան իրավապահ մարմիններին, իրենց աջակցությունը հայտնել Օսկանյանին, կոչ արել վերջ տալ քաղաքական հետապնդումներին:

Սակայն Հանթսմանի նամակը պիտի լիներ շրջադարձային, պիտի պատասխաներ այն բազմաթիվ հարցերին, որոնք հետաքրքրում են ինչպես նախաքննությանը, այնպես էլ հայաստանյան հանրությանը: Այդ նամակը, ինչպես տեղեկացրել են Հանթսմանի գրասենյակից, առկա է: Բայց` ոչ նպաստավոր Օսկանյանի և «Սիվիլիթասի» համար:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Այս նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ «Սիվիլիթասից» տեղեկացրեցին, որ Ջոն Հանթսմանի նամակն իրենք թարգմանել և տարածել են դեռևս հոկտեմբերի 1-ին: Այդ նամակում մասնավորաբար ասվում է.

- Սույն նամակով Հանթսման Ինթերնեշընլ ԼԼՍ և Պոլիմեր Մաթերիալս Ինկ-ի անունից վերահաստատում ենք մեր նախորդ խնդրանքը, որ Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ԼԼՍ-ի բաժնետոմսերի վաճառքից ստացված հասույթը (որի ընդհանուր զուտ գումարը, մենք հասկանում ենք` կազմել է $1,427,000) փոխանցվի Սիվիլիթաս հիմնադրամին` նրա բարեգործական նպատակների օգտագործման համար` հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ պրն Վարդան Օսկանյանի միջոցով` նրա սեփական հայեցողությամբ, առանց վերջնաժամկետների, ով, մենք հասկանում ենք, հիմնադրամի անունից այդ միջոցները ի պահ է թողել իր մոտ և շարունակում է պահել այս միջանկյալ ժամանակահատվածում:

Բնավ չկասկածելով նամակի իսկությանը, այնուհանդերձ հարցնենք. եթե առկա է սույն նամակը, եթե դրանից հետո այլևս նոր նամակ չի եղել, ինչո՞ւ ԱԱԾ-ն ու դատախազությունը հիմք չեն ընդունում այն և չեն դադարեցնում քրեական գործը: Ինչպես կասեր Սարոյանի պատանի հերոսը` «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»: Իսկ այդ «սխալի» տեղը, հավանաբար, մեր իրավապահ մարմինները գիտեն, այլապես նրանք հետամուտ չէին լինի մի գործի, որտեղ բացակայում է հանցակազմը: Մենք վերևում չենք սխալվել. այնուհանդերձ կա մի նամակ կամ գրություն, որը հակառակն է ապացուցում: