ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻՑ ԱԶԱՏՈՒՄ ՉԿԱ 


 

«Արմավիան» իսկապես ազգային փոխադրողից վերածվել է ազգային չարիքի: Այս ընկերության պատճառով այսօր աշխարհում շատ փոխադրողներ հրաժարվում են Հայաստանում չվերթեր ունենալ, փակում են իրենց բիզնեսը: Արդեն որերորդ անգամ «Զվարթնոցը» ստիպված է դադարեցնել չվերթերի իրականացումը, որովհետև Բաղդասարովի ընկերութ յան պարտքը մոտենում է չորս միլիոն դոլարի: Իսկ սա նշանակում է, որ թույլատրելի սահմանն արդեն գերազանցված է:

Դեռ վերջերս շատ ակտիվ խոսակցություններ ծավալվեցին այն մասին, թե Բաղդասարովին հեռացնում են փոխադրումների դաշտից, թե Հայաստանում նոր ազգային փոխադրող է հայտնվելու: Սակայն ասում են, թե ռուսական բիզնեսի և քաղաքականության որոշ «հզորների» հաջողվեց հայաստանյան իշխանություններին հորդորել, ու Միխայիլ Բաղդասարովը շարունակում է խոչընդոտել մեր օդային փոխադրումներին:

Գուցե հիմա, վերջին անգամ, համապատասխան կառույցները մտածեն, որ երեք կողմից շրջապատված պետության համար անընդունելի է «Արմավիան», որը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները:

Ի դեպ, Բաղդասարովի ընկերությունում էլ միանգամայն այլ կերպ են մեկնաբանում «Զվարթնոցի» կողմից փոխադրումների դադարեցման փաստը.

- Օդանավակայանի նման քայլը շատ վատ ենք որակում, քանի որ դրանով նախևառաջ տուժում է ուղևորը: Ինչ վերաբերում է պարտքերին, ապա դրանք ամեն օր մարվում են, և դրա հետ կապված խնդիր չէր կարող առաջանալ:

Ընկերությունում համոզված են, որ Էռնեկյանին դուր չեն եկել նոր բաժնետերերը և արհեստական արգելքներ ստեղծելով` նա կամենում է տեր դառնալ «Արմավիային»...