Լևոն պապն ու աշխարհի 8-րդ հրաշալիքը


«Եկե°ք, եկե°ք, լրագրողն էդքան ամաչկոտ չի լինի»,- ասաց Լևոն պապը և մեզ հրավիրեց ներս: Նա չգիտեր, որ մենք ոչ թե ամաչում ենք, այլ զարմացել էինք այն հրաշքից, որին ականատես եղանք: Առինջ գյուղի բնակիչ Լևոն Առաքելյանը գետնի տակ (21 մ խորությամբ) կառուցել էր միջնադարյան «ամրոց»: Բայց ամեն ինչ սկսենք սկզբից ու պատմենք հերթականությամբ: 1985 թվականն էր: Կինը` տիկին Տոսյան, խնդրում է Լևոնին, որ կարտոֆիլի հոր փորի: «Փորեցի 80 սմ, տեսնեմ մեծ քար կա: էդ քարն ինձ ձգեց ու սկսեցի տաշել այն»: Դեռ չէր հասցրել կարտոֆիլի հորը փորել-վերջացնել, երբ երազ տեսավ: Երազում ինչ-որ լուսավոր պատկեր նրան ասաց. «Լևոն, դու մի հրաշք ես գործելու: Ապրելու ես 96 տարի, կառուցելու ես 80 ստորգետնյա սենյակներ: Միայնակ` առանց որևէ մեկի օգնության: Չվախենաս, մենք կօգնենք քեզ...»: Հաջորդ օրն իսկ Լևոն պապիկը գործի անցավ: Մուրճ, հատիչ ու 23 տարիների տքնաջան աշխատանք: Այդ տարիների ընթացքում թողեց աշխարհիկ կյանքն ու անցավ հոգևոր կենցաղի: Սնվում էր քիչ ու քաղց գրեթե չէր զգում: Աշխատում էր առավոտից երեկո, բայց, զարմանալի բան` հոգնածություն նույնպես չկար: Սկզբում ոչ ոք նրա երազին ու սկսած գործին լուրջ չէր վերաբերվում, կինը նույնպես նախատում էր. «Դու կարգին գործ ճարի, էս ինչ,- ժպտալով հիշում է Լևոն պապը,- ոչ կարտոֆիլի հոր ունեցանք, ոչ աշխատանք»: Հետո ծալում է ձեռքերը, շոյում ալեզարդ մորուքը և ավելացնում. «Քսաներեք տարի աշխատում եմ, դեռ քսանյոթ տարի էլ պիտի աշխատեմ, թե ինչպե՞ս, ի՞նչ նախագծով` չգիտեմ, գիտե միայն Աստված: Բայց դուք մի° կանգնեք, եկե°ք...»: Իջնում ենք ոլորապտույտ աստիճաններով: Չորս կողմը մութ է: Լևոն պապը միացնում է 100 էլեկտրական լամպերը ու երևում են հրաշակերտ սենյակները: Սենյակների անկյուններում հայկական զարդանախշերով խաչքարեր են, կավե ամաններ, կուժեր: Հաճելի սառնություն ենք զգում ու թվում է` աշխարհում բացի այդ սենյակներից ոչինչ չկա: «Հա, հա, էս բոլորը իմ ձեռքերով է կառուցված: Ես էլ եմ զարմանում` ինչու հենց ես կամ միթե էս ամենը ես եմ արել»: Մի սենյակ կա, որի կենտրոնում պահված երազանքը իրականություն է դառնում: Կանգնում ես կամարի տակ, շրջվում դեպի պատը, պահում երազանքդ ու խաչակնքում: Լևոն պապիկն ասում է, որ այն անպայման կիրականանա: Այնքան էի ուրախացել այդ մտքից, որ շփոթվեցի ու կամարի տակ բոլորովին այլ երազանք պահեցի: Երբ դուրս եկանք, Լևոն պապիկը մի մատյան բերեց: Այդտեղ գրառումներ էին կատարել բոլոր նրանք, որոնց երազանքն արդեն իրականացել էր: Թերթեցի մատյանը, մի աղջիկ գրել էր. «Ես հաշմանդամ էի: Երազում էի գոնե մի քիչ առողջանալ: Եկա այստեղ ու արդեն լավ եմ: Շնորհակալություն Ձեզ»: Այս առեղծվածը հետաքրքրել է աշխարհի տարբեր երկրներին: Նրա մասին պատմել են CNN-ը, BBC-ն և եվրոպական այլ հեռուտաընկերություններ: Ինչպես է, որ այստեղ երազանքներ են կատարվում: Ինչպես է, որ 21 մ խորության տակ և° շնչելն է հեշտ, և° ձայնն է հստակ լսվում: Տարբեր ազգերի 12 գիտնականներ փորձել են պարզել այս հարցերի պատասխանները, բայց այդպես էլ չեն կարողացել բացահայտել գաղտնիքը: Իսկ Լևոն պապիկի համար ամենից ընդունելին իր համագյուղացիների ու սովորական այցելուների բացատրությունն է. «Հրաշք` աշխարհի 8-րդ հրաշալիքը»:

Արաքսյա ՄԵԼՔՈՆՅԱՆ 3-րդ կուրս