Գրախոսություն Լրագրողի անդրանիկ ժողովածուն


Ճանաչված լրագրող Նովիկ Դարբինյանին առանձնապես ներկայացնելու հարկ չկա. լրագրողի բեղմնավոր գործունեությունը սկսվել է ավելի քան երեք տասնամյակ առաջ` «Սևան» շրջանային թերթում: Շատ արագ աճելով` լրագրողի իր ակնառու շնորհքով Ն. Դարբինյանն աչքի է ընկել նաև հանրապետական մամուլում` հրապարակագրելով բազմաթիվ, մեկը մյուսից առավել հրատապ հարցադրումներ, փորձելով գտնել դրանց լուծումները, արժանանալով մրցանակների... Եվ ահա անհանգիստ, որոնող, համառ ու աննկուն շնչի լրագրողն ընթերցողների սեղանին է դրել իր անդրանիկ գիրքը` «Իմ մեջ վրնջում են ձիեր» բազմախոսուն, խորհրդաշատ վերնագրով: Հարկ է նկատել, որ անչափ դիպուկ են թե° ժողովածուի և թե° բաժինների ու աշխատանքների վերնագրերը, իսկ զետեղված հոդվածները (ակնարկ, էսսե, հարցազրույց և այլն) իսկապես հատընտիր են` լրագրողական բեղուն հունձք, որ հեղինակը որպես ընտրանի է մատուցում: Նախ` վերնագրի մասին: Առանց վարանելու` գիրքը կարելի էր անվանել նաև` «Ժամանակի ձայներ», «Տագնապի զանգեր», «Խռովք» և այլն, սակայն դիպուկ գտնված «...Ձիեր» վերնագիրը լավագույնս է բացահայտում և° հարցադրումների բազմաշերտությունը, և° պատումների անհանգիստ, լարված, հրապարակախոսական շիկացման հասցված իրական-կենսական ատաղձը... Լրագրողի գրիչը, արդարև, սնվում է կյանքից, մեր անհանգիստ իրականությունից: Նրա ակնարկներում հեղինակի (և ոչ միայն նրա) հոգու ցավն է, երկրի ճշմարիտ տիրոջ (նաև` ծառայի ու մշակի) տաք շունչը, նրա ահազանգ-աղաղակը... «Ձիեր» շարքը, որով բացվում է ժողովածուն, իր վեց պատումներով ներկայացնում է Հանրապետությունում ձիաբուծության զարգացման հիմնախնդիրները: Դրանք, սակայն, ինչպես ընդունված է ասել, չորուցամաք, մերկ փաստեր ու ճշմարտություններ չեն, այլ` գեղարվեստականի աստիճանի բարձրացված, ազնիվ անհանգստությամբ համակված պատմվածք-մանրապատումներ, որ ներառում են և° ափսոսանք, և° կշտամբանք, և° շարժուն- հուշող` ի գործ կոչող մտքեր: Սևանա լճի հիմնախնդիրները, այո°, մշտապես եղել ու մնում են Նովիկ Դարբինյանի ուշադրության կենտրոնում: Եվ պատահական չէ, որ նրա «Սևան, իմ Սևան» և «Սևանը արցունքների չի հավատում» հոդվածաշարերով է սկզբնավորվել Սևանի փրկության հանրապետական շարժումը: Սևանի մասին շատերն են գրել ու դեռ էլի կգրեն: Ն. Դարբինյանի խոր և իմաստալից տողերից եկեք նորից ընթերցենք այս մեկը. «Դուք տեսե՞լ եք Սևանա լիճը տիեզերքից` այդպիսի նկար կա: Լիճը մի գեղեցիկ ջութակ է` լեռների մեջ պահված: Նրա լարերը պրկված են Հրազդան գետով: Մեզանից ոչ մեկը իրավունք չունի խզխզոցով նվագել այդ ջութակը: Բանաստեղծներից մեկը գեղեցիկ տող ունի Սևանա լճի մասին. «Աշխարհի դեմ պարզված` որպես կապույտ հարցում»: Ո°չ, Սևանա լիճը նախ մեր դեմ է պարզված: Եթե դա մենք հասկանում ենք, ուրեմն մեզ կուղեկցի գեղեցիկի ցավը կամ գեղեցիկը կորցնելու ցավը»: Ժողովածուի առավել ծավալուն շարքը «Ձիթենին» է` ավելի քան երկու տասնյակ հոդված ու հարցազրույց, դիմանկարի փորձ ու ավարտուն դիմանկար: Հեղինակի խոսքը տարողունակ է, պատկերավոր, համեմված ժողովրդական բանահյուսության, ավանդապատումների, ծեսերի, հավատալիքների, գրական-մշակութային բազմապիսի տարրերով: Նա այնպես հմտորեն, այնպես պարզամիտ (բայց ոչ պարզունակ), ճշմարիտ ու խորն է գրում-նկարագրում-վերլուծում-մեկնաբանում, որ մեկ ընթերցու մով չես ուզում բավարարվել, ցանկանում ես կրկին ընթերցել-վերընթերցել նաև ենթա-ենթատեքստերը, փորձում ես հասկանալ-ըմբռնել` որտե՞ղ է ավարտվում կյանքը և սկսվում հորինվածքը, ո՞րն է իրականի և երևակայականի սահմանը: Հայտնի լրագրող Նովիկ Դարբինյանի «Իմ մեջ վրջում են ձիեր» գիրքն ակնկալում է լայնածավալ ու հանգամանալից ուսումնասիրություն: Մեզ մնում է նկատել, որ ժողովածուին արժանի շուք ու գրավչություն են հաղորդել ինչպես խմբագիր և առաջաբանի հեղինակ Հովհաննես Այվազյանը, այնպես էլ նկարիչ-ձևավորող Գեղամ Սարգսյանն ու լուսանկարիչ Շիրին Հարությունյանը:

Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ