Ռուբլին` ողջ Եվրասիայում


Կաննում անցյալ շաբաթ կայացած Ռուսաստանի ու Եվրամիության գործարար շրջանակների հոբելյանական` 10-րդ հանդիպման ընթացքում բազմաթիվ վարկածներ և կանխատեսումներ են հնչել առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության զարգացման մասին: Հնչել են առաջարկություններ` ֆինանսական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ, քննարկվել են համատեղ նախագծեր: Հընթացս` ռուսները ջանացել են եվրոպացիներին համոզել, որ աշխարհի ֆինանսական համակարգը լրջագույն բարեփոխում ների կարիք ունի: - Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն պաշարներ չունի, որպեսզի զսպի ճգնաժամը,- եվրոպացի գործընկերներին բացատրել է Անցումային փուլի տնտեսության ինստիտուտի ղեկավար Եգոր Գայդարը և հուշել,- դա կարելի է անել միայն զարգացող տնտեսություն ունեցող երկրների` Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի օգնությամբ: Գործող համակարգը, երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան որոշում են ամեն ինչ, իսկ մյուսները լսում են, համապատասխանում է անցյալ դարի 40-ական թվականներին: Այսօր այդպես ապրելն ու ճգնաժամը հաղթահարելու համար Չինաստանից փողեր խնդրելը անիրատեսական է: - Մենք կկամենայինք մասնակցել համաշխարհային ֆինանսական նոր ճարտարապետությանը,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը: Նա հնչեցրել է հիմնարար այն չափանիշները, որոնք, իր կարծիքով, կնպաստեն ճգնաժամի հաղթահարմանը: ՌԴ նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է մշակել դրան հակազդելու համակողմանի համակարգ. - Բոլորը նայում էին, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ում, սակայն որևէ միջոց չձեռնարկվեց. հարկավոր է հակազդման բազմակողմանի համակարգ: Օգտվելով պատեհ առիթից` Մեդվեդևը տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանը մտադիր է զարգացնել սեփական արժույթը. - Մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի մեր հնարավորությունների հենքի վրա միջազգային ֆինանսական կենտրոններից մեկը ստեղծենք: Հեռանկարում այն կարող է գործուն լինել ոչ միայն ԱՊՀ երկրների, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի համար, այլև եվրասիական ամբողջ տարածաշրջանում: