Այս կարգավիճակն առայժմ ձեռնտու է Կրեմլին


Հայաստանի կուսակցական, քաղաքագիտական շրջանակներում վերջին կես ամսվա ընթացքում ծավալվող քննարկումների, բանավեճերի հիմնական նյութը մայնդորֆյան եռակողմ հռչակագիրն է: Ոմանց կարծիքով, Արցախի, ընդհանրապես Հայաստանի համար այդ հռչակագրում վտանգավոր ոչինչ չկա. ընդհակառակը` փաստաթուղթը ստորագրած կողմերը` Ռուսաստանը,Հայաստանն ու Ադրբեջանը, նշում են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական բանակցությունների ճանապարհով` բացառելով ուժի գործադրումը: Մյուսները, մատնացույց անելով հռչակագրում հիշատակվող մադրիդյան սկզբունքները, հայկական կողմի համար անընդունելի են համարում դրանցում գոյություն ունեցող այն կետերը, որոնցում խոսվում է, այսպես կոչված, գրավյալ տարածքների վերադարձի մասին: Մասնավորապես, ՀՅ Դաշնակցությունը, խոսելով փոխզիջումների մասին, հայտարարում է` հայկական տարածքները չեն կարող փոխանակվել հայկական տարածքներով: Միաժամանակ, պնդում են, թե մադրիդյան առաջարկները կարող են հակամարտության կարգավորման բանակցությունների` սկզբունքներ դառնալ զարգանալով ու խորանալով քննարկումների արդյունքում: Եվ միայն այն դեպքում ընդունելի կլինեն… Ինչևէ: Անցած շաբաթվա վերջում հակամարտության տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ այցին և° Երևանում, ևþ Ստեփանակերտում, և° Բաքվում շատերն էին սպասում, հուսալով, թե դրանով փոքրիշատե հստակեցում կմտցվի հակամարտության կարգավորման գործընթացում: Սակայն, այցի ընթացքում համանախագահների հայտարարություններն ու հատկապես Ստեփանակետում նրանց գտնվելու ժամանակամիջոցում` հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցած միջադեպը ոչ միայն չպարզեց իրավիճակը, այլ նորանոր հարցեր առաջացրեց: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Մինսկի խմբի ամերիկացի Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել էր, թե հայկական զորքերը հետ կքաշվեն գրավյալ տարածքներից, և միայն դրանից հետո կարելի կլինի խոսել Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մասին: Իսկ ահա, արդեն Ստեփանակերտում Բրայզան ասել է, թե ադրբեջանցի լրագրողները շատ են սիրում ստեղծագործել իր հայտարարությունների մասին գրելիս. իրականուսմ ինքը խոսել է հակամարտության կարգավորման ընթացքում բոլոր խնդիրների լուծման անհրաժեշտության մասին: Առաջին անգամը չէ, որ առչնվում ենք ադրբեջանական լրատվամիջոցների աճպարարություններին, սակայն գիտենք նաև կոնկրետ տեղում հակամարտության այս կամ այն կողմին սիրաշահելու ամերիկացի համանախագահների դիվանագիտական ունակությունների մասին: Վերջին ժամանակաշրջանում Մեթյու Բրայզան հաճախ է կրկնում, որ հակամարտությունը կարող է լուծվել առաջիկա 1-2 ամսում: Նկատենք, որ Մինսկի խումբը և մասնավորապես Միացյալ Նահանգները, ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ակտիվացան հատկապես օգոստոսին վրաց-ռուսական բախմանը հաջորդած` Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո: Այս առնչությամբ ԱՄՆ-ի ժամանակավոր դադարը, թերևս, կարող է բացատրվել նաև այդ երկրում նախագահի ընտրություններով: Իսկ ահա, հակամարտությունը առաջիկա 2 ամսում լուծվելու հնարավորության առնչությամբ Բրայզայի շտապողականությունը կարելի է դիտարկել այն իրողության համատեքստում, որ ԱՄՆ նոր նախագահն իր պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին և չի բացառվում, որ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի հետ Մինսկի խմբում կփոխվեն նաև Նահանգների քաղաքականության ինչ-ինչ երանգներ: Պակաս խոսուն չէ նաև Ստեփանակերտում համանախագահների գտնվելու պահին, նոյեմբերի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման փաստը. ընդ որում, նկատենք` մեկ ամիս էլ չի անցել այն օրից, երբ Ալիևը Մեդվեդևի և Սարգսյանի հետ ստորագրել է մայնդորֆյան հռչակագիրը: Թերևս, միամտություն կլինի հիշյալ միջադեպը Ադրբեջանի դաշտային հրամանատարների եսասիրությանը վերագրելը: Սակայն, այս պահին նաև դժվար է գուշակել` արդյո՞ք եռակողմ համաձայնագրի ծննդյան ակունքներում Ռուսաստանի առկայության փաստի վրա ստվեր նետելու ցանկությունը չի պատճառ հանդիսացել` ադրբեջանական կողմին հրադադարը խախտելուն դրդելը… Ամեն դեպքում, Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը հերթական անգամ բարձրաձայնում է (թեև` ոչ բառացի), որ ղարաբաղյան հակամարտությունն առաջիկա ամիսների ընթացքում չի լուծվելու, ինչպես պնդում են ոմանք: Հակառակը, հակամարտության շուրջ ծավալվող գործընթացները վկայում են, որ աշխարհի հզորներից առնվազն մեկը` Ռուսաստանը, առայժմ հակված չէ վերջակետ դնելու այս խնդրին: Արցախի դեֆակտո այս ստատուս քվոն առայժմ շահավետ է Կրեմլի համար: Այն Մոսկվային հնարավորություն է ընթեռում հնազանդեցնել ևþ Հայաստանին, և° Ադրբեջանին:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ