«Մենք հավատում ենք քեզ»


Եթե նույնիսկ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը այդքան ճանաչված ու սիրված գործիչ չլիներ էլ, միայն Տարոնի նման որդու հայր լինելու համար նրա անունը օրհնանքով էր հիշվելու: Մեր` Ավան համայնքի բնակիչներիս բախտն իսկապես բերել է` Տարոն Մարգարյանի նման թաղապետ ունենալով: Նրա պաշտոնավարման ընթացքում ոչ միայն թաղամասի արտաքին տեսքն է փոխվել, այլև բնակիչներիս հոգեբանությունն ու տրամադրվածությունը: Հիմա մենք իսկապես սիրում ենք մեր բնակավայրը և ներքին մեծ հպարտություն ենք ապրում, երբ Ավան այցելած այլ համայնքների բնակիչները նույնպես հիացմունքով են արտահայտվում Ավանի, Ավան-Առինջի մասին: Անչափ գնահատելի էր նաև մեր երկրի Նախագահի և Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայի ու ՀՀ տարածքային կառավարության գնահատանքը. Տ. Մարգարյանին արժանիորեն շնորհվեց «Անանիա Շիրակացի» մեդալ, իսկ Ավան համայնքը լավագույնը ճանաչվեց 2008 թ. մրցանակաբաշխության շրջանակներում: Ի դեպ` Ավանը նաև 2007-ին էր մայրաքաղաքի լավագույն համայնքը ճանաչվել: Եվ այս պարգևները օրինաչափ են ու օբյեկտիվ: Իսկապես նշանակալի է մեր թաղապետի ավանդը համայնքի զարգացման գործում: Չնայած իր երիտասարդ տարիքին, նա մտահոգ տանտիրոջ հոգածությամբ է բարետես դարձնում մեր մեծ տունը` Ավան համայնքը: Եվ վերջին պարգևների առիթով նույնպես ուզում ենք ասել նրան. - Շնորհակալ ենք, սիրելի Տարոն: Մենք հավատում ենք քեզ ու հավատում ենք նաև, որ արժանապատիվ սկզբունքայնությունը երբեք չի լքի քեզ:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ