Նոր բյուջեի խոչուխութերը


Աշունը ու հատկապես այն շրջանը, երբ Կառավարությունը նոր բյուջեն է ներկայացնում, ծանր ժամանակահատված է գործադիրի ղեկավարի համար: Բյուջեի խորհրդարանական քննարկումների ընթացքում վարչապետը սովորաբար երկու կարևոր խնդիր պետք է լուծի. ընթացիկ տարվա բացերի «սվաղման» ու հաջորդ տարվա անելիքների հիմնավորման: Հեշտ գործ չէ… Ու դրա բարդությունն ու բոլոր դեպքերում հիմնավորումների անլիարժեքությունը ավելի լավ պատկերացնելու համար բավական է միայն հիշել, որ տարբեր վարչապետերի հրաժարականների մասին մշտառկա խոսակցությունները տարբեր տարիների մեկեն արդիականացել են հատկապես աշնանը` բյուջետային քննարկումների ժամանակ: Տիգրան Սարգսյանի պարագայում իրավիճակը փոքր-ինչ ավելի խրթին է: Գործող վարչապետն այս օրերին փորձում է ամփոփել անցնող տարին, որի գերակշիռ մասը թեպետ ինքն է պաշտոնավարել, բայց, ասենք, մեկ տարի առաջ ամենադրական գնահատականների արժանացած բյուջե-2008-ի քննարկումների ժամանակ մտքովն անգամ չէր կարող անցկացնել, որ ճիշտ մեկ տարի հետո, իբրև վարչապետ, ԱԺ ամբիոնին «անմեղ մեղավորի» կարգավիճակով ինքն է մոտենալու: Ու հիմա, իսկ ավելի կոնկրետ բյուջետային քննարկումների մեկնարկից առաջ էլ պարզ էր, որ խորհրդարանականների մեծ մասի ու նոր վարչապետի միջև առաջանալիք «անդունդը» անհաղթահարելի է դառնալու: Պարզ է, որ Տիգրան Սարգսյանի բյուջետային «դասախոսությունները» խորհրդարանականի պատկերացումներում դժվարությամբ են տեղավորվելու: Իսկ դասախոսի դերում վարչապետն ակամա հայտնվեց, քանզի Ազգային ժողովում էլ քչերը գտնվեցին, ովքեր կարողացան գոնե բանիմաց ու հարցասեր ուսանողի նմանվել: Ու արդյունքում, ինչպես ասում են` ունենք այն, ինչն արդեն անխուսափելի է դարձել: Միջազգային ֆինանսական ճգնաժամից, դրա պատճառներից ու հետևանքներից, ինչպես նաև այդ ամենից քաղվելիք դասերից քչերն են գլուխ հանում: Այլ հարց է, որ ճգնաժամի հետևանքներն են անխուսափելիորեն բոլորիս պատուհասելու: Նման մեծամեծ գործերի քննությունն, իհարկե, շարքային քաղաքացիներիս գործը չէ, բայց նաև մեր երկրում չի գտնվի որևէ մեկը, ով լսած չլինի դեռ մինչև վերջերս ամեն րոպե հնչող այն հավաստիացումները, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեզ «լավ աչքով է նայելու» և շրջանցելու է Հայաստանը: Բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, այս դժվարպատկերացնելի ու լավատեսական կանխատեսումն այդպես էլ իրականություն չի դառնալու: Ավելին, նոր տարվա բյուջետային քննարկումներն ուղղակիորեն ապացուցում են, որ առաջիկայում կառավարության գործունեությունն առավելապես հիմնված է լինելու ճգնաժամ կոչվածի տեղական հետևանքները հաղթահարելու տրամաբանութ յան վրա: Ուստիև` նախ արժույթի պակասի մասին խոսենք: Մինչև վերջերս հայտնի էր, որ մասնավոր խողովակներով տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է Հայաստան հասնում: Դոլարի աստիճանական արժեզրկումն այս գումարի գզալի մասն աստիճանաբար փոշիացրեց, ու այս և այլ պատճառներով հենց այսօրվանից արդեն զգալի է դարձել կանխիկ փողի դեֆիցիտը: Հետևաբար, Տ. Սարգսյանը որքան էլ դեռևս Կենտրոնական բանկի նախագահ եղած ժամանակներից հպարտանար, թե դրամի արժևորումը հայրենի տնտեսության մեծագույն նվաճումներից է, այդուհանդերձ դոլարի արժեզրկման հետևանքով տեղի ունեցած թեկուզև անուղղակի, բայց զանգվածային գրպանահատության իրողութ յունն ու դրա անցանկալի հետևանքները դժվար է ժողովրդաշահ համարել: Նույն Տ. Սարգսյանը, ինչպես հիշում ենք, նաև մեր կայացած բանկային համակարգով էր շատ հպարտանում. բայց այսօր 10-20 րոպե կպահանջվի` պարզելու համար, որ կանխիկ փողի պակասը պատուհասել է աննկարագրելիորեն կայացած այս համակարգին ևս: Թեպետ փոքր չէ և հավանականությունը, որ ոչ թե բանկերում փող չկա, այլ ավելի շատ դրա «բացթողումն» է այս շրջանում աննպատակահարմար համարվում: Եվ չնայած հիփոթեքային թե սպառողական վարկերի շուկաների կայացման գործում առաջիկա տարում ևս ջանք ու եռանդ չխնայելու մասին կառավարության նորացված -թարմացված խոստումներին` ակնհայտ է, որ առանց այն էլ 22-24 տոկոսանոց բարձր վարկերի նոր «սակագինը» տարեսկզբից ընդհուպ մինչև 30 տոկոսի սահմանն է հատելու: Իսկ թե նման պայմաններում ինչպես են խթանվելու գործարարության զարգացումն ու մյուս բոլոր բարեհունչ ծրագրերը, որոնց կայացումը մեր չինովնիկների բոլոր ելույթներում խիստ կենսական է համարվում, իսկապես դժվար է պատկերացնել: Պարզ է սակայն, որ չափազանց բարձր տոկոսադրույքները ուղղակիորեն շնչահեղձ են անելու կայացման նախանշաններ ցուցաբերող այս շուկան` վերջնարդյունքում բանկային համակարգը ևս առնվազն այս մասով անգործության դատապարտելով: Բանկային միջոցների անհասանելիությունը, ներմուծվող արտարժույթի արժեզրկումը պետք է որ օրինաչափորեն ապրանքների ու ծառայությունների պահանջարկի նվազեցմանը հանգեցներ, ինչն էլ իր հերթին ընդգծված պետք է դարձներ գնանկումը: Այն է°լ ավելի արտահայտիչ պետք է երևար հատկապես հիմնական ապրանքատեսակների համաշխարհային սակագների պարբերական անկման համապատկերում: Մինչդեռ մեզանում լրիվ հակառակ գործընթացն է ամենալայն ծավալներով շարունակվում: Եվ երբ վարչապետն է խոստովանում, թե. «համաշխարհային ու ներքին շուկաներում ձևավորված գների միջև անհիմն շեղվածության վերացման գործում» կառավարությունը լուրջ անելիքներ ունի, ուրեմն խոսքն այստեղ դարձյալ առանձին ներմուծողների աստղաբաշխական գերշահույթների մասին է: Իսկ թե ինչով է պայմանավորված տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի գործունեության անլիարժե քությունը, սատանան անգամ գլուխ չի հանի… Իսկ եթե ավելի անկեղծ, ապա այս հանձնաժողովի լիազորություններն իրականում բավական սահմանափակ են, և ամենազոր (՞) այս կառույցի համար առանձին օլիգարխների գործունեության ուսումնասիրումը, տակավին անհասանելի է: Մյուս կողմից էլ այն, որ արդեն կառավարությունն է այս հանձնաժողովին «դուխ տալիս», չի բացառվում, որ վերջինիս գործունեությունը գոնե տարեսկզբից ամբողջական դարձնի: Բայց որ հանձնաժողովի գործառույթները մինչև հիմա, ասենք, բենզինի շուկայի վրա կարող են տարածվել, իսկ բրնձի կամ ալյուրի շուկաների վրա` երբեք, դարձյալ այս մակարդակով արհեստական գնաճը զսպելու հույսերն ի չիք է դառնում: Մանավանդ, որ գնաճին հարմարվելը բոլոր դեպքերում է դժվար, և նույնիսկ 5-10 հազար դրամով բարձրանալիք նվազագույն աշխատավարձը և ոչ մի դեպքում աճող-ցատկող գների հետևից չի կարողանալու հասնել: Ու երբ ֆինանսների նախարարն է նշում, թե նոր բյուջեն իշխանության ցանկությունների ու հնարավորությունների ամբողջությունն է, դժվար է դառնում պատկերացնել, թե հայրենի կառավարության ցանկություններն այդքան համեստ են: Այլապես մնում է աղոթել գործադիրի հնարավորությունների մեծացման համար: