«Տարօրինակ, տարօրինա°կ մարդ-արարած»


Իսկապես տարօրինակ դրսևորումներ են արձանագրվում մեր ժամանակներում: Այդպես էլ չավարտվող անցումային փուլի վայրիվերումները, կարծես ինչ-որ ցուցումով, ցեխաբծեր են նետում բոլոր ոլորտներում: Չգիտես, թե ինչպես և չես էլ պատկերացնում ինչի հասած «ոմն» ոմանք առավելապես սրան ու նրան դառնացնելու մոլուցքով են բռնկված: Մեզանում եթե դատապարտելի շատ արարքներ ավելի հաճախ անպատիժ են մնում, ապա «ոչ մի լավ բան անպատիժ չի մնում» մոտեցումը նույնպես պակաս կենսունակ չէ: Այսպես, ճանաչված մտավորական Այդին Մորիկյանը, ով վերջին ամիսներին խմբագրում էր «Ժամանակ Երևան» օրաթերթը, անառողջ մի երեխայի օգնելու վերաբերյալ հայտարարությունը թերթում անվճար տպագրելու համար հարկադրված է եղել թողնել խմբագրի պաշտոնը: Անազատության մեջ գտնվող հիմնադիրը, ասում են, Այդին Մորիկյանի հետ «բազարվել» է` պատանու ծնողներից հավելյալ մի քանի հազար դրամ խմբագրության օգտին չկորզելու համար: Եթե իրոք այդպես է… մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են: Պարզապես հարկ ենք համարում հիշեցնել կամ տեղեկացնել, որ Ա. Մորիկյանի համար նեղյալին օգտակար լինելը հոգու պահանջ է. ճիշտ 20 տարի առաջ` Երկրաշարժից անմիջապես հետո, նա թողեց մայրաքաղաքային հանգիստ կյանքը և Սպիտակ քաղաքում, վրանի տակ «Լուսարձակ» թերթն էր տպագրում` աղետյալներին ու նրանց մասին լրատվություն հասցնելով… «Ժամանակ Երևան»-ի հիմնադիրը, ով, ի դեպ, ճաղերի հետևում է հայտնվել զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով քրեական կեղծարարության համար, ֆինանսական ակնկալիքներ է ունեցել նաև Հայ Ազգային Կոնգրեսից: Եվ սա էլ այն դեպքում, երբ Ա. Բաբաջանյանն իրեն առաջին Նախագահի գաղափարական զինակիցը ու իշխանափոխության մոլի կողմնակից է հռչակել: Փաստորեն, քաղաքական նկրտումներն այստեղ նյութական ակնկալիքներով են զուգորդվում` ուժերի ու հնարավորությունների սահմաններում չցանկանալով կանգ առնել և ոչ մի բարոյական ու մարդկային արժեքի առաջ: «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հանս Բոննի հրաժարականի պատճառների մեջ խորամուխ լինելու անհրաժեշտությունը չկա, թեպետ մի քանի ուշագրավ հարցերի դժվար է չանդրադառնալ: Հայտարարված բարեփոխումների ծրագրերով Երևան եկած ժամանակակից հոլանդացին միգուցե չի՞ հարմարվել այդպես էլ չկայացող հայաստանյան փոստային ծառայության աշխատաոճին` իր անելիքներն այս պայմաններին անհամատեղելի համարելով: Միգուցե Հանս Բոնն իրեն խոպանո՞ւմ է պատկերացրել ու «սեզոնն» ավարտած համարելով` օր առաջ մեկնել է հայրենիք: Սակայն թռչող Հոլանդացու հետ կապված պատմության հետևյալ ստույգ դրվագն առանձնակի ուշադրության է արժանի. օտարերկրացու հրաժարականից հետո հայտնի է դարձել, որ նա կարճ ժամանակահատվածում երկու անգամ դաժան ծեծի է ենթարկվել: Ինչպես հաճախ, այնպես էլ այս դեպքում ոչ միայն հետաքննություն չի սկսվել, այլ հայրենի ոստիկանությունը զլացել է անգամ կատարվածն արձանագրել: Ու հիմա, եթե պնդենք, որ հատկապես երկրորդ անգամ տհաճ միջադեպի հերոս դարձած օտարերկրացին մեր երկրի իրավապահներից հիասթափված է հեռանալու, ընդամենը ակնհայտ ճշմարտությունը հաստատած կլինենք: Ամենակարևորներից մեկը համարվող` կապի ոլորտի բազմաֆունկցիոնալ այս կառույցն էլ օտարերկրացու հանձնվեց լիակատար քաքայումը կանխելու, այն զարգացման, բարգավաճման ճանապարհով տանելու անմոռաց խոստումների ուղեկցությամբ: Բայց անցնող շրջանում, ասենք` թերթերի ու ամսագրերի տարածման ու բաժանորդագրության մասով, համակարգում ոչինչ էլ չի փոխվել: Ասել է թե «Հայփոստն» իր գործառույթները շարունակել է վատ իրականացնել: Իսկ հոլանդացու տնօրինության շրջանում էլ անփոփոխ մնացած իրավիճակն արդեն իսկ հուշում է, որ ինչպես նախկինում, այսօր էլ եթե այս կառույցի գործունեությունը մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվի, ապա նոր չարաշահումներ հայտնաբերելու հավանականությունը դարձյալ կարող է մեծ լինել: