Ի՞նչ է ուտում ժամանակակից մարդը 



Այս մասին 6 հետաքրքիր փաստեր է հրապարակել vesti.ru-ն` նախևառաջ ընդգծելով, որ այսօր մարդիկ անհամեմատ ավելի շատ են ուտում, քան իրենց նախնիները: Վերջին 50 տարում յուրաքանչյուր անձին հասանելի կալորիաների քանակն աճել է 28 %-ով: Սակայն մինչ օրս էլ օգտագործվող սննդի քանակի առումով էական տարբերություններ կան զանազան երկրներում: Օրինակ, Հնդկաստանում ավելի քիչ են միս ուտում, քան մյուս պետություններում: Ամերիկացիները բոլորից շատ են շաքար ու ճարպ օգտագործում: Իսկ միջին վիճակագրական չինացին հիմա երկու անգամ ավելի սնունդ է ընդունում, քան 1961 թվականին:

 

Անդրադառնանք փաստերին.

1. Կալորիաների 37%-ն ամերիկացիները կլանում են շաքարից ու յուղից:

2011 թ. Միացյալ Նահանգներում մեկ մարդու սննդի օրաբաժինը միջին հաշվով կազմել է մոտավորապես 3641 կալորիա (իհարկե` հաշվարկված է սննդի ողջ ռեսուրսը, սակայն այդ ամբողջը չի կերվել. դրա մի մասը դեն է նետվել): Վերը նշյալ 37 %-ը գրեթե 2 անգամ ավելի է աշխարհում օգտագործվող շաքարի ու յուղի միջին քանակից: Համեմատության համար նշենք, որ օրինակ Չինաստանում այդ մթերքներից մարդիկ ընդամենը 11 % կալորիա են ստանում: Միայն բուսական յուղերը (որոնք վերջին 50 տարում կտրուկ ավելացել են ամերիկացիների սննդակարգում) 19 % կալորիա են ավելացնում կերակուրների մեջ:

2. Չինացիները, միջին հաշվով, ավելի շատ միս են ուտում, քան ամերիկացիները: Նույն` 2011 թ. 1 չինացու սննդապաշարի քանակը կազմել է միջին հաշվով 3073 կալորիա: Դա երկու անգամ ավելի է, քան 50 տարի առաջ էր: Միջին վիճակագրական չինաստանցին երկու անգամ ավելի բանջարեղեն ու միրգ, նաև ավելի շատ միս է ուտում, քան` ամերիկացին: Փոխարենը նույն չինացին ավելի քիչ կաթնամթերք, շաքար ու ճարպ է օգտագործում:

3. Ցորենն ու բրինձը տալիս են 37 % կալորիա: 2011 թ. աշխարհում մեկ մարդու հաշվով օրական սննդային պաշարները կազմում էին 2870 կալորիա` ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության տվյալներով: Այդ պաշարների պարունակությունը հետևյալն է.

- հացաբույսեր` 45 %,

- շաքար և ճարպ` 20 %,

- միս` 9 %,

- կաթնամթերքներ և ձու` 8 %

- բանջարեղեն և մրգեր` 11 %:

Ցորենն ու բրինձն աշխարհում ամենակարևոր հացահատիկային մշակաբույսերն են, որոնք ապահովում են բոլոր կալորիաների 37 տոկոսը: Սակայն տարբեր երկրներում տարբեր է դրանց օգտագործման չափը: Եթե օրինակ Ամերիկայում բրնձի օգտագործումն ապահովում է ընդամենը 2 տոկոս, ապա Ճապոնիայում մարդիկ դրանով ստանում են 21 % կալորիա:

4. Հնդիկների օրաբաժնում շատ քիչ է միսը: Նախկինի նման Հնդկաստանն ավելի աղքատ երկիր է, քան Չինաստանը: Մեկ մարդու հաշվով սննդի օրաբաժինն այստեղ կազմում է 2458 կալորիա: Պատմականորեն այս երկրում մսի օգտագործման ծավալները միշտ փոքր են եղել` մշակութային ու կրոնական պատճառներով: Դիցուք, ջայնիզմի հետևորդներն, ինչպես նաև հինդուիստների որոշ խմբերի ներկայացուցիչները միս չեն օգտագործում, իսկ Հնդկաստանի բնակչության 31 %-ը բուսակեր է:

Այսուհանդերձ, վիճակագրությունը փաստում է, որ ներկայումս միջին վիճակագրական հնդիկն ավելի շատ միս է օգտագործում, քան երբևէ պատմության ընթացքում: Ի դեպ, այնտեղ հատկապես ակտիվացել է հավաբուծությունը:

5. Աշխարհում ավելանում է մսի օգտագործումը: 1961 թ. մեկ մարդու հաշվով օրական օգտագործվել է 93 գրամ միս: 2011-ին այդ ցուցիչը կազմել է 171 գրամ: Ընդ որում, աճել է հատկապես թռչնամսի և ծովամթերքների պահանջարկը, իսկ տավարի մսի օգտագործման ծավալները գրեթե չեն փոխվել:

Բնականաբար` տարբեր երկրներում տարբեր են և չափաբաժինները: ԱՄՆ-ում մսի օգտագործման ծավալն իր առավելագույնին է հասել 2004 թվականին, որից հետո այն նվազում է արձանագրել: Ամերիկացիները հիմա ավելի շատ հավի և ավելի քիչ տավարի միս են գործածում:

6. Ռուսաստանցիներն ավելի քիչ են միս ուտում, քան բրազիլացիները կամ արգենտինացիները: Խորհրդային Միության փլուզումը հանգեցրեց կալորիական սննդամթերքի ընդունման նվազեցման. 1990-1992 թթ. այդ ցուցիչն իջավ 13 %-ով: Մեկ մարդու հաշվով 42 տոկոսով կրճատվեց նաև կաթնամթերքի օրական ծավալը:

Այսօր ռուսաստանաբնակի օրաբաժնի հիմնական բաղկացուցիչը մրգերն ու բանջարեղենն են (մեկ մարդու հաշվով` օրական 783 գրամ), ինչպես նաև` կաթնամթերքն ու ձուն (մեկ մարդուն` օրական 538 գրամ): Հավելումն` 258 գրամ միս` դարձյալ օրական 1 մարդու հաշվով: Իսկ 1 բրազիլացին օրական օգտագործում է 290, արգենտինացին` 309 գրամ միս: