ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 34-46-ում) - Տատիկ, այդ զինվորական տերմինաբանությունը որտեղի՞ց...,- ծիծաղելով հարցրեց Լենան: - Մոռացե՞լ ես, որ զինվորականի կին եմ եղել... - Տատիկ, իսկ հայե՞րն էլ են կրունկի տակ մտնում... - Բոլորը, բոլոր ժամանակներում, խելոք կնոջ մոտ բոլորը, դա իրենք` տղամարդիկ էլ են խոստովանում... - Այդ ե՞րբ... - Դե, վերցրու հին աշխարհի լեգենդները. հրեաների մոտ` Դալիդան էր, որ կործանեց անհաղթ Սամսոնին, հույների մոտ անվանակիցդ` Ելենան, քեֆ էր քաշում Սպարտայի արքայի հետ, հետո հայտնվեց գեղեցիկ Պարիսը, նա լքեց ամուսնուն ու փախավ Պարիսի հետ Տրոյա, ձեռքի հետ էլ տարավ արքայի գանձարանը: Դա, իհարկե, պատերազմի հանգեցրեց, բայց իրե՞ն ինչ, նա Պարիսի սերն էր վայելում, և երբ հույները հաղթեցին ու Տրոյան կործանեցին, նա վերադարձավ ամուսնու մոտ, այս անգամ հետը տանելով Տրոյայի գանձերը, ու մինչև կյանքի վերջը քեֆ քաշեց... - Վերջ, բավական է, տատիկ, փառք Աստծո, որ դու պատմաբան չես, պատկերացնում եմ, թե ինչ ժխոր կսկսվեր պատմաբանների գիտական հավաքներում, եթե այս ոճով ելույթ ունենայիր,- ծիծաղեց Լենան, հետո անմեղ տեսքով հարցրեց,- տատիկ, իսկ մայրիկը իմ տարիքում երկրպագուներ շա՞տ ուներ... - Շատ, մայրիկդ լավիկն էր... - Տատիկ, նրանց մեջ մի հայ կար... Լենան ոչ թե տեսավ, այլ զգաց, թե ինչպես լարվեց տատիկը: - Թոռնիկս, նրանք այնքան շատ էին, ո՞ր մեկին հիշեմ... - Դրան պիտի հիշես, նա առանձնահատուկ էր... - Այդ ինչու՞ էր նա առանձնահատուկ: - Նա իմ հայրն է: Տատիկը ցնցվեց ու գրգռված հարցրեց. - Ո՞վ է այդ հիմարությունը գլուխդ լցրել... - Մայրիկը... - Մայրի՞կը, - թերահավատորեն հարցրեց տատիկը: - Անդրեյի հետ կապված այդ պատմությունը շատ էր զայրացրել Իգորին, մայրիկի հետ վիճելիս նա ասաց, որ չնայած նրա ջանքերին, ես դարձա հորս պես բռի ասիացի, կիսագրագետ հայ վիժվածք, կարծես թե նա այդպես անվանեց նրան: Հետո հարցրի մայրիկին, դե նա էլ այնքան լավ բաներ պատմեց նրա մասին... այնպես որ չգիտեմ ես պիտի ամաչե՞մ, թե... - Իգորը միշտ էլ անտաշ է եղել, չէ, թոռնիկս, նա ոչ բռի էր, ոչ էլ վիժվածք, այլ կրթված ու շատ համակրելի երիտասարդ էր: - Տատիկ, այդ դեպքում նա ինչո՞ւ լքեց մայրիկին... - Չգիտեմ, բայց դու արդեն մեծ աղջիկ ես ու պիտի հասկանաս, որ տարածությունն ու ժամանակը սիրո ամենամեծ թշնամին են: Տարվա մեջ երկու, երեք կարճատև հանդիպում, իրարից 1000 կմ հեռու, կարծում ես այդպես սեր կդիմանա՞... - Հա, երևի դու ճիշտ ես, մայրիկը ասում էր, որ խզումը սկսել էր իր երրորդ ծննդյան օրը, երբ նա Կիև էր եկել ու անգամ տուն չէր մտել: - Մայրդ սխալվում է, նա չգիտի այն, ինչ ես գիտեմ, այդ օրը նա ապացուցեց, որ մորդ իր կյանքից ավելի շատ է սիրում... - Այդ ինչպե՞ս... - Մայրդ մի երկրպագու ուներ` Պյոտրը, պապիկիդ ընկերոջ որդին էր, ծառայում էր պետանվտանգությունում: Մորդ ծննդից մոտ մեկ ամիս առաջ նա եկավ ինձ մոտ, խնդրեց, որ ասածները խանդի դրսևորում չհամարեմ, որ դա շատ կարևոր է, ու այդ մասին ոչ ոք չպիտի իմանա: Մի խոսքով, խնդրեց, որ Ռիտային ոչինչ չասելով` նրան լուր ուղարկեմ, որ Հայաստանից դուրս չգա: Այդ օրերին նրանց մոտ կռիվները նոր-նոր էին սկսվում, և թե° ադրբեջանցիները, թե° հայերը ամենուր զենք էին գնում ու տանում: Դրանում ակտիվորեն ներգրավված էր նաև նա: Մոտ մեկ ամիս առաջ նրան Ռուսաստանում քիչ էր մնացել ձերբակալեին, բայց նա կարողացել էր դուրս պրծնել: Հայաստանում քաոս էր, փաստորեն նրան ձերբակալել չէին կարող, իսկ Հայաստանից դուրս անպայման կձերբակալեին ու եթե նրան Կիևում ձերբակալեին, հարցաքնությունների ժամանակ Ռիտայի անունն էլ դուրս կգար, իսկ դա... - Պարզ է, - անհամբեր նրան ընդհատեց Լենան,- հետո... - Դե, ես գիտեի, թե ինչպես է նրա գալուն սպասում Ռիտան, հաշվում է ժամերն ու րոպեները: Նա ցանկանում էր նրա հետ արդեն ամուսնության մասին խոսել ու հանկարծ` այդպիսի լուր... կարճ ասած, Պյոտրի թելադրմամբ մի երկտող գրեցի, որ այսպես-այնպես, Կիև մի արի` քեզ այստեղ կձերբակալեն, նրա խորհրդով նամակն ուղարկելու համար մեկնեցի Լենինգրադ ու այնտեղից ուղարկեցի: Տասն օր հետո Երևանից հեռագիր ստացա: Գրել էր ընդամենը մեկ բառ` շնորհակալություն: Դե, հիմա պատկերացրու իմ զարմանքը, երբ երեկոյան գնացի Ռիտայի մոտ ու տեսա նրան արտասվելիս: Պարզվեց, որ նա այնուամենայնիվ եկել էր Կիև, բայց չէր մնացել, անգամ ներս չէր մտել... հաջորդ օրն ինձ մոտ եկավ կատաղած Պյոտրը ու երբ իմացավ, որ նա Ռիտայի մոտ է եղել, քիչ մնաց կաթվածահար լիներ... (Շարունակելի)