Կարեն ԳԻԼՈՅԱՆ Մարզական մեկնաբան Կյանքը պայքար է, ամեն ինչի համար պետք է պայքարել...


Հայ մարզիկների հաջողությունների, կերտած փայլուն հաղթանակների ներշնչած հպարտությունը, բերկրանքն ու հույզերն այնքան իրական ու կենդանի են դառնում, երբ դրանք լսարանին է փոխանցում մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Կիսելով մարզիկների ապրումները թե° հիասթափության ծանր, թե° հաղթանակի հրճվալից պահերին` նա կարողանում է իրեն համակած հույզերով վարակել լսարանին` անմասն չթողնելով մարզաշխարհի իրադարձությունների անկանխատեսելի զարգացումներից: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Սեփական ուժերի նկատմամբ հավատի ձեռքբերումը, ինքնահաստատումը, արևի տակ տեղ նվաճելը: Կյանքը պայքար է, ամեն ինչի համար պետք է պայքարել: Ամենակարևորն այն է, որ մարդը հավատա իր ուժերին, իր ապագային: Ոչ թե ասի, որ հավատում է, այլ զգա այդ հավատը ներքուստ: Այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ: - Երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ ու չեմ էլ ուզում մտածել: Ես հայ եմ ծնվել և դրա համար հպարտ եմ ու երջանիկ: Դա մեծ պատիվ է: Ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ, իսկ փոքր ազգերի ներկայացուցիչները` կրկնակի պատասխանատվությամբ վերաբերվեն ազգին առնչվող հարցերին և յուրաքանչյուր քայլ անելուց առաջ կշռադատեն: Բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ ունեն թե° լավ, թե° վատ կողմեր, թե° առավելություններ, թե° թերություններ: Բայց ընդհանուր առմամբ, մենք աշխատասեր, տաղանդավոր, կյանքի նկատմամբ հավատով լեցուն և պայքարից չվախեցող ժողովուրդ ենք: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Գաղտնիքներն ընդհանրապես չեն բացահայտում: Այն հետաքրքիր է հենց նրանով, որ գաղտնիք է: Այդքան շատ գաղտնիքներ չունեմ, բայց մարդ եմ: Որպես կանոն, շրջապատում ամեն ինչ շատ արագ իմանում են: Որոշ բաներ կան, որ կարելի է գաղտնիք համարել, բայց դրանց մասին չեմ ուզում բարձրաձայնել: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Սերը, կյանքը, տիեզերքը, մարդը` իր էությամբ և շատ այլ բաներ: Այնքան շատ են առեղծվածները, որ որևէ մեկն առանձնացնել դժվարանում են: Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը: - Յուրաքանչյուր իրադարձություն հետաքրքիր է տվյալ պահին, տվյալ իրավիճակում: Շատ դեպքեր տվյալ պահին զավեշտալի են թվում, իսկ հետո, երբ փորձում ես վերարտադրել, հասկանում ես, որ կորցրել են իրենց հմայքը: Առհասարակ, զավեշտալի դեպքերի մասին չեմ սիրում խոսել: - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ: - Առանց հիշողությունների և անցյալի մարդը չի կարող ապրել: Իհարկե, պետք չէ անցյալով ապրել, բայց գոնե պետք է հիշել` հաջողություններով ուրախանալու, սխալները ուղղելու համար: Շատ դեպքեր կան, որ հիշում եմ և ապրում դրանք նորովի: Փոքր էի, ծով էինք գնացել: Ափից 50-60 մ հեռավորության վրա ալիքները ջարդող պատնեշներ կային: Երբ ալիքներից ու տարածությունից չվախենալով` հասա պատնեշին, հրճվանքը պարուրեց ինձ: Միշտ հիշում եմ: Դա իմ առաջին գիտակցական հաղթանակն էր: Այդ օրը հասկացա, որ ամեն ինչ հնարավոր է հաղթահարել:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ