Հիմա « Завтро, или после завтро Завтро, или после завтро » «Արփի լիճ. ազգային պարկ»ի որդիսականը


Դեռ 2007ին մեկնարկած «Արփի լիճ. ազգային պարկ» հիմնելու ծրագիրը նախատեսված էր ավարտին հասցնել 2010ին: Սակայն նախագիծն անկատար մուտք գործեց ոչ միայն 2011 թվականին, այլև, պատասխանատուների խոսքով, չի բացառվում, իսկ իրականում արդեն ակնհայտ է, որ երկարաձգվում է. լավագույն դեպքում, թերևս` մինչև 2012: Շիրակի մարզում գտնվող Արփի լճի շրջակայքն ազգային պարկի վերածելու ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների համագործակցությամբ: Մասնագետների գնահատմամբ` Արփին իրեն հարող տարածքներով, զբոսաշրջային կենտրոնի վերածելու ամենահարմար վայրերից է: Ծրագրով նախատեսված է նաև տարածքն արգելոցի վերածել, քանզի այնտեղ կան հազվագյուտ թռչնատեսակներ, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Նախագիծը ենթադրում է և «էկոգյուղ» ստեղծել: Ըստ հեղինակների` լճին հարակից շրջաններից մեկում հիմնվելու են համապատասխան արտադրամասեր, որոնք սպառողներին ներկայացնելու են էկոլոգիապես բացարձակ մաքուր գյուղմթերքներ: Գաղափարն իրականացնելու առաջին քայլը սահմանված վայրում անասունների սպանդանոցներ կառուցելն ու մշակաբույսերի ջերմոցներ հիմնելն է: «Էկոգյուղում» բարեկարգվելու են նաև տներն ու տնամերձերը` զբոսաշրջության համար վայրն առավել ներկայացնելի դարձնելու նպատակով: Ծրագիրն ուրիշ շատ այլ ձեռնարկումներ է ամփոփում, սակայն թե ե՞րբ են դրանք կյանքի կոչվելու` մի տեսակ հռետորական հարցադրում է հիշեցնում: Հայաստանում գերմանական կողմի ներկայացուցիչ` «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ» կազմակերպության նախագահ Կարեն Մանվելյանի ներկայացմամբ` ծրագրի իրականացման ձգտման հիմնական պատճառը Գերմանիայի գործընկերների` մերոնց յուրաքանչյուր քայլը վերահսկելու «հետևողականությունն» է: - Դա ժամանակատար է, բայց և հասկանալի, նշում է Կ. Մանվելյանը, քանզի ֆինանսավորողներն ի վերջո նրանք են: Վերջինիս հավաստմամբ` տեղում ինչինչ աշխատանքներ դանդաղում են նաև բնակլիմայական խիստ պայմանների պատճառով: Կարծես ամեն ինչի համար բացատրություն գտնվում է, բայց, այդուհանդերձ, անհասկանալի է մնում գլխավորը. մի՞թե միջպետական այս կարգի ծրագիրը կազմելուց ու ժամկետներ սահմանելուց առաջ հաշվի չեն առնվել տեղի կլիմայական առանձնահատկությունները, կամ` դոնործրագիր իրականացնող փոխգործակցության տրամաբանական կարգը: Դե իհարկե, ամեն ինչ կանխավ հաշվարկված եղել է. հավանաբար բուն խնդիրն էլ այն է, որ հաշվարկները պահանջվածից դեռ մի բան էլ ավելին են եղել… Ի դեպ, իմիջիայլոց նշենք, որ ծրագրի բյուջեն շուրջ 2 մլն դոլար է կազմում… Այս ամենից միայն կարելի է դատել, որ մեր Հայաստանի բարգավաճման ջանքերը տխուր կավարտվեն, եթե զբոսաշրջային ու արգելոցային վայրերը սառնաշունչ տարածքներում հիմնվելու լինեն: Կամ էլ, ասենք, ֆինանսավորողները որոշեն վերահսկել` անգամ ձեռնարկումը ձգձգելու պայմանով` այս կերպ իրենց գումարների տնօրինման ընթացքը: Արփի լիճազգային պարկ ստեղծելու 2010, 2011 կամ էլ 2010 վերջնաժամկետները, ըստ երևույթին քիչ են տարբերվում մեր եղբայր ռուսների հայտնի` «զավտրը, իլի պոսլե զավտրը» «սպառիչ» պատասխանից: Իսկ Հայաստանի բարօրությանը հավատացողներին մնում է հուսալ, որ այդ «զավտրն» մի օր էլ իսկապես կգա:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ