ՀՈԳՍԸ ՄԵ°ՐՆ Է


Տոնական շաբաթներն ու ամանորյա տրամադրություններն արդեն մոռացության են մատնվում: Մոլորակը շարունակում է ապրել այն նույն հոգսերով, որոնք նախքան տոներն ու նախորդ տարվա ընթացքում համակել էին ամենքին: Հոռետեսության ճահճից, իհարկե, ամեն կերպ պետք է խուսափել: Սակայն մյուս կողմից էլ` «Ինչպիսի՞ն կլինի ընթացիկ տարին» հարցին պատասխան որոնելիս ստիպված ենք առաջնորդվել նախորդ տարվա զարգացումների տրամաբանությամբ: Ստիպված ենք` քանի որ այլ ելակետ, քան դեպքերի ու իրադարձությունների նախորդող շրջանի ընթացքն է, այս պարագայում դժվար է ընտրել: Ուստիև մոլորակի ցանկացած բնակչի, այդ թվում և շարքային հայաստանցու համար օրակարգային բազմաթիվ հարցերից առաջինների շարքում շարունակելու է հացի խնդիրը մնալ: Ընդ որում, նախորդ տարվա ընթացքում այս խնդիրը որոշակի ու բավական հետաքրքիր ձևափոխումների (եթե չասենք` ձևախեղումների) ենթարկվեց: Ուշագրավ է, որ եթե մինչ այդ ամենաընդգրկուն իմաստով հաց ձեռք բերելու դժվարությունն էր միայն հուզում մարդկանց, ապա նախորդ ամիսների ցորենային ճգնաժամով հացի գոյության խնդիրն ընդհանրապես հրատապությամբ գերազանցեց նախկին մտահոգությունները: Կարճ ասած, երաշտի հետևանքները ոչ միայն անցյալ տարվա ամենաքննարկված, այլ նաև ամենախրթին իրադարձություններից մեկը դարձան: Ի՞նչ դասեր քաղեց մեր երկիրը բնության քմահաճույքներից` առայժմ դժվար է ասել: Ի վերջո, դեռևս միայն օրացուցային տարին է սկսվել, ու առնվազն ամիսներ անց` գոնե գյուղատնտեսական տարվա միջնամասում պարզ կդառնա, թե հացահատիկային անակնկալ ճգնաժամի առթիվ «եթե… ապա…» մեղայական ձևակերպումներով ավելի շահեկան իրավիճակներ երազող կառույցներն ի՞նչ են նախատեսել` քմահաճ տարերքի վայրիվերումները հնարավորինս մեղմորեն դիմագրավելու առումով: Գյուղնախարարի «նորացումը», իհարկե, սոսկ խնդրի արտաքին կողմը կարող է ապահովել, ու եթե տեղի ունեցածի տրամաբանության հիմքում միայն աղոտ թվացող հույսը լինի` թե ընդամենը տվյալ պաշտոնյայի փոփոխությունն ամեն ինչ հունի մեջ կգցի, ուրեմն հուսավառվելն անիմաստ է նաև այս տարի: Ի վերջո, երաշտն այնպիսի ապտակ է հասցրել գյուղոլորտին, որ մեկեն խիստ զգոն չդառնալը տվյալ դեպքում պարզապես աններելի է ու անկարելի: Ու չարժե նաև աշխարհում տեղի ունեցող նույնանման գործընթացներին հետևելով` հենց այնպես… ինքնամխիթարվել: Հեռուստաէկրաններին սահող կադրերը որքան էլ համոզիչ լինեն, միևնույն է, յուրաքանչյուրի հոգսը հատկապես (և բացառապես) իրենն է ու, հետևաբար, առաջին հերթին ի°ր լուծելիքը: